ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՆԽԵ՞Ց ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/17/2020

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՆԽԵ՞Ց ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Ալիեւյան քարոզչությունը չի հանդարտվում: Հայաստանին 400 տոննա ռուսական սպառազինություններ մատակարարելու թեմայով հրապարակումների պակաս չկա: Նման հիստերիայի պատճառը, կարծես, բացահայտվում է: Ադրբեջանական մամուլը, թեեւ բավական մանվածապատ ձեւակերպումներով, բայց այն միտքն է գեներացնում, որ խնդիրը ռազմական բեռների քաշը չէ, այլ՝ որակը: Եթե Բաքվի իրազեկվածությունը մոտ է իրականությանը, ապա Ռուսաստանը Հայաստան է առաքել «ռադիոէլեկտրոնային պայքարի արդիական համակարգեր»: Սա արդեն չափազանց լուրջ է: Գաղտնիք չէ, որ «ղարաբաղյան երկրորդ պատերազմում անվերապահ հաջողության» գրավական Ադրբեջանը դիտարկում էր ռազմական ավիացիայի, հրթիռային համակարգերի եւ ԱԹՍ-երի առումով Հայաստանի եւ Արցախի նկատմամբ առավելությունը:

Ապագա «հաղթարշավի» սցենարը մոտավորապես այսպիսին էր՝ հուժկու հրթիռային հարված հայկական պաշտպանության խորքին՝ զինապահեստների, հրամանատարական կետերի, կոմունիկացիաների ոչնչացմամբ եւ կապի խզմամբ, ապա՝ ավիացիայի եւ հրետանային միջոցների կիրառմամբ առաջնագծի «հարթուկում»՝ բոլոր ուղղություններով, հատուկ նշանակության ստորաբաժանումների օդային դեսանտ՝ թիկունքում հետախուզա-դիվերսիոն գործողություններ իրականացնելու եւ խաղաղ բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով, որից հետո՝ զրահատանկային ուժերի եւ հետեւակի համաժամանակյա ներխուժում: Եթե հայկական կողմն իրոք ստացել է ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի արդիական սարքավորումներ, ապա դա նշանակում է, որ Ադրբեջանը չի կարող անարգել գործարկել ռազմական ավիացիան, հրթիռային եւ ռադիոլոկացիոն սեփական համակարգերը, զանգվածաբար կիրառել ԱԹՍ-եր եւ միաժամանակ ՀՕՊ ուժերով պաշտպանել իր ռազմական ենթակառուցվածքներն ու հրամանատարական կետերը:

Բաց աղբյուրները ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները բնութագրելիս շեշտում են հակառակորդի ավիացիան, հրթիռային համակարգերը, կապը եւ ՀՕՊ-ը բառիս բուն իմաստով կաթվածահար անելու դրանց հնարավորությունը: Դրանով է, թերեւս, բացատրվում Իլհամ Ալիեւի նյարդային զանգը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Եթե ամեն ինչ համապատասխանում է ադրբեջանական մամուլի հրապարակումներին կամ դրանց հավաստիությունն առնվազն մոտ է իրականությանը, ապա ստացվում է, որ Հայաստանին ՌԷԲ արդիական համակարգեր մատակարարելով՝ Ռուսաստանը փաստացի արգելափակել է «ղարաբաղյան երկրորդ պատերազմ» սկսելու՝ Ալիեւի նպատակադրվածությունը:

Комментариев нет: