Մարտի 1-ի վերաբերյալ Քոչարյանի հիշատակած ԱԱԾ փաստաթղեր չկան. ԱԱԾ-ն բազմաթիվ անգամներ փաստահավաք խմբին մերժել է - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

9/16/2020

Մարտի 1-ի վերաբերյալ Քոչարյանի հիշատակած ԱԱԾ փաստաթղեր չկան. ԱԱԾ-ն բազմաթիվ անգամներ փաստահավաք խմբին մերժել է

 Մարտի 1-ի գործով սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած դատավարության ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդեցին դատարանին տրամադրել Մարտի 1-ի մայր գործի նյութերն ամբողջությամբ: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, միանալով միջնորդությանը, հայտարարեց. «Գործի նյութերի մեջ չկա տեղեկություն նաև այն մասին, որ տեղեկություններ էին ստացվում ցուցարարների մոտ զենքերի առկայության մասին: Մեղադրանքում կարմիր գծով անցնում է 0038 հրամանը: Գործի 79 հատորների մեջ ծայրից ծայր նշվում է բանակի դերակատարության մասին որպես բացասական երևույթ: Այո, ինչպես նախագահը նշեց, փետրվարի 23-ի խորհրդակցության ժամանակ, ԵԿՄ-ի գործընթացների քննարկումից բացի, նաև ներկայացվեց այն, որ, ըստ ԱԱԾ-ի տեղեկատվության՝ շատ բարձրաստիճան զինվորականների այդ օրերին տեսել են հանրության շրջանում զենքով, խմբերով, նրանց շարքերում կային զորամասերի հրամանատարներ: Այդ տեղեկությանը գործի նյութերում չենք հանդիպել: Ամեն օր տեղեկություններ էինք ստանում, որ նախատեսվում է զորամասերի վրա հարձակումներ զենք հայթայթելու, հետագայում օգտագործելու համար: Այդպիսի տեղեկություններ էլ չկան նյութերում»։



Նույն նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նույնպես խոսեց մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ ԱԱԾ «թղթապանակի» բացակայության խնդրի մասին՝ նշելով, թե գործում կա ընդամենը 3 փաստաթուղթ ԱԱԾ-ից, մնացած փաստաթղթերը բացակայում են։

Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ որոշ փաստաթղթերի իբր բացակայությանը, նախկին պաշտոնյաներին հիշեցրեց, որ 2009 թվականին փաստահավաք խմբի գործունեության ընթացքում բազմաթիվ անգամ ԱԱԾ-ից պահանջվել է, որպեսզի ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը փաստահավաք խմբին տրամադրի ենթադրյալ հանցավոր արարք կատարելու հիմնավորումները և հիմքերը, սակայն որևէ փաստաթուղթ փաստահավաք խմբին չի տրամադրվել։


«Մենք փաստահավաք խմբի շրջանակներում պաշտոնապես դիմել ենք ԱԱԾ-ին տրամադրել այդ փաստաթղթերը, բայց մեր հարցմանը գրավոր պատասխան է ուղարկվել, որ նման փաստաթղթեր իրենց մոտ չկան և մեզ խորհուրդ են տվել այդ հարցերով դիմենք ոստիկանությանը։ Մենք էլ դիմել ենք նաև ոստիկանությանը, իսկ ոստիկանությունը նորից հղում է կատարել ԱԱԾ-ին։ Այսինքն՝ տարիների ընթացքում այս եռանկյունին եղել է, ու այդ հարցը պարզաբանում չի ստացել, ինչը նշանակում է, որ դեռ 2008-2009 թվականներին ինչպես ամեն ինչ են հորինել, հորինել են նաև այն, ինչն այսօր Քոչարյանն ու Սերյան Օհանյանը դարձրել են շահարկման առարկա։ Եթե Սերյան Օհանյանն ու Ռոբերտ Քոչարյանը գիտեին, որ որոշ մարդիկ իրենց գործով չեն զբաղված, զենքն առած փողոցներով ման են գալիս, ապա Ռոբերտ Քոչարյանի իրավապահ համակարգը նրանց բռնած կլիներ, արձանագրած կլիներ և հանցագործության համար դատապարտած կլիներ»,- ընդգծեց Սաֆարյանը՝ հավելելով, որ ամբաստանյալի աթոռին հայտնվածները բոլորն էլ շատ լավ գիտեն, որ փաստահավաք խումբը ժամանակին դիմել է, չի ստացել, իրենք գիտեն, որ նման փաստաթղթեր չկան, դա հորինվածք է, բայց դարձրել են շահարկման առարկա, որպեսզի ձգձգեն դատավարությունը, որ տուժողները չգնան դատարան այդ անհեթեթությունները լսելու համար։ Իսկ հանրագումարում ոչ մի դրական տեղաշարժ չի լինում գործում։ «Իրենց նկարագրած զինված մարդիկ, հարձակում, չկա նման բան։ Եղել են մարդիկ, որ դեմ են եղել Ռոբերտ Քոչարյանի կողմից բռնի ուժ կիրառելու ցանկությանը, բայց դա ուրիշ խնդիր է։ Ուրիշ խնդիր է, որ այդ մարդիկ իրենց դուր չեն գալիս, որ անկեղծացել են և անկեղծ ցուցմունքներ են տվել։ Քոչարյանի փաստաբաններն էլ լավ գիտեն, որ Մարտի 1-ը մի պատճառ ունի և դա իշխանությունը կորցնելու վտանգն էր ու հանրահավաքները։ Սա է Քոչարյանին դրդել գնալ նման քայլի։ Տասնյակ զինվորականներ նման ցուցմունք են տվել, որ, այո՛, Մարտի 1–ին իրենք գնացել են՝ պայմանավորված հանրահավաքներով։ Ավելին, նախապես վարժանքների են գնացել, թե ինչպես պետք է ցրեն հանրահավաքները։ Ախր ամեն ինչ պարզից էլ պարզ է։ Պարզապես իրենք անցել են նորից իրենց հին թեմաներին»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ ժամանակին արդեն նման միջնորդություն ներկայացվել է։



Փաստաբանի խոսքերով՝ եթե անգամ նման բան կար, ապա ոչինչ չէր խանգարում, որ նախաքննության ընթացքում քննության առարկա դարձնեին այդ փաստաթղթերի հարցը։ «Բայց փաստահավաք խմբի շրջանակներում, երկու տարվա ընթացքում մեր հիմնական խնդիրը եղել է այդ փաստաթղթերը, իբր հիմքերը ստանալը, ըստ որի՝ ԱԱԾ-ն ունեցել է օպերատիվ տեղեկություններ, որ իրավիճակը լարված է, որ Օպերայի բակում զենքեր կան, որ նախապատրաստվում է մեծ հանցագործություն և այլն, և իրենք դրան համապատասխան կանխարգելիչ գործողություններ են իրականացրել։ Մենք էլ պահանջում էինք այդ տեղեկությունների ապացույցները, որ օբյեկտիվ գնահատեինք, թե արդյոք եղե՞լ է նման բան, արդյո՞ք դրանք, Քոչարյանի ասած՝ իրադրությունից բխող գործողություններ են, արդյո՞ք օրինական են եղել, բայց մենք ոչինչ չենք կարողացել ստանալ, քանի որ ԱԱԾ-ից մեզ ասել են, որ իրենք նման նյութեր չունեն»,- ասաց Սաֆարյանը։


Անդրադառնալով Քոչարյանի ու Օհանյանի պաշտպանների միջնորդությանը՝ տրամադրել ամբողջ Մարտի 1-ի մայր գործի նյութերը, Սաֆարյանը այդ պահանջը զավեշտալի է համարում. «Ի՞նչ է նշանակում մայր գործի նյութեր։ Երևի ՀՔԾ-ն էլ պարտավոր է Քոչարյանի վերաբերյալ գործի քննության ընթացքում նյութեր մատակարարի դատարանին ու կողմին։ Քրեական դատավարության օրենսգիրքը նման բան չի նախատեսում։ Գործից մաս է անջատվել, անջատված ամբողջ մասը ուղարկվել է դատարան, ոչինչ չի պահվել։ պահվել է նույն գործը, որի վրա զարգացել են մնացած քննչական գործողությունները։ Հիմա իրենք ինչ իրավունք ունեն ՀՔԾ-ից պահանջելու մի բան, որը առանձին քննության առարկա է, իսկ ապացույցներն առանձին անձանց մեղադրանք առաջադրելու հիմք են։ Ես չեմ կարծում, որ դատարանը նման անօրեն քայլ կանի ու կբավարարի նրանց միջնորդությունը։ Ոչ էլ կարծում եմ, որ ՀՔԾ-ն իր վարույթում գտնվող մեկ այլ գործ, որը գուցե ամուր կապերով կապված է Ռոբերտ Քոչարյանի սկսած գործողությունների հետ, կտրամադրի կողմին։ Ի դեպ, գործից մաս անջատելու որոշումը ժամանակին չի վիճարկվել, չի բողոքարկվել, հետևաբար՝ ավելորդ է խոսել ներկայացված միջնորդության հիմնավորվածության մասին։ Դատարանը պետք է մերժի այդ միջնորդությունը»,- ասաց Սաֆարյանը։


Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչը նշեց, որ չի հետևում դատական նիստերին, քանի որ իր համար ամբողջ դատավարության ընթացքը պարզ է։ Գիտի, որ դատավորը կմերժի այս միջնորդությունը, ապա Քոչարյանի փաստաբանները դատավորին բացարկի միջնորդություն կներկայացնեն, ապա կհիշեն դատախազին, իսկ դատախազը կասի, որ տուժող կողմը կոռեկտ չի արտահայտվում։ «Երբ նման միջնորդություններ են ներկայացվում, դրանց պետք է արագ լուծում տրվի։ Դրանք պետք է առանց քննության թողնվեն ու վերջ, անցնեն առաջ»,- եզրափակեց Սաֆարյանը։

Комментариев нет: