Ռուսաստանը Հայաստանի դեմ քա՞յլ է պատրաստում - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/07/2020

Ռուսաստանը Հայաստանի դեմ քա՞յլ է պատրաստում


Մամուլում հայտնվել է տեղեկություն, թե ԱԱԾ նորանշանակ պետը հատուկ թիրախավորել է կառույցի այն աշխատակիցներին, որոնք կարող են առնչություն ունենալ Ռուսաստանի հետ, որոնք ուսանել են Ռուսաստանում եւ կարող են պահպանած լինել կապեր: Ըստ տեղեկության, ակնկալելի էր ԱԱԾ նոր պետի «հակառուսականությունը»:


Կասկածից վեր է, որ ազգային անվտանգության համար որեւէ պատասխանատու պարտավոր է թե կառույցը, թե պետությունն ընդհանրապես ապահովագրել որեւէ երրորդ երկրի ազդեցության գործակալներից: Միաժամանակ պարզ է նաեւ, որ իրականությունը մշտապես ավելի բարդ է եւ բազմաշերտ, առավել եւս ինքնիշխանության խնդրի կուտակման մոտ երեք տասնամյակի իրականությունը՝ տասնամյակներ ու հարյուրամյակներ իրապես ազգային-պետական էլիտայի եւ պետականության բացակայության պայմաններում:


Հայաստանն այդ իմաստով պետք է անցնի իրապես բարդ ճանապարհ, որն ուղեկցվելու է խորքային մարտահրավերներով: Դրանցից մեկն էլ դրսեւորվում է հենց «հակառուսականության» խնդրի տարփողումով, որը տեղի է ունենում վերջին շաբաթներին եւ որի ակնառու նպատակը Հայաստանի դեմ Ռուսաստանի ագրեսիվ գործողության եւ դիրքորոշման հրահրումն է: «Հակառուսականության» մասին լայնորեն տարածվող արձանագրումները, որ ոչ միայն մեդիա, այլ նաեւ քաղաքական շատ կոնկրետ շրջանակներից են, գործնականում ստեղծում են Հայաստանի դեմ Ռուսաստանի որեւէ հնարավոր քայլի արդարացում, ալիբի:

Պլանավորե՞լ է Ռուսաստանը Հայաստանի դեմ որեւէ քայլ, թե ոչ, դա այլ հարց է: Այդ իմաստով իրադրությունը ունի մի շարք նրբություններ: Հնարավոր է, որ Հայաստանում «հակառուսականության» մասին ազդագրերը ունեն շատ ավելի նեղ նպատակ՝ համոզել Մոսկվային եւ ստանալ աջակցություն Հայաստանում իշխանափոխություն անելու հարցում: Իհարկե այդ իմաստով հարցեր են առաջանում, թե արդյոք որեւէ մեկի մոտ այդ իմաստով կա պատրանք 2012-15 թվականների պատմությունից հետո, երբ այն ժամանակ դեռեւս ավելի ուժեղ Ռուսաստանը ի վերջո հայտարարեց, որ այդպիսի ակնկալիք ունեցողները զբաղված են կլոունադայով:

Ներկայում Ռուսաստանի խնդիրները փոխվել են այնպիսի տրամաբանությամբ, աշխարհակարգային վերափոխումների համատեքստում, որ Ռուսաստանում ընդհուպ կարող է դիտարկվել նաեւ այն, որ հակառուսականությամբ Հայաստանում զբաղված են իրականում այն շրջանակները, որոնք Մոսկվային փորձում են համոզել Հայաստանում «հակառուսական քաղաքականության» առկայության հարցում:


Комментариев нет: