Սահմանին տիրող իրավիճակն այս պահին. ԹԱՐՄԱՑՎՈՂ - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/28/2020

Սահմանին տիրող իրավիճակն այս պահին. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մարտերը շարունակվում են:

23:53- Հրապարակվեցին Արցախում մեր զոհերի անունները

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները

Վարդանյան Լեռնիկ Արեգի, ծնվ.1978թ.

Մինասյան Գյորգի Լյովայի, ծնվ.1979թ.

Խաչատրյան Հովիկ Լյովայի, ծնվ.1990թ.

Մնացականյան Աշոտ Կոլյայի, ծնվ. 1979թ.

Հարությունյան Ագսեն Անդրանիկի, ծնվ. 1997թ.

Արզումանյան Հասմիկ Սմբատի, ծնվ. 1985թ.

Մարդիյան Արսեն Գարիկի, ծնվ. 1999թ.

Գալստյան Ռուբեն Մնացականի, ծնվ. 2000թ.

Թորոսյան Դավիթ Մխիթարի, ծնվ. 2001թ.

Ֆիլիպոսյան Տարոն Հրայրի, ծնվ. 2000թ.

Գրիգորյան Մայիս Մակարի, ծնվ. 2001թ.

Խլղաթյան Գառնիկ Էդգարի, ծնվ. 2001թ.

Սահակյան Էրիկ Սմբատի, ծնվ. 2001թ.

Մարգարյան Կարեն Վահրամի, ծնվ. 2000թ.

Օհանյան Դավիթ Էդվարդի, ծնվ. 2000թ.

Բարսեղյան Վրեժ Արսենի, ծնվ. 2001թ.»:

22:54- Առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա. Արշրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուռաաաաաաաաա
ՊԲ ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ ՀՄՄ-3»:

22:28- Ինչ կորուստներ ունի Ադրբեջանի զինուժը այս պահին

ՊԲ համապատասխան ծառայությունների հավաստի տվյալների համաձայն՝ այս պահին Ադրբեջանի զինուժի կորուստները կազմում են՝
- 5 ուղղաթիռ,
- 27 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ հարվածային,
- 13 տանկ և հետևակի մարտական մեքենա,
- 2 ինժեներական զրահատեխնիկա:

22:23-Ունենք կորցրած դիրքեր. Արայիկ Հարությունյան

«Այո, ունենք կորցրած դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային թևում, ունենք տասնյակ զոհեր, ուզում եմ ցավակցել մեր բոլոր հայրենակիցներին, ունենք տասնյակ վիրավորներ, ունենք վիրավորներ քաղաքացինական բնակչության շրջանում, առաջին զոհն ունեցել ենք առավոտյան Մարտունիում տատ և թոռ:Կարծես թե, ձեռագիրը նույնն է, ինչպես ապրիլյանի ժամանակ, բայց մասշտաբները անհամեմատելի` ամբողջ երկայնքով մեկ»,-ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանը հայտարարեց, որ մեզ հետ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլև Թուրքիան. «Օգտագործում են թուրքկան բանակում եղած հիմնական ժամանակակից զենքներն ու զինամթերքները:Ուզում եմ սա հայտարարություն լինի համայն աշխարհին, որ Արցախի հետ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլ Թուրքիան` օգտագործելով վարձկանների, այլ երկրներից կամավորականների: Արցախը կռվում է միայն Արցախի ՊԲ-ի ուժերով, իհարկե կլինեն միայն կամավորներ ՀՀ-ից: Արցախում արդեն սկսված է համատարած մոբիլիզացիա: Ուզում եմ նաև նշել, որ Պաշտպանության բանակը պատվով կատարում է իր առջև դրված խնդիրը: Եվ այն հարցերը, թե դիրք կորցրել ենք, թե ոչ, կարող է նաև կորցնենք, դիրքեր գրավելու ենք հաստատ: Ուզում եմ հայտարարել, որ պատերազմի արդյունքները կոնկրետ մեզ համար կանխատեսելի են: Այն ծրագիրը, որն ունի թշնամին, ձախողվելու է: Ունեն հարյուրավոր կորուստներ: Ունենք տեղեկություններ թուրքական ուղղաթիռի խոցման մասին, բայց այս փաստը հաստատված չէ վերջնական: Հիմնականում օգտագործում են թուրքական ԱԹՍ-ներ, որոնցով հպարտանում էր Թուրքիան վերջին ամիսներին»։

22:14- Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին

Ըստ հետախուզության տվյալիների' Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ Ճշտված տեղեկություններով գրոհայինների շարքում կա 81 զոհ։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

21:46 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նետ

ՀՀ վարչապետը հայտնել է, որ Ադրբեջանն այսօր ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Նա խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և դրա հետագա սրմամբ:

Մասնավորպես ընդգծվել է, որ Ադրբեջանը դիմում է սադրանքների Հայաստանի Հանրապետության հետ պետական սահմանի ուղղությամբ ևս ռազմական գործողություններ սկսելու համար: ՀՀ վարչապետը զրուցակցի ուշադրությունն առանձնակի հրավիրել է Թուրքիայի խիստ կողմնակալ և ագրեսիվ դիրքորոշման և այդ երկրի հնարավոր միջամտությունը կասեցնելու անհրաժեշտության վրա:

Նախագահ Մակրոնը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և անթույլատրելի համարել լարվածության հետագա խորացումը: Նա անհրաժեշտ է համարել ձեռնարկել բոլոր միջոցները ռազմական գործողությունները դադարեցնելու և լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ: Նա նաև կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի ակտիվացումը տարածաշրջանում խաղաղություն վերահաստատելու համար:

21:41- Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին ադրբեջանական բանակի վերահսկողության տակ լինելու մասին լուրը իրականությանը չի համապատասխանում. խոսնակ

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է առել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին, իրականությանը չի համապատասխանում»:

21:12- Հակառակորդն ունի 200 մարդկային, 3 տասնյակ զինտեխնիկայի և 2 տասնյակ ԱԹՍ-ների կորուստ. Հովհաննիսյան

«Մի քանի ժամ առաջ ՊԲ բանակի հրամանատարը ներկայացրեց ընդհանուր իրավիճակը օպերատիվ: Նշվեց, որ մարտական գործողությունները հիմնականում ընթանում են Արցախի հյուսիս և հարավ ուղղություններով: Մարտերը դեռ շարունակվում են: Ճշտված տեղեկություններով պետք է նշենք, որ հակառակորդն ունի զգալի կորուստներ, մոտ 200 մարդկային կորուստ, 3 տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ և 2 տասնյակին մոտ ԱԹՍ-ներ և այլ սարքավորումներ»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ մեր զոհերի մասին արդեն նշվել է և ՊԲ-ն շուտով կհրապարակի նրանց տվյալները.«Մոտ 100 վիրավորներից, որոնք կրել է հայկական բանակը, 10 զինծառայող տեխափոխվել է Երևան, ստացել համապատասխան բուժօգնություն, մնացածի վիճակն ավելի թեթև է գտնվում են տարբել հոսպիտալներում:Իրավիճակը, ըստ էության , շարունակում է մնալ նույնը»։

20:40-Ադրբեջանը հայտնել է վիրավորված 19 խաղաղ բնակիչների մասին

Ադրբեջանի քաղաքացիական բնակչության շրջանում հայկական կողմի գնդակոծության հետևանքով վիրավորների թիվը հասել է 19-ի։ Այս մասին կիրակի հայտնել է Հանրապետության Գլխավոր դատախազությունը, փոխանցում է ТАСС-ը:

«Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածների թիվը ներկայումս կազմում է 19 մարդ։ Նրանք բոլորը հոսպիտալացվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր 14 վիրավորների մասին։

20:22-Պուտինը Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել ձեռնարկել բոլոր քայլերը ԼՂ-ում առճակատման սրացում թույլ չտալու համար

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Կրեմլից հաղորդել են, որ երկու պետությունների ղեկավարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը կոչ է արել ձեռնարկել բոլոր քայլերը ԼՂ-ում առճակատման սրացումը թույլ չտալու համար:

«Քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը: Ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնել՝ կապված լայնամասշտաբ ռազմական բախումների վերականգնման հետ: Ընդգծվել է, որ այժմ կարևոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը, որպեսզի թույլ չտրվի դիմակայության հետագա սրումը, և կարևորը՝ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասվում է Կրեմլի մամլուլի հաղորդագրությունում:

19:58-Մի քանի րոպե առաջ նորից ԱԹՍ խոցեցին մերոնք. Արծրուն Հովհաննիսյան

19:50-ԱԺ-ն վաղն արտահերթ նիստ կգումարի

ArmDaily.am-ի տեղեկություններով վաղը ԱԺ արտահերթ նիստ տեղի կունենա: Նիստի ընթացքում ԱԺ 3 ֆրակցիաները համատեղ հայտարարությամբ հանդես կգան՝ ադրբեջանական գործողությունների վերաբերյալ:

19:37-Ադրբեջանցի հաքերները կոտրել են հայկական մի շարք կայքեր

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր վաղ առավոտվանից լարված իրացվիճակ է հայ-ադրբեջանական, հայ-արցախյան սահմաններին: Ադրբեջանական կողմը բացի սահմանային գոտուց կրակ է արձակել խաղաղ բնակչության վրա: Բացի դրանից ադրբեջանցի հաքերիների կողմից կոտրվել են հայկական մի շարք կայքեր, որոնցից են՝ armtimes.com-ը, 1in.am-ը, news.am-ը, hetq.am-ը, mamul.am-ը:

19:06-Ավելի քան 50 բնակավայր թիրախի տակ է եղել, բոլոր շրջկենտրոնները անխտիր կերպով հարվածի տակ են եղել. Արցախի ՄԻՊ

Քաղաքացիների շրջանում այս պահին հաստատված երկու զոհ կա, իսկ վիրավորների առումով թվերը դեռ ճշտվում են, բայց տասնյակ վիրավորներ են: Այս մասին այսօր Արցախի տեղեկատվական շտաբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Այս պահին նախնական տվյալներով 30-ից ավելի վիրավոր քաղաքացիական բնակչության շրջանում կա, բայց կարծում եմ թիվը անընդհատ մեծանալու է: Մեր նախնական տեղեկությամբ ավելի քան 50 բնակավայր թիրախի տակ է եղել ադրբեջանական հրետակոծությունների և ԱԹՍ-երի հարվածների ժամանակ և այդ բնակավայրերի մեջ ներառյալ բոլոր քաղաքները, խոշոր բնակավայրերը, Ստեփանակերտը, Շուշին, Մարտունին, Ասկերանը, Մարտակերտը, Հադրութը, Բերձորը, Քարվաճառը, այսինքն բոլոր շրջկենտրոնները անխտիր կերպով հարվածի տակ են եղել: Դրա հետևանքները մեր փաստահավաք խումբը դեռևս փաստերը ճշգրտում է, հավանաբար օրերի ընթացքում պատկերը ավելի հստակ կլինի, համապատասխան արտահերթ զեկույցով հանդես ենք գալու, ներկայացնելով բոլոր ապացույցները, հստակ անուններով, վայրերով»,- ասաց նա:

18:40- Հայկական զինուժն ունի 16 զոհ եւ 100-ից ավելի վիրավորներ

Նախնական տվյալներով հայկական զինուժն ունի 16 զոհ եւ 100-ից ավելի վիրավորներ:Այս մասին այսօր Արցախում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

«Յուրաքանչյուր սպա եւ զինվոր իր առջեւ դրված խնդիրը կատարում է բարձր գիտակցումով եւ պատասխանատվությամբ»,- ասաց նա:

17:49-Հայկակակն զինված ուժերը խփեցին ևս մեկ անօդաչու. Արծրուն Հոհվհաննիսյան

Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմակնա փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նաև նշել է, որ ադրբեջանական բանակը օգտագործում է իր զինանոցում եղած բոլոր 300 և ավելի մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանքները․ «Սմերչ, Քասիրգա, Պոլոնեզ և այլն»։

16:55 - ԵԱՀԿ նախագահը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հրադադարի կոչ է արել

ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և ԱԳ նախարար Էդի Ռաման կոչ է արել անհապաղ ապաէսկալացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և վերադառնալ հրադադարի ռեժիմին: Այս մասին ասված Է նախագահի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում, փոխանցում է ТАСС-ը:

«Ես կոչ եմ անում բոլոր ներգրավվածներին անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին, քանի դեռ հակամարտությունում սպանվածների թիվը չի աճել», - հայտարարել է Ռաման: Նա հավելել է, որ իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը շփման մեջ է հակամարտության բոլոր կողմերի ներկայացուցիչների հետ:

Ռաման նաեւ ընդգծել է իրավիճակի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը եւ պատրաստակամություն հայտնել օգնություն ցուցաբերել բանակցությունների վերսկսման համար:

16:27-Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ փոխգնդապետ

Հայտնի են դառնում ադրբեջանական կորուստների մասին առաջին տեղեկությունները: Ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը հայտնում է կորուստներից մեկի անունը՝ 1980թ․ ծնված փոխգնդապետ Մեհման Միրազիզ օղլու Շիրվանով:

16:08-ԱԱԾ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ

Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում այս պահին ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը՝ նպատակ ունենալով նման սադրանքների միջոցով ստեղծել խուճապային տրամադրություններ և թուլացնել քաղաքացիների զգոնությունը:

15:59-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ուղերձով:
Դիտեք այն Հանրային հեռուստաընկերության, վարչապետի ֆեյսբուքյան էջի եւ կառավարության յութուբյան պաշտոնական ալիքի ուղիղ եթերում։

15:58- ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը մեկնել է Արցախ:

15:51-Ղազախստանը ԼՂ հակամարտության կողմերին բանակցությունների կոչ է անում

Ղազախստանն անհանգստացած է հայ-ադրբեջանական հակամարտության սրմամբ, կողմերին կոչ է անում բանակցություններ սկսել, հայտարարել են Հանրապետության ԱԳՆ-ում կիրակի օրը, փխանցում է ИНТЕРФАКС-КАЗАХСТАН-ը:

«Ղազախստանի Հանրապետությունը խորը մտահոգություն է հայտնում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հայ-ադրբեջանական հակամարտության սրման կապակցությամբ։ Կոչ ենք անում մեր բարեկամ Ադրբեջանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետությանը ձեռնարկել բոլոր միջոցները իրավիճակի կայունացման համար, հրաժարվել ուժային միջոցների օգտագործումից եւ ձեռնամուխ լինել բանակցություններին», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ, որը տարածվել է կիրակի օրը:

ԱԳՆ-ում ընդգծել են, որ Ղազախստանը պատրաստ է աջակցել «միջազգային կազմակերպությունների հարթակներում հակամարտության լուծման խաղաղ ուղիների որոնմանը», եւ որպես ԳՀՀԾ գործող նախագահ, առաջարկում է օգտագործել խորհրդակցության վստահության միջոցների առկա փաթեթը:

15:48-Տեղի է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական լայնամասշտաբ գործողություններին հակազդելուն, Զինված ուժերի կողմից դրանց արժանի հակահարված տալուն և հետագա քայլերին վերաբերող հարցեր:

15:47-Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին գնալ լարվածության թուլացման և բանակցությունների

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին կիրակի գերատեսչության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը, փոխանցում է ТАСС-ը:

«Կոչ եմ անում հակամարտության երկու կողմերին անհապաղ դադարեցնել բոլոր մարտական գործողությունները։ Հատկապես գյուղերի ու քաղաքների գնդակոծությունները«, - ասել է Մաասը։ Նրա խոսքով՝ այս հակամարտությունը կարելի է լուծել «միայն բանակցությունների ճանապարհով»՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ։

«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ հրաժարվեն ուժային մեթոդներից հօգուտ հանգամանալից բանակցությունների», - հավելել է Մաասը:

14:59-ՊԲ-Ն ՀԵՐՔՈՒՄ Է՝ ՀԱՅԱԿԱՆ 6 ԳՅՈՒՂԵՐ ՉԵՆ ԳՐԱՎՎԵԼ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր, իրականությանը չի համապատասխանում: Վերոնշյալը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական տեղեկատվական սադրանքն է:

14:50-ՄԱՐՏԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Այս պահի դրությամբ հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական մարտեր՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են:

14:46-ՎՐԱՍՏԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «ծայրահեղ մտահոգություն» է հայտնել կիրակի օրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերսկսված ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Թբիլիսիի ВЗГЛЯД թերթի թղթակիցը։

«Մենք խաղաղության կոչ ենք անում։ Կայունությունը եւ խաղաղությունը մեր տարածաշրջանում պետք է լինեն մեր ընդհանուր գործը» - հայտարարել է նա Twitter-ում։

«Իրավիճակը շատ լուրջ է եւ դրամատիկ, Վրաստանը պետք է ուշադիր վերլուծի», - թերթին ասել է ռազմական փորձագետ Վախթանգ Մաիսայան:

Վրաստանի պաշտպանության եւ ազգային անվտանգության խորհրդարանական կոմիտեի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին լրագրողներին հայտնել է, որ «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունը շատ վտանգավոր է Վրաստանի անվտանգության միջավայրի համար»:

»Եթե խաղաղության եւ անվտանգության մեր աջակցությունը պահանջվի, մենք պատրաստ կլինենք», - հայտարարել է նա:

14:41-ԱՐՑԱԽՈՒՄ ԱՎԵԼԻՆ ՔԱՆ 50 ՎԻՐԱՎՈՐ ԿԱ

Նախնական տեղեկություններով` քաղաքացիական բնակչության շրջանում կա 2 զոհ, ավելի քան 50 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը։

«Միայն Ստեփանակերտում 10-ից ավելի վիրավոր կա` ներառյալ երեխաներ ու կանայք»,– նշված է հաղորդագրության մեջ։

14:32-ԱՐՑԱԽՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՎԵՑԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԸ

Արցախի Հանրապետության Գերագույն Գլխավոր հրամանատար Արայիկ Հարությունյանը հանձնարարեց հայտարարել Արցախում ուսումնական հաստատությունների՝ անորոշ ժամանակով փակվելու մասին։

Սիրելի՛ հայրենակիցներ

Խուճապի չմատնվեք, այս ամենն ձեր իսկ ապահովության համար է արվում։

Հաղթելու ենք։

14:20-ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ՀԵՐՔՈՒՄ Է 10 ԶՈՀԵՐԻ ԼՈՒՐԸ

Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է առաջնագծում տեղի ունեցած մարտերի ընթացքում 10 զոհերի մասին տեղեկությունները: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

Ավելի վաղ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով` հայկական կողմը 10 զոհ ունի։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս իր հերթին հայտարարում է, որ կորուստների մասին այս պահին հստակ ինֆորմացիա չկա։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

13:50-ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԴԻՐՔԵՐԻ ԿՈՐՈՒՍՏ

Մեր կողմից 4-5 դիրքի կորուստ կա․ Սամվել Բաբայան Մասշտաբային պատերազմ է սկսված, խորհուրդ եմ տալիս ժողովրդին հանգիստ լինել, սակայն տղամարդկանց խորհուրդ եմ տալիս մի մարդու նման հավաքվել, չհասցնել նրան, որ տնետուն մտնեն ու սկսեն հավաքել։ Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցում սաց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը։ Նա նշեց, որ զոհերի մասին հստակ թիվ ասել չի կարող։ «Մենք ոչինչ մեր հասարակությունից չենք թաքցնելու, բոլոր կորուստների ու վիրավորների մասին տեղեկատվություն լինելու է։ Մեր մոտ եղած տեղեկությունների համաձայն՝ զինվորականների շրջանում 10 զոհ ունենք արդեն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ադրբեջաբնական կողմում կորուստներն անհամեմետ ավելի մեծ են։ Նա ընդգծեց, որ մարտեր են ընթանում Հադրութի, Մարտունի, Մարտակերտի, Թալիշի ուղղությամբ, այդ բնակավայրերում մարդիկ տարհանվել են։ «Մեր կողմից 4-5 դիրքի կորուստ կա, բայց վերականգնման հնարավորություն կա»։

13:26-ԵՂԵԼ ԵՆ ՀԱՐՎԱԾՆԵՐ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Հայ-ադրբեջանական սահմանի ոչ ամբողջ երկայնքով է լարվածությունը: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերի հռթիռահրետակոծության գործողությունների ընթացքում, որոնք հիմնականում ուղղված են եղել Արցախի ուղղությամբ, նաև եղել են հարվածներ Վարդենիսի ուղղությամբ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում»,- ասաց Հովհաննիսյանը:

13:20- 10 ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ԶՈՀՎԵԼ

Ինձ մոտ եղած տեղեկություններով Արցախի ուղղությամբ սկսված մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 10 զինածառայող: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:

«Քաղաքացիական անձինք ունենք վիրավոր, նույնիսկ երեխաներ, բայց օրվա վերջ հստակ թվեր կասեն, մենք ոչինչ չենք թաքցնում, սա պատերազմ է»:

12:50- ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձը
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր վաղ առավոտյան, կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը: Այդպիսով, մարտական գործողությունների հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Այս պահին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը վճռական հակահարվածներով կասեցնում է թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը՝ թշնամում պատճառելով ծանր կորուստներ:
Հանդիսանալով Արցախի անվտանգության երաշխավորը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատրաստ են ցուցաբերելու ցանկացած աջակցություն՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը:
Արդեն իսկ ակներև է, որ դասեր չքաղելով նախկինում ունեցած անփառունակ պարտություններից՝ Ադրբեջանի իշխանությունները կրկին գերագնահատել են ունեցած կարողությունները, ինչի համար, վստահ եմ, խստագույնս կպատժվեն:
Այս արկածախնդրությունը ծանր հետևանքներ է ունենալու թշնամու համար: Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք: Հայկական բանակը տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ հերթական անգամ ջախջախելու մեր Հայրենիքի նկատմամբ ոտնձգություն իրականացնող թշնամուն:
Հարգելի հայրենակիցներ, զինակից ընկերներ,
Միասնության շնորհիվ են կերտվել մեր պատմության բոլոր հաղթանակները: Վստահ եմ, որ այս վճռական պահին մենք միասնաբար, պատվով ենք կատարելու մեր մարտական խնդիրը՝ դաս տալով միայն ուժի լեզուն հասկացող թշնամուն:

12:47-ԱԼԻԵՎԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԶՈՀԵՐԻ և ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է բնակչության եւ զինվորականների շրջանում զոհերի եւ վիրավորների մասին ՝ Հայաստանի զինված ուժերի կողմից շփման գծում գնդակոծությունից հետո, գրում է «РИА Новости»-ն:

Ալիևի ուղերձը հեռարձակել է ԱԶՏՎ պետական հեռուստաալիքը

«Հայ զինվորականների գնդակոծության արդյունքում ադրբեջանցի զինվորականների և քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներ կան։ Ադրբեջանը անպատասխան չի թողնի Հայաստանի գործողությունները։ Ներկայումս հակառակորդի դիրքերին հարվածներ են հասցվում, ոչնչացվել է ռազմական տեխնիկա», - հայտարարել Է Ալիեւը։

12:38-ՀՀ-ՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶՈՐԱՀԱՎԱՔ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է.«Սիրելի հայրենակիցներ.
Հիմա կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:
Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ:
Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի»:

12:30-ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

Ռուսաստանի ԱԳՆ-ն Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը։

ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ սրվել է իրավիճակը, երկու կողմերից ինտենսիվ գնդակոծություններ են ընթանում, զոհերի մասին տվյալներ կան:

«Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը եւ բանակցություններ սկսել իրավիճակի կայունացման նպատակով», - ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

12:25-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ Է

Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարուոթյուն է տարածել.

«Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ,Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հետ է մղում հակառակորդի հարձակումները:

Ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը ամուր կանգնած է Պաշտպանության բանակի, ՀՀ Պաշտպանության նախարարության, Հայաստանի զինված ուժերի կողքին և մեր հզոր տղաների գործողությունների սատարողն է:

Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է:

Ես խնդրում և միաժամանակ հորդորում եմ չմատնվել խուճապի և հետևել միայն պաշտոնական լրատվությանը:

Կեցցե մեր Հայրենիքը, կեցցե մեր հզոր ու հաղթական բանակը:

Մենք հաղթելու ենք»։

12:11-ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ քիչ անց տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ, ապա կառավարությունը կքննարկի ռազմական դրություն եւ մասնակի զորահավաք հայտարարելու հարցը:
Պատրաստ եղեք մեր սուրբ հայրենիքի պաշտպանությանը: Հպարտ, հաղթո՛ղ ժողովուրդ:

11:49-ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՏԱՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Անկարան աջակցում է Բաքվին եւ դատապարտում Է Ադրբեջանում Հայաստանի վերջին գործողությունները։ Այս մասին կիրակի հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Հայաստանի հարձակումը Ադրբեջանի վրա։ Հայաստանը խախտել է հրադադարը ՝ հարձակվելով քաղաքացիական բնակավայրերի վրա, և մեկ անգամ ևս ցույց տալով, որ դեմ է խաղաղությանն ու կայունությանը: Միջազգային հանրությունը պետք է անհապաղ դադարեցնի այդ վտանգավոր սադրանքները», - գրել է նա Twitter-ի իր էջում:

Էրդողանի ներկայացուցիչը նաեւ հավելել է, որ Անկարան աջակցում է Բաքվին:

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը հավելել է, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի դեմ Հայաստանի գործողությունները:

«Թուրքիան աջակցում է Ադրբեջանին։ Հայաստանը կրակի հետ է խաղում և սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը։ Այս հարձակումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Հայաստանը չի ճանաչում միջազգային իրավունքը։ Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Հայաստանին», - գրել է Չելիքը Twitter-ում ։

11:20-ՄԱՐՏԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

11:15-ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ և ԶՈՐԱՀԱՎԱՔ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է.«Ելնելով ստեղծված իրավիճակից հայտարարում եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք
Սիրելի՛ հայրենակիցներ

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել: Հանդես գալով պատգամավորների առջև՝ հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար:

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի:

Մեզանից ավելի շատ խաղաղություն սիրող ու խաղաղության կողմնակից չկա:

Մենք չենք ցանկացել պատերազմ, այս պատերազմը մեզ պարտադրվել է, և պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքն ու ընտանիքները:

Իրավիճակի սրման համար ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը:

Տարածաշրջանում հղի հումանիտար աղետի համար պատասխան է տալու անձամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը»:

11:00- ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրուսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանում արգելափակվել են գրեթե բոլոր սոցիալական մեդիաները. Facebook, Youtube, Whatsapp, TikTok. Անխափան աշխատում է միայն Twitter, քանի որ օգտագործվում է դեպի դուրս քարոզչություն տարածելու համար։ Սա ի գիտություն նաեւ մեր լրատվամիջոցների եւ լրագրողներին, որ պարզ լինի, թե որ հարթակն է այս պահին կարեւոր դրսի լսարանի տեսանկյունից»։

10:59-ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ԿԱՆ ԶՈՀԵՐ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ:
Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են:
Հրետակոծել են նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում:
Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում»:

10:52- ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԿՈՉՈՎ.

«Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու
Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին սկսել է ակտիվ օդային, հրթիռահրետանային և ցամաքային հարձակում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը: Բնակչությանը կոչ եմ անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն:

Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է անհամաչափ ու խիստ: Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու:

Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու:

Ի զե՛ն՝ հանուն Հայրենիքի ու արժանապատվության:
Ամուր եղե՛ք, սիրելինե՛րս»

10:42-ՀՀ ԶՈՒ-Ն ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ  ԽՈՑԵԼ Է ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԱԹՍ։

10:30 -ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ

Ինչպես հաղորդում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, Արցախում, ցավոք, կան նաև քաղաքացիական կորուստներ։

10:25 - Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան ՍՏեփանյանը գրում է. «Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։ Տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում։ Էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր»։

9:14- ՊՆ ՄԱՄՈԻԼԻ ԽՈՍՆԱԿ ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋՈՒՄ ԳՐԵԼ Է.

«Ինչպես նշել է ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, ադրբեջանական զորքերը ժամը 07:10-ին հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարությամբ։ Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ։ Մարտերը շարունակվում են»:

9:07- ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱխԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ ՎԱՀՐԱՄ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԳՐՈՒՄ Է․

«Մեր սահմաններն անառիկ են, Պաշտպանության բանակը պատրաստ է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը։
Կրկին կոչ ենք անում խաղաղ բնակչությանը պատսպարվել ու փողոց դուրս չգալ, քանի որ թշնամին շարունակում է հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը»:

9:06-ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Ինչպես նշել է ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, ադրբեջանական զորքերը ժամը 07:10-ին հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարությամբ։ Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ։ Մարտերը շարունակվում են»

9:04-ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը»:

8:55- Հակառահորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն.
«Հակառահորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն եւ կհաղորդվեն։
Կոչ եմ անում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին եւ զգոն լինել թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց։
Ամուր կանգենք մեր պետության, մեր բանակի թիկունքին՝ մեր սուրբ հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Ու մենք կհաղթենք։
Կեցցե՜ հայոց փառապանծ բանակը։ Կեցցե՜ հայոց պետականությունը։ Կեցցե՜ հայ ժողովուրդը»։

8:39-Հայաստանի Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա է: Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են»:

8:33ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մարտակոչով է հանդես եկել․

«Հայրենակիցներ,

2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմել է զենքի ուժին՝ կարծելով, թե այդ ճանապարհով կարողանալու է հօգուտ իրեն լուծել արցախյան հիմնահարցը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: Այդ ծրագրերը մեզ հայտնի են վաղուց, դրանց էությունը կարելի է արտահայտել մի բառակապակցությամբ՝ հայաթափել Արցախն ու Հայաստանը:

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է: Հաղթանակը հեշտ չի տրվելու: Իր բնույթին հավատարիմ՝ հակառակորդը թիրախավորելու է խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական բնակչությանը, նա տարբերություն չի դնելու զինվորի ու մանկահասակ երեխայի, հոգևորականի ու տարեց կնոջ, հասուն տղամարդու և անօգնական ծերունու միջև. նրա թիրախը բոլորս ենք: Հաղթանակը պահանջելու է ուժերի գերլարում և երկաթակուռ միասնություն: Հիմա մի կողմ պետք է դրվեն բոլոր տարակարծությունները, բոլոր տեսակետները, բոլոր կարծիքները: Մեր նպատակը մեկն է՝ ջախջախել հակառակորդին բոլոր հնարավոր միջոցներով, խորտակիչ հարվածներ հասցնել նրա զինված ավազակախմբերին, ոչնչացնել նրա ռազմական ենթակառուցվածքը, անհրաժեշտության դեպքում նաև ընդարձակել անվտանգության գոտին ու պարտադրել վերջնական խաղաղություն:

Այդ խնդիրը կատարելու համար պետք է մեկտեղվեն բոլորիս ջանքերը:

Մեր հաղթանակն այլընտրանք չունի. մենք պաշտպանում ենք մեր նախնիների շիրիմներն ու մեր երեխաների ապագան: Մենք պաշտպանում ենք մեր նախնիների հողի վրա ապրելու իրավունքը:

Մեզ հետ է ամբողջ հայ ժողովուրդը:

Մեզ հետ է արդարությունը:

Մեզ հետ է Աստված:

Հաղթանակը մե՛րն է լինելու»։



8:22-Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․«Ադրբեջանը հարվածներ է հասցրել մի շարք ուղղություններով, այդ թվում՝ բնակավայրերի ուղղությամբ: Ավելի մանրամասն դեռ չգիտեմ:
Պահեք ֆիզիկական ու տեղեկատվական անվտանգության զգոնություն:
Մեր տղերքը ամուր են սահմանում»:



8:10-Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրում է․«Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել: Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»։


Комментариев нет: