Հայաստան, Բելառուս, Խաբարովսկ. Կրեմլի Բերմուդյան եռանկյունին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/11/2020

Հայաստան, Բելառուս, Խաբարովսկ. Կրեմլի Բերմուդյան եռանկյունին

ՌԴ նախագահ Պուտինը օգոստոսի 7-ի առավոտյան զանգահարել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին: Ըստ տեղեկության, պատճառը «վագներականներն» են, որոնց Բելառուսում ձերբակալել է Լուկաշենկոն, հայտարարելով, թե եկել էին իրավիճակն ապակայունացնելու: Բանն այն է, որ Մինսկը պատրաստվում է նրանց մի մասին հանձնել Ռուսաստանին, բայց մի մասին էլ հանձնել Ուկրաինային: Կիեւը ակնկալում է, որ Լուկաշենկոն կհանձնի նրանց, ովքեր կարող են առնչություն ունենալ Դոնբասում ահաբեկչական եւ ապակայունացնող գործունեության հետ:


Մոսկվայի համար դա կլինի իսկապես շոշափելի հարված, եւ Պուտինն ըստ երեւույթին փորձում է կանխել այն: Փորձում է անել դա Լուկաշենկոյին համոզելու՞, թե՞ սպառնալու միջոցով: Բարդ է ասել: Համենայն դեպս, Բելառուսում ստեղծվել է նախագահի ընտրության աննախադեպ իրավիճակ, որում Լուկաշենկոն փորձում է խաղալ տարբեր ուղղություններով: Նա հայտարարել է, որ ձերբակալվել են նաեւ ԱՄՆ անձնագիր ունեցողներ, որոնք ամուսնացած են պետքարտուղարության աշխատակից կանանց հետ:

Օրերս նա հայտարարել էր, թե Ռուսաստանը վախենում է կորցնել Բելառուսը, որը նրա խոսքով Մոսկվայի վերջին իրապես հավատարիմ դաշնակիցն է: Իրականում իսկապես բարդ է ասել, թե ով է ավելի շատ վախենում՝ Ռուսաստա՞նը, թե՞ Լուկաշենկոն՝ Ռուսաստանից: «Վագներականները» նրա համար բելառուսներին ձեռնածության ենթարկելու փո՞րձ է, թե՞ նա իսկապես ունի մտավախություն, որ Ռուսաստանը կարող է հրաժարվել իր ծառայությունից: Լուկաշենկոն Մոսկվային գուցե պետք էր մեկ պետության գաղափարը կյանքի կոչելու համար, ինչը Պուտինին կազատեր զրոյացման գնալու անհրաժեշտությունից: Բանն այն է, որ չնայած Ռուսաստանում լուծվեց զրոյացման հարցը, սակայն կասկածից վեր է, որ այն «անաղմուկ» իրացնելն ունեցել է իր գինը ներիշխանական ուժերի հարաբերակցության առումով, ընդ որում այնպիսին, որ գոլորշին այդուհանդերձ հնարավոր չեղավ փակել ամբողջապես, եւ այն պոռթկաց հեռավոր Խաբարովսկից:

Հիմա բավականաչափ գոլորշի է կուտակվում Բելառուսում, եւ Լուկաշենկոն իսկապես վախենում է, թերեւս պատկերացնելով նաեւ Ռուսաստանի իշխանության ներսում խթանված տրանսֆորմացիաների խորությունը: Բանն այն է, որ դրանք չափազանց բարդ են, միաժամանակ անխուսափելի: Ռուսաստանը գտնվում է ռեսուրսների սպառման գործընթացում, միաժամանակ սակայն չափազանց անկենսունակ է ճկուն տրանսֆորմացիայի հարցում: ՌԴ-ն խիստ զգայուն է փլուզման առումով, եւ այդ հարցում խիստ զգայուն են նաեւ միջազգային անվտանգության առանցքային խաղացողները:

Այդ իմաստով, նոր աշխարհքաղաքական եւ աշխարհակարգային միջավայրում ՌԴ ներիշխանական տրանսֆորմացիայի կուտակվող լիցքերի գոլորշու առաջին կամա թե ակամա բացթողումը Հայաստանում էր՝ 2018 թվականին, որում էր թերեւս նաեւ թավշյա հեղափոխության հանդեպ ՌԴ լոյալության պատճառներից մեկը:

Հաջորդը Խաբարովսկն էր, զուգահեռ Բելառուսի վիճակն է: Ռուսաստանի առկա իրավիճակի համար ստեղծվել է յուրօրինակ Բերմուդյան եռանկյունի, որի զգացողությունն է նաեւ այդ աստիճան ջղաձիգ տագնապի հասցնում մարգարիտասիմոնյանական թեւին: Կարերը քանդվում են, եւ «ներքին արնահոսություն» թույլ չտալու համար Կրեմլում ստիպված են լինում գնալ այսպես ասած մերձավոր արտաքին «բացթողումների» մարտավարության ճանապարհով: Խաբարովսկը թեեւ դե յուրե ՌԴ սուբյեկտ է, բայց Ռուսաստանի Հեռավոր Արեւելքն արդեն դե ֆակտո չինական է:

Комментариев нет: