Երգչուհի Շպռոտը երեկ տոնել է 41-ամյակը. օրերս Հայաստան ժամանած երգչուհին օգտագործել է այս շրջանում Երևանում լինելու փաստն ու խնջույք կազմակերպել հարազատների ու ընկերների մասնակցությամբ: Ասում է՝ վաղուց էր երազում տարեդարձը տոնել Հայաստանում, քանի որ ինքն այստեղ է մեծացել, այստեղ է իր պատմությունը, այստեղ են իր հարազատները:
Tert.am Life-ը ներկա է եղել նրա տարեդարձին և ներկայացնում է հետաքրքիր դրվագները:
7 տարվա դադարից հետո Շպռոտն առաջին անգամ Հայաստան վերադարձավ 2017-ին: Դեռ այն ժամանակ այնքան էր ոգևորվել հայրենիքում ստացած ընդունելությունից, որ սկսեց ավելի հաճախ ու ավելի մեծ ոգևորությամբ գալ Երևան:
Հիմա արդեն անդադար ասում է՝ Երևանում իր օրը շատ հագեցած է անակնկալներով ու դրական զգացողություններով:
«Ես արթանանում եմ ու լսում մայրիկիս ձայնը, ծիծաղը, դա ինձ համար աշխարհ արժե: Ընկերներս էլ ամեն ինչ անում են, որ ես ինձ հատուկ զգամ: Ես երբեք չէի պատկերացնի, որ այսպիսի զգացողություններ կունենամ, բայց այստեղ ամեն օրս անակնկալներով է անցնում: Ընկերներիս նույնիսկ ասում եմ՝ բավական է, վատ եմ սովորում,- ոգևորված պատմեց Շպռոտն ու նկատեց, որ Միացյալ Նահանգներում էմոցիաներն ավելի քիչ են, մարդիկ չափազանց զբաղված են: -Երևանում էմոցիաներն ավելի շատ են: Այստեղ ինձ շատ լավ եմ զգում: Սա իմ քաղաքն է, որն ինձ կերտել է: Իմ պատմությունն այստեղ է»:
Ընկերների ուշադրությունը շատ է ոգևորում Անիին, ասում է՝ մանկուց սիրել է լինել ուշադրության կենտրոնում: Երևանում դրա պակասը չի զգում, լիցքավորվում է դրական էներգիայի մեծ չափաբաժնով:
Տարեդարձի բոլոր նվերները տեսնել Անին դեռ չի հասցրել, բայց նկատեց, որ սիրում է նվերներ ստանալ: Առավել կարևորում է այն նվերները, որոնք ոչ թե թանկ արժեն, այլ հատուկ իր համար են ընտրված: «Ես սիրում եմ այն նվերները, որոնք հատուկ ինձ համար են ընտրված: Ինքս էլ այդպես եմ ընտրում ուրիշների նվերները»,- ասաց նա ու հավելեց, որ իր տարեդարձի նվերներից էր, որ Լազարոն հասցրեց վերջնական տեսքի բերել իր և Արմինկայի նոր զուգերգը:
Խնջույքի ժամանակ Շպռոտը երգեց՝ ներկայացնելով նաև նոր զուգերգը: Նա ներողություն խնդրեց Արմինկայից միայնակ պրեմիերա անելու համար, նկատեց, որ չերգել չէր կարող: Արդեն ԱՄՆ-ում երգչուհիները երկուսով կներկայացնեն տեսահոլովակի պրեմիերան:
Անին իրեն բնորոշ հումորով կատակում է՝ Շպռոտն արդեն մեծ կին է, ապա նկատում, որ իր տարիների երազանքն անփոփոխ է՝ մայրանալ, ունենալ ընտանիք: «Փորձում եմ շատ չկենտրոնանալ այդ հարցի վրա, մտածել, որ ամեն ինչ իր ժամանակն ունի: Հավատում եմ, որ եթե Աստծո կամքն է, երեխա կունենամ, բայց ցանկությունը ցանկություն է: Ես ուզում եմ ընտանիք, գուցե, կողքից ասեն՝ արդեն պառավ ես, բայց ես ուզում եմ ունենալ սիրած տղամարդ, բալիկ: Յուրաքանչյուր կին արժանի է դրան: Անկեղծ ասած, այս պարագայում ինձ իմ երաշտական կարիերան էլ չի հետաքրքրում, ինձ համար այլ արժեքներ են առավել կարևոր»,- ասաց նա:
No comments:
Post a Comment