Լուկաշենկոն գիշերը կորցրել է իշխանությունը. մնաց մի հարց - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/12/2020

Լուկաշենկոն գիշերը կորցրել է իշխանությունը. մնաց մի հարց


Օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը Բելառուսի համար կարող է դառնալ պատմական, կամ արդեն իսկ դարձել է պատմական: Նախագահի ընտրությունից հետո տասնյակ հազար բելառուսցիներ մայրաքաղաք Մինսկում եւ տարբեր քաղաքներում դուրս են եկել ընտրակեղծիքների դեմ բողոքի, այն բանից հետո, երբ հրապարակվել է պաշտոնական էքզիտ-փոլի արդյունքը՝ նախագահ Լուկաշենկոն հավաքել է 80 տոկոս քվե:

Իրադարձությունները Մինսկում եւ այլ քաղաքներում գիշերն ընթացել են բավական դրամատիկ: Մինսկում ուժ է կիրառվել, կիրառվել են ոստիկանական հատուկ միջոցներ, եղել են ձերբակալություններ: Բելառուսի այլ քաղաքներում արձանագրվել են դեպքեր, երբ ոստիկանական հատուկջոկատայինները հրաժարվել են ուժ կիրառել քաղաքացիների նկատմամբ:


Անկախ ելքից՝ քաղաքացիները կհասնե՞ն Լուկաշենկոյի հեռացման, թե՞ նա կմնա իշխանության ղեկին, գիշերը Լուկաշենկոյի համար թերեւս վերջինն է նախագահի պաշտոնում, հարցն այն է՝ կլինի դե ֆակտո, թե՞ դե յուրե վերջինը: Լուկաշենկոն առաջին անգամը չէ, որ իշխանության դիրքը պետք է պահի ուժով, սակայն Բելառուսի նախագահի ներկայիս ընտրությունն աննախադեպ է դրա շուրջ եղած զարգացումներով եւ այն աշխարհքաղաքական իրավիճակով, որ կա ընդհանրապես եւ որն օրինակ մղեց Բելառուսի նախագահին բաց եւ անկեղծ հարցազրույց տալ ուկրաինացի լրագրող Գորդոնին, որը հայտնի է ՌԴ նախագահ Պուտինի հանդեպ կոշտ եւ չոր մոտեցումով:

Այդ հարցազրույցը թերեւս հատկանշական էր որպես ինդիկատոր, թե ինչ վիճակում է Բելառուսի նախագահը եւ Բելառուսն ընդհանրապես: Միաժամանակ, սկանդալային էր «վագներականների» կամ այլ կերպ ասած Պուտինի ստվերային բանակի ներկայացուցիչների ձերբակալությունը Բելառուսում, եւ Ղրիմի օրինակով նաեւ Լուկաշենկոյի սպառնալիքը, թե ինքը պատրաստ է անգամ «տարածք» պահելու համար կյանքի ու մահվան կռվի, կանգ չառնելով զոհերի առաջ՝ «ապա թող փորձեն», ասում էր Բեառուսի նախագահը: Դրանից ամիսներ առաջ բավական բաց խոսակցություն սկսեց ծավալվել, որ Պուտինը նրա առաջ դնում է Ռուսաստանին միանալու հարցը:

Ձերբակալելով վագներականներին, Լուկաշենկոն հայտարարեց, թե նրանք մտադիր էին հրահրել անկայունություն: Արդյոք այդ կերպ նա փորձում էր արտաքին վտանգի ձեռնածությամբ ապահովել բելառուսների համախմբումն իր շուրջ, ինչը փաստացի չի ստացվել, թե՞ նա պարզապես ակնարկում էր, որ Պուտինը հանձնելու է իրեն, այն բանից հետո, երբ ստացել է մերժում միավորվելու հարցում:

Ռուսաստանը վախենում է կորցնել Բելառուսը, ընտրությունից մի քանի օր առաջ հայտարարել էր Լուկաշենկոն, նշելով, որ Բելառուսի հանդեպ աճել է թե Արեւմուտքի, թե Չինաստանի հետաքրքրությունը: Նա օգնությու՞ն էր կանչելու, փորձելով խաղալ տարբեր ուղղություններով, թե՞ ավարտվեց այդ խաղի հնարավորությունը, եւ Լուկաշենկոյին պարզապես բոլոր ուղղություններից դրեցին ընտրության կամ կողմնորոշվելու հրամայականի առաջ, որից էլ կախված է լինելու, թե ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը Բելառուսում: Մի բան հստակ է, որ Լուկաշենկոն գիշերը կորցրել է իշխանությունը, պարզապես հարցն այն է, թե ինչքան ժամանակ կպահանջվի դրա ձեւակերպման համար:

Комментариев нет: