Հայկական բանակը ցրել է կասկածները - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

8/14/2020

Հայկական բանակը ցրել է կասկածները

Հայկական բանակը ցույց տվեց, որ Հարավային Կովկասում ամենամարտունակն է եւ որեւէ մեկը չի կարող հաղթել հայկական բանակին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպմանը նաեւ Տավուշի իրադարձությունների քննարկման համատեքստում ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:


«Բանակը ոչ միայն զենքը, կարգապահությունն ու պատրաստակամությունն է, այլ նաև ոգին, որը որևէ մեկը չունի այս տարածաշրջանում: Շատ ուրախ էի, որ այդ մարդկանց կասկածները հայոց բանակի հանդեպ փարատվել են», հայտարարել է նախագահ Սարգսյանը:

Նրա այդ հայտարարությունը խիստ ուշագրավ է: Սարգսյանը դա արել է այն համատեքստում, որ դեռեւս արցախյան առաջին պատերազմի տարիներին արտերկրում դիվանագիտական գործունեության ընթացքում ՆԱՏՕ-ի շատ դիվանագետներ, ռազմական մասնագետներ, այլ երկրների ներկայացուցիչներ իրեն ասել են, թե հայերի պայքարն անիմաստ է, Ադրբեջանն ունի շատ զորք, շատ զենք, աջակցություն երրորդ երկրից, սակայն նույն մարդիկ, ըստ Արմեն Սարգսյանի, մի քանի տարի հետո իր հետ խոսելիս նշել են, որ Հայաստանն ունի տարածաշրջանի հզոր բանակը:

Ահա այդ համատեքստում ուշագրավ է, որ Արմեն Սարգսյանը, խոսելով Տավուշի մասին եւ արձանագրելով, որ հայկական բանակը ամենաուժեղն է տարածաշրջանում, նշում է հայկական բանակի հանդեպ կասկածները փարատվելու մասին: Այլ կերպ ասած, նախագահ Սարգսյանը խոսում է ռազմա-քաղաքական լայն նշանակության կարեւորագույն հանգամանքի՝ հայկական առանցքով ռեգիոնալ անվտանգության համակարգի հարցում հայկական զինված ուժերի կարողունակության եւ պատասխանատվության մասին, ինչը վաղուց արդեն միջազգային անվտանգային համակարգի էական գործոն է եւ հիմնավորապես պայմանավորում է համաշխարհային ուժի կենտրոնների հարավկովկասյան ռեգիոնալ քաղաքականությունը:

Այդ տեսանկյունից, Հայաստանի զինված ուժերը վերահաստատել են որպես ռազմա-քաղաքական գործընկեր իրենց վստահելիությունը եւ հուսալիությունը: Եվ քանի որ զինուժը այդուհանդերձ մարտունակ կարող է լինել պետական օրգանիզմի շղթայական կենսագործունեության արդյունքում, գործնականում իր վստահելիությունն ու հուսալիությունն է արձանագրել հայկական պետությունը:

Այլ կերպ ասած, Տավուշը տվել է թավշյա հեղափոխությունից հետո առաջացած սկզբունքային հարցերի պատասխաններ, այն իմաստով, թե որքանով է այդ հեղափոխությունը էական փոփոխություններ առաջ բերելու զինված ուժերի վարքագծում եւ մոտեցումներում, առաջացնելով ռեգիոնալ անվտանգության հնարավոր բացեր:

Այդ տեսանկյունից արձանագրվեց, որ Հայաստանում հեղափոխությունը ոչ միայն չի թուլացրել, այլ ամրացրել է ռեգիոնալ անվտանգության նոր համակարգի հայկական առանցքը, հաղորդելով դրան նոր որակ: Բանն այն է, որ Տավուշում գործողությունների առանձնահատկությունն այն էր, որ դրանք ոչ թե պատասխան էին լոկ ներկա ռեժիմում թույլ տրված սադրանքին, այլ պատասխան էին ապագա մարտահրավերներին՝ հայկական ռազմարդյունաբերության նոր տարրով, ինչպես նաեւ ռազմա-քաղաքական նոր հայեցակարգով, որը ձեւակերպվել է պաշտպանության նախարարի «նոր պատերազմ՝ նոր տարածք» բանաձեւով:


No comments:

READ MORE