Քննարկվում է ընտրելու իրավունքի տարիքային շեմն իջեցնելու հարցը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/22/2020

Քննարկվում է ընտրելու իրավունքի տարիքային շեմն իջեցնելու հարցը

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քննարկում է ընտրելու իրավունքի տարիքային շեմն իջեցնելու հարցը: Այդ մասին հրավիրված առցանց քննարկման ժամանակ ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը:

«Քննարկվում է երեք հնարավոր սցենար: Սցենարներից մեկն այն է, որ թողնվում է, ինչպես, որ կա, այսինքն՝ 18 տարեկանը: Ես այդ տարբերակի կողմնակիցը չեմ: Սցենարներից մյուսը ենթադրում է, որ տարիքն իջեցվում է 16 կամ 17: Երրորդ սցենարն այն է, որ այդ տիրույթում ազատություն է տրվում օրենսդիրին և խորհրդարանը կարող է որոշել, թե որ ընտրություններում, ինչ տարիքային շեմ սահմանի: 16 տարեկանից քաղաքացուն տալիս ենք ընտանիք կազմելու իրավունք, հավաքների մասնակցելու իրավունք, աշխատելու իրավունք, այդ ամենի հետ մեկտեղ, ինչո՞ւ չպետք է ունենա ընտրելու իրավունք»,- ասաց Իոաննիսյանը:


Հանձնաժողովի անդամը նշեց, որ միայն երկու հարց կա, որի շուրջ իրենք արդեն ունեն հստակ ձևավորված մոտեցում, դրանցից մեկն այն է, որ Հայաստանը կմնա խորհրդարանական հանրապետություն, մյուսն այն է, որ Հայաստանը կհրաժարվի խորհրդարանում կայուն մեծամասնության մեխանիզմից:

«Ընտրական իրավունքի և իշխանության ձևավորման հետ կապված մի շարք հարցեր կան, որոնք հանձնաժողովի օրակարգում են: Դրանցից մեկը վերաբերում է ՀՀ նախագահի ընտրության մեխանիզմին, թե ով պետք է նրան ընտրի: Հաջորդը վերաբերում է հանրաքվեներին, ստորագրահավաքների մեխանիզմին, որոնք Սահմանադրությունում կան, բայց առայսօր ոչ ոք չի էլ փորձել կիրառել: Չորրորդ բաժինը կառավարության ձևավորումն է կայուն մեծամասնությունից հրաժարվելու դեպքում, այսինքն՝ եթե մենք հրաժարվում ենք կայուն մեծամասնության երաշխավորումից, ինչպես պետք է ձևավորվի կառավարությունը»,- նշեց հանձնաժողովի անդամը:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը ՀՀ վարչապետի կողմից հաստատվել է 2020թ. փետրվարի 12-ին: Հանձնաժողովը պետք է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը մշակի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:

Комментариев нет: