Կհաղթի վիրուսից վախը, թե՞ հոգևորի պահանջը. «բացօթյա արվեստը» տարակուսանքների տեղիք է տվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/15/2020

Կհաղթի վիրուսից վախը, թե՞ հոգևորի պահանջը. «բացօթյա արվեստը» տարակուսանքների տեղիք է տվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ


«Հայաստանի ոչ բոլոր թատրոններն ունեն բացօթյա ներկայացումներ տալու հնարավորություն, իսկ եթե նույնիսկ դրանք կազմակերպվեն, կարող են լինել մեծ թվով մարդկանց կուտակումներ և իրավիճակը, հնարավոր է, դուրս գա վերահսկողությունից»,- նման տեսակետ է հայտնում Թատերական գործիչների միության նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը՝ անդրադառնալով ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությանը, որ առաջիկայում թատրոնները և համերգասրահները կգործեն բացօթյա։ Նրա համոզմամբ՝ թատրոնների բացօթյա գործունեությունը կարելի է անցումային, միջանկյալ որոշում համարել, սակայն, Ղազանչյանի կարծիքով, բացօթյա ներկայացումները լուրջ թափ չեն ստանա, մեկ-երկու ներկայացումից հետո կուտակումներ կլինեն, և պարետատունը կարգելի դրանց անցկացումը: Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը, որը նաև Թատրոնների տնօրենների խորհրդի նախագահն է, ուրախ է, որ խորհրդի կողմից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն արված առաջարկությունները վերջինս էլ իր հերթին ներկայացրել է պարետատանը: Առաջարկությունների մի մասը վերաբերել է հենց բացօթյա ներկայացումներին, մյուս մասը՝ դահլիճում սահմանափակ թվով հանդիսատեսի ընդունելությանը՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ: Առաջինը, փաստորեն, արդեն ընդունվեց, իսկ երկրորդ մասով քննարկումներ են ընթանում: Հաշվի է առնվում նաև միջազգային փորձը: Ռուբեն Բաբայանի խոսքով՝ թերևս սեպտեմբերի կեսից հնարավոր կլինի հանդիսատեսին ընդունել նաև թատրոնների փակ դահլիճներում: Անդրադառնալով Հակոբ Ղազանչյանի այն մտահոգությանը, որ բացօթյա ներկայացումների հնարավորություն շատ թատրոններ չունեն, պարոն Բաբայանը շեշտում է՝ օրինակ՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն ունի մեծ բակ, որտեղ պատրաստվում են ներկայացումներ խաղալ, և տնօրենն էլ պատրաստականություն է հայտնել տարածքը տրամադրել այլ թատրոնների ևս, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը մտադիր է օգտագործել հարակից այգին, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ևս ունի այգի, որն օգտագործում է, Սայաթ-Նովա փողոցին կից Տիկնիկային թատրոնի պատշգամբն արդեն իսկ ծառայել է բացօթյա համերգների համար, թատրոնի սրճարանը ևս կարող է այդ առումով ֆունկցիոնալ նշանակություն ունենալ: Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Մկրտիչ Բաբաջանյանն ուրախություն հայտնեց, որ բացօթյա համերգներով հանդես գալու հնարավորություն է ընձեռվում: Օպերային թատրոնի տանիքում, Մկրտիչ Բաբաջանյանի խոսքով, 60-70 հոգի հանդիսատես կարող է տեղավորվել: Թատրոնն արդեն իսկ մշակել է ծրագրեր: Իհարկե, բացօթյա համերգի պարագայում կարող են առաջանալ մի շարք տեխնիկական խնդիրներ, օրինակ՝ տանիքում երեկոյան բավական քամոտ է և դա, հնարավոր է, խոչընդոտի կոլեկտիվի աշխատանքը: Կարող են ի հայտ գալ տեխնիկական այլ խնդիրներ ևս: Մեր զրուցակցի համոզմամբ, սակայն, դրանց կարելի է լուծում տալ: Չնայած բոլոր ռիսկերին՝ թատրոնների և համերգասրահների բացօթյա գործունեությունը կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակի պայմաններում կարելի է հնարավոր միջանկյալ լուծումներից համարել՝ ստեղծագործական կյանք վերադառնալու և հանդիսատեսին հոգևոր սնունդով ապահովելու համար:


Աննա Բաբաջանյան


© factor.am

Комментариев нет: