Նույնիսկ Սևանի շուրջ զարգացումը համաչափ չէ. Նիկոլ Փաշինյանի այցը Գեղարքունիք - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/18/2020

Նույնիսկ Սևանի շուրջ զարգացումը համաչափ չէ. Նիկոլ Փաշինյանի այցը Գեղարքունիք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ՝ ծանոթացել մի շարք համայնքներում իրականացվող պետական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։

Վարչապետի այցը մեկնարկել է Լճաշեն համայնքից. այստեղ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում է Լճաշենի «Մանչուկ» մանկապարտեզը:


Նախակրթական հաստատության տարածքում շրջայցի ընթացքում վարչապետ Փաշինյանին ներկայացվել են կատարված աշխատանքները: Նշվել է, որ մինչ ծրագրի իրականացումը մանկապարտեզում գործում էր 3 խումբ, և երեխաների մի մասը հնարավորություն չուներ հաճախելու մանկապարտեզ: Վերանորոգումից և ընդլայնումից հետո կավելանա ևս 1 խումբ՝ 40 տեղով, և հաստատությունը կաշխատի լիարժեք՝ 120 տեղ ծանրաբեռնվածությամբ: Աշխատանքները վերջնական փուլում են,  ավարտին կհասցվեն այս տարվա հոկտեմբերի վերջին: Հիմնանորոգման պայմանագրային արժեքը 18 մլն դրամ է, որի 65 տոկոսը հատկացրել  է կառավարությունը, 35-ը՝ Լճաշենի համայնքապետարանը: Մարզպետ Գնել Սանոսյանը նշել է, որ 2018 թ. ՀՀ կառավարության հրատապ ծրագրով բարեկարգվել է մանկապարտեզի բակը: Իսկ ընդհանուր առմամբ 2019 և 2020 թթ. Լճաշենում 7 սուբվենցիոն ծրագիր է իրականացվել, այդ թվում՝ ասֆալտապատվել են ներհամայնքային ճանապարհները, կառուցվել է համայնքի երկրորդական փողոցների լուսավորության ցանց և ենթակառուցվածքների զարգացման այլ ծրագրեր:

Վարչապետի այցի հաջորդ կանգառը Գանձակ համայնքն էր: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Գանձակի Բաղրամյան փողոցի ասֆալտապատման, ինչպես նաև համայնքի կենտրոնական հրապարակի հիմնանորոգման աշխատանքներին: Նշվել է, որ Գանձակի Բաղրամյան փողոցը հիմնանորոգվում է պետական միջոցներով։ Ճանապարհաշինական աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա վերջին, կավարտվեն այս տարվա սեպտեմբերին։ Ճանապարհի երկարությունը 2 կմ է, ասֆալտապատվող մակերեսը` 13000 քմ.։ Այս պահի դրությամբ իրականացվել է շինարարական աշխատանքների մոտ 60 տոկոսը։ Ծրագրի պայմանագրային արժեքը 307 մլն 750 հազ. դրամ է: Իսկ համայնքի կենտրոնական հրապարակը վերակառուցվում է 14 մլն 500 հազ. դրամ պայմանագրային արժեքով սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2 շաբաթ առաջ: Հրապարակում անցկացվելու է լուսավորության համակարգ, կանաչապատվելու է տարածքը տեղադրվելու են նստարաններ, սալիկապատվելու են անցուղիները,  կառուցապատվելու է հրապարակին կից գետի հունը:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Գանձակի գյուղի կենտրոնում պահպանվող 9-րդ դարի Սբ. Գևորգ եկեղեցի, շրջել եկեղեցու բակում և ծանոթացել պատմաշակութային հուշարձանի պատմությանը։

Գանձակից վարչապետ Փաշինյանն ուղևորվել է Ծովասար համայնք, որտեղ իրականացվող սուվենցիոն ծրագրի շրջանակում համայնքն առաջին անգամ մանկապարտեզ կունենա: Շինհրապարակում շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել ծրագրի վերաբերյալ. շինարարությունը մեկնարկել է 2019թ., ավարտը նախատեսված է 2020թ. վերջին: Նախատեսվում է մանկապարտեզի նոր շենքի կառուցում, ընդհանուր տարածքի բարեկարգում: Ծրագրի պայմանագրային արժեքը 203 մլն դրամ է, որի 65 տոկոսը հատկացրել է կառավարությունը, 35-ը՝ Ծովասարի համայնքապետարանը: Նորակառույց մանկապարտեզն ունենալու է 100 տեղ՝ 4 խմբով: Այս պահին շինարարությունն իրականացվել է 50-60 տոկոսով: Գեղարքունիքի մարզպետը նշել է, որ Ծովասարի սուբվենցիոն ծրագիրը 3 կարևոր բաղադրիչ ունի՝ համայնքն առաջին անգամ կունենա մանկապարտեզ, ծրագրին մասնակցում են պետությունը, համայնքը և համայնքային ներդրողները, շինաշխատանքներում ներգրավված են համայնքի բնակիչները:

Կարևորելով Ծովասարում առաջին անգամ գործող մանկապարտեզի կառուցումը՝  վարչապետն ընդգծել է. «Սա մեր սուբվենցիոն ծրագրերի ամենալավ բաղադրիչն էր, որ կիրառեցինք, երբ իրականում կա ոչ թե 2, այլ 3 կողմ, այսինքն՝ համայնքը, կառավարությունը և տեղի բնակիչները կամ բարերարները: Եվ սա մուլտիպլիկատիվ էֆեկտ է տալիս, որովհետև եթե համայնքն առանձին գործն աներ, փոքր մասշտաբի գործ էր ստացվելու, կառավարությունը՝ նայած, և բարերարներն էլի վերցնում էին, շատ մեծ մասշտաբ հիմնականում չէր լինում: Իսկ երբ 3 սուբյեկտը միանում են, արդեն լինում է շոշափելի կապիտալ արդյունք, որն արդեն ոչ միայն շենք է, այլև երեխաների, սերնդի զարգացման գործում շատ լուրջ և էական ներդրում է»:

Շարունակելով Գեղարքունիքի մարզով աշխատանքային այցը՝ կառավարության ղեկավարը հաջորդիվ այցելել է Լիճք, Վարդենիկ և Արծվանիստ համայնքներ: Առաջին 2 համայնքներում՝ սուբվենցիոն, իսկ Արծվանիստ համայնքում՝ պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվում են ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքներ: Վարչապետ Փաշինյանը տեղում հետևել է կատարվող աշխատանքներին, զրուցել շինարարների հետ, հետաքրքրվել աշխատանքի որակով և նաև աշխատանքային պայմաններով:

Նշվել է, որ օգոստոսի սկզբից մեկնարկած ծրագրերի շրջանակում՝

•             Լիճքում ընթացքի մեջ է 1800 մ ընդհանուր երկարությամբ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատումը: Ծրագրի պայմանագրային  արժեքը կազմում է շուրջ 82 մլն  դրամ, որի 60 տոկոսը  հատկացրել է կառավարությունը, 40-ը՝ Լիճքի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկա ամիսներին:

•             Վարդենիկում ասֆալտապատվում է ընդհանուր 6 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհ: Ծրագրի  պայմանագրային  արժեքը կազմում է շուրջ  290 մլն  դրամ, որի 60 տոկոսը  հատկացրել  է կառավարությունը, 40-ը՝ Վարդենիկի համայնքապետարանը: Ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել 12 փողոց:

•             Արծվանիստի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատումն իրականացվում է և՛ պետական, և՛ սուբվենցիոն ծրագրերով: Նախ, վարչապետը ծանոթացել է նոր աղբյուրակապի և սնման ջրատարի կառուցման ծրագրի ընթացքին՝ 22 մլն 292 հազ. դրամ ընդհանուր արժեքով, որի 70 տոկոսը հատկացնում է կառավարությունը, 30-ը՝ Արծվանիստի համայնքապետարանը: Ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատման ընդհանուր արժեքը կազմել է 56 մլն 196 հազ. դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է կառավարությունը, 40-ը՝ Արծվանիստի համայնքապետարանը: Սուբվենցիոն ծրագրերն արդեն հասցվում են ավարտին:

Վարչապետին ներկայացվել է, որ առաջին անգամ հիմնանորոգվել է Արծվանիստի Վանեվան վանական համալիր տանող 3.3 կիլոմետրանոց ներհամայնքային ճանապարհը: Վաղ միջնադարում կառուցված Վանեվան վանական համալիրը պատմամշակութային կարևոր հուշարձան է, և դրան կապող ներհամայնքային ենթակառուցվածքների բարելավումը կնպաստի Արծվաշենի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը, զբոսաշրջիկների ներգրավմանը:  Շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 451 մլն դրամ: Կառավարության ղեկավարն այցելել է Վանեվանի վանական համալիրի եկեղեցի, բարձր գնահատել կատարված աշխատանքի որակը, կարևորել կառուցված ճանապարհի զբոսաշրջային նշանակությունը:

Վարչապետ Փաշինյանը բոլոր համայնքներում հանդիպել է դրսում հավաքված բնակիչներին, զրուցել նրանց հետ համայնքների զարգացման ծրագրերի շուրջ, պատասխանել մի շարք հարցերի: Մասնավորապես, անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանցում համայնքի մասնակցությունն ապահովում է հենց տեղի բնակիչների հարկերի շնորհիվ, և որքան բարեխիղճ, պատասխանատու կերպով վճարվեն հարկերը, այնքան ավելի շատ եկամուտ կգեներացնի համայնքը և այնքան ավելի զարգացման ծրագրեր կիրականացվեն, որոնց շահառուները հենց համայնքների բնակիչներն են: «Մենք 2018 թ. որդեգրել ենք հետևյալ քաղաքականությունը՝ սուբվենցիան մեր տարածքային համաչափ զարգացման հիմնական գործիքն է, բայց նաև մեր փորձը ցույց է տալիս, որ խոշոր կամ խոշորացված համայնքներն են, որ կարողանում են սուբվենցիայի համար անհրաժեշտ միջոցներ գեներացնել: Խոշորացումը պետք է շարունակվի, և մարդիկ պետք է այսպես արդյունքը տեսնեն: Չեմ ասում, որ մարդկանց կյանքը գլխիվայր շրջվել է, բայց եթե ճանապարհներ ենք կառուցում, ինչը երբեք չեն եղել, 30-40 տարի չնորոգված ճանապարհ, մանկապարտեզ, ինչը նախկինում երբեք չի եղել, պետք է հերթով, քայլ-քայլ առաջ գնանք, տարեցտարի, ամիս-ամիս, սեզոն-սեզոն: Սա դեռ կորոնավիրուսային տարին է: Եթե մենք կարողանանք եռակողմ սուբվենցիայի գաղափարն ավելի խորացնել, համայնքների զարգացումը շատ ավելի խոշոր ու մեծ տեմպերով առաջ կգնա», - բնակիչների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Գեղարքունիքի մարզ վարչապետի աշխատանքային այցը եզրափակվել է Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի շինարարական տեղամասեր շրջայցերով:

Վարչապետը նախ ծանոթացել է Արեգունի-Ծափաթաղ 12,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի նորոգման աշխատանքների արդյունքներին: Այս ճանապարհը նախկինում երբևէ ասֆալտապատված չի եղել, և պատմության մեջ առաջին անգամ հիմնանորոգվել է 2019 թվականին։ Շինարարական աշխատանքների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 457 մլն դրամ: Կատարվել է հիմքի և երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի կառուցում՝ մոտ 11 կմ երկարությամբ, մնացած 1,5 կմ վրա տեղադրվել է ասֆալտբետոնյա ծածկ:

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքից և ընդգծել՝ Արեգունի-Ծափաթաղ ճանապարհահատվածը գտնվում է Սևանի արևելյան ափին, և իր դիրքի, բնաշխարհի և կլիմայի շնորհիվ ունի ռազմավարական նշանակություն Սևանի համաչափ զարգացման համար: Այս կապակցությամբ վարչապետը նշել է. «Մենք նախորդ տարի ի՞նչ խնդիր ենք ձևակերպել՝ որ Սևանա լճի շուրջ բոլոր ճանապարհները պետք է լինեն բարեկարգ: Այսինքն՝ ասում ենք տարածքային համաչափ զարգացում, բայց նույնիսկ Սևանի շուրջ զարգացումը համաչափ չէ. մի փոքր հատվածում գերբեռնված է, մնացած հատվածներում, ընդհանրապես չքնաղ տեղեր կան, բայց ճանապարհի պատճառով նորմալ զարգացած չեն: Խնդիր ենք դրել՝ Սևանա լճի շուրջ ճանապարհը պետք է լինի լրիվ բարձր վիճակի, և և արդեն այս տարի մոտենում ենք»:

Հաջորդիվ վարչապետն այցելել է Սևանա լճի արևելյան ափի 20 կիլոմետրանոց ճանապարհահատվածի շինարարական տեղամաս, որտեղ ավարտին են հասցվում նորոգման աշխատանքները։ Հիմնանորոգվում է Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս 19+450 կմ-ից մինչև 39+400 կմ ճանապարհահատվածը: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 2 մլրդ 629 մլն դրամ: Իրականացվում է հիմքի և երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի, 5 կամրջի և 7 կամրջային անցումների կառուցում, 15225 մ երկարությամբ մետաղական արգելապատնեշի տեղադրում, կահավորում, գծանշում:

Վարչապետը նշել է, որ նշված հատվածի հիմնանորոգումը Սևանա լճի արևելյան ափի՝ այս տարվա ամենախոշոր ծրագիրն է և տեղավորվում է կառավարության որդեգրած այն տրամաբանության մեջ, որ Սևանի շուրջ պետք է բարձր որակի ճանապարհ լինի: «Մյուս տարի Սևանա լճի շուրջ բարձր որակի ճանապարհ կառուցելու ծրագիրն ամբողջացվելու է, և Սևանի արևելյան ափին տնտեսական հեղափոխության նախադրյալներն ստեղծված են: Ծափաթաղից Վարդենիս հատվածի բնաշխարհը լիովին ուրիշ բնաշխարհ է,  և այստեղ ներդրումային նոր մշակույթ պետք է ներդնենք, որը վետերոկի տրամաբանությունից պետք է դուրս լինի և պետք է լինի էկոտուրիզմի տրամաբանության մեջ, որտեղ անսահմանափակ ներուժ կա: Մի ծառ, մի թուփ չպետք է վնասվի, ինչ էլ վնասվի, պետք է տեղը 10 հատ դրվի: Հենց այս ափն է կուրորտային  գոտին, տաք է ու մաքուր: Եվ այս պարագայում մենք Սևանի թերակղզու կատաստրոֆայից ազատվելու հնարավորություն կունենանք, որովհետև ամբողջ Սևանա լիճը դրել ենք գործնականում մի քանի կիլոմետրի վրա, այնտեղ սարսափելի վիճակ է, և մենք դրանով առանձին կզբաղվենք», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով նաև հանրային լողափերի մշակույթի փոփոխությանը միտված քայլերի ձեռնարկումը:

Վերջին կանգառը Շորժա-Ծովագյուղ ճանապարհի 7 կմ-անոց հատվածն էր: Վարչապետը դիտարկել է կատարվող վերանորոգման աշխատանքների ընթացքը: Պատասխանատուները զեկուցել են, որ ճանապարհահատվածը վերանորոգվում է՝ հաշվի առնելով նախկին նորոգմամբ պայմանավորված թերացումները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է աշխատանքի որակյալ և հավուր պատշաճ իրականացումը:

Комментариев нет: