Աշնան լավագույն աղանդերը. դարչինով և խնձորով նրբահամ թխվածք - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

9/13/2020

Աշնան լավագույն աղանդերը. դարչինով և խնձորով նրբահամ թխվածք

  

            Ներկայացնում ենք դարչինով և խնձորով նրբահամ թխվածքի պարզ բաղադրատոմս

Հայաստանում ամռանից մինչև աշնան սկիզբ հասունանում է խնձորը, որն ամենատարածված մրգերից է մեր երկրում։ Այն կլոր տարի վաճառվում է մթերային բոլոր խանութներում, շուկաներում և սուպերմարկետներում։ Տեղական հայտնի տեսակներից են «դեմիրճյանը», «գոլդենը», «տափակը», «սոխին», «անարատը», «չրխկանը» և այլք։


Զուր չէ, որ խնձորն անվանում են «մրգերի թագուհի», չէ՞ որ, դիետոլոգների կարծիքով, օրական ուտելով 2–3 խնձոր` կարելի է ոչ միայն ստանալ վիտամինների և միկրոէլեմենտների բավարար չափաբաժինը, այլև կարգավորել մարսողական համակարգի աշխատանքը։ Կարևոր է նաև այն, որ բանանի հետ մեկտեղ խնձորը համարվում է ոչ ալերգիկ։


Անգլիացիներն անգամ ասացվածք ունեն. "An apple a day keeps the doctor away", ինչը թարգմանաբար նշանակում է «Եթե օրական ուտեք մեկ խնձոր, ապա բժշկի կարիք չեք ունենա»։


Խնձորը նաև շատ հարմար է կոմպոտ, կոնֆիտյուր, ջեմ, չիր, թխվածք պատրաստելու համար։


Ներկայացնում ենք դարչինով և խնձորով նրբահամ թխվածքի պարզ բաղադրատոմս։


Բաղադրիչներ


ձու – 2 հատ

շաքարավազ – 100 գրամ + 1 ճաշի գդալ

սերուցքային կարագ – 100 գրամ

թթվասեր – 150 գրամ

ցորենի ալյուր – 200 գրամ

փխրեցուցիչ – 1 թեյի գդալ

խնձոր – 3–4 հատ

դարչին – ½ թեյի գդալ

վանիլին – մի պտղունց

Պատրաստման եղանակը


«Թուլացրած» կարագը հարել շաքարավազի հետ, ավելացնել ձուն, թթվասերն ու խառնել։ Առանձին ամանի մեջ լցնել ալյուրն ու փխրեցուցիչը (կարելի է փոխարինել սոդայով), ստացված զանգվածը լցնել նախորդ զանգվածի վրա, խառնել ու ավելացնել մի պտղունց վանիլին։


Խնձորը կեղևահան անել և կտրել խորանարդիկներով կամ բարակ կտորներով, վրան ցանել դարչին ու շաքարավազ և խառնել։


Խմորի կեսը լցնել թխելու համար նախատեսված ամանի մեջ, որի վրա նախապես պետք է քսել սերուցքային կարագ։ Այնուհետև դնել կտրատած խնձորը ու վրան ավելացնել մնացած խմորը։ Թխել ջեռոցում 180 աստիճանի տակ 25–30 րոպե։


Պատրաստի թխվածքի վրա ցանկության դեպքում կարելի է ցանել շաքարի փոշի։


Բարի ախորժակ

No comments:

READ MORE