«Ապրի՛ր, Բելառուս»․ դեմարշ Լուկաշենկոյին՝ «Եվրոպայի վերջին դիկտատորին» - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/12/2020

«Ապրի՛ր, Բելառուս»․ դեմարշ Լուկաշենկոյին՝ «Եվրոպայի վերջին դիկտատորին»

Օգոստոսի 9- ից՝  նախագահի ընտրությունից, հետո Բելառուսում երկրով մեկ զանգվածային ցույցերը չեն դադարում, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունենում, իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ, մահակներ և լուսաձայնային նռնակներ, կան հազարավոր ձերբակալվածներ, տուժել է հարյուրից ավելի քաղաքացի, զոհվել է միտինգի մասնակից։




Բողոքի ակցիաների պատճառը Բելառուսում նախագահի ընտրության պաշտոնական արդյունքն է, որի համաձայն Ալեքսանդր Լուկաշենկոն դարձյալ հաղթել է՝ վեցերորդ անգամ, ձայների 80 տոկոսով։ Քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 84 տոկոսը: Նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան ստացել է քվեների մոտ տասը տոկոսը, մնացած թեկնածուներից յուրաքանչյուրի քվեները երկու տոկոսի էլ չեն հասել: Տիխանովսկայայի շտաբը հրաժարվել է ճանաչել ընտրությունների արդյունքները:



Լուկաշենկոն Բելառուսը ղեկավարում է 1994 թվականից՝ ավելի քան 25 տարի, նրան անվանում են «Եվրոպայի վերջին դիկտատոր»: Այժմ բելառուսները մասշտաբային ակցիաներով փորձում են իշխանափոխություն իրականացնել, և չնայած պաշտոնական տվյալներին, նրանք համոզված են, որ ընտրությանը չի արտահայտվել ժողովրդի կամքը։



Միաժամանակ, ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայան հեռացել է Մինսկից և այժմ գտնվում է Վիլնյուսում: Մինչ այդ Բելառուսի իշխանությունները ձերբակալել են նրան և յոթ ժամ պահել անազատության մեջ՝ առանց հիմնավորման։ Ավելի ուշ նախագահի ընդդիմադիր թեկնածուն տեսաուղերձ է տարածել՝ ասելով, որ մարդկային կյանքը վեր է ամեն ինչից, իսկ նրա թիմակիցները պնդում են, որ պետք է դադարեցնել արնահեղությունը, պաշտպանել հաղթանակը օրինական, ոչ բռնի միջոցներով։




Այդուհանդերձ, Բելառուսում վիճակը ճգնաժամային է, հարյուրհազարավոր մարդիկ ոտքի են ելել իշխանափոխություն անելու։ Ինքը՝ Լուկաշենկոն, չի պատրաստվում հրաժարական տալ, իրավապահներն էլ հերթական նախազգուշացումն են տվել ցուցարարներին:



Դա, սակայն, չի կանգնեցնում նրանց, ավելին, Բելառուսում ընդդիմությունը համազգային գործադուլ է հայտարարել, պատրաստվում են վերստին բողոքի ակցիաներ անցկացնել։ ՕՄՕՆ-ին (ոստիկանության հատուկ նշանակության ջոկատ)  տեսնելով` Մինսկի բնակիչները սուլում են և վանկարկում․ «Ապրի՛ր, Բելառուս»։



Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը խորը մտահոգություն են հայտնել՝ կոչ անելով Բելառուսի իշխանություններին հարգել հիմնարար ազատություններն ու իրավունքները և զերծ մնալ ուժի գործադրումից։ Պետքարտուղար Մայք Փոմփեոն հորդորել է կառավարությանը հարգել խաղաղ հավաքների մասնակցելու՝ սեփական քաղաքացիների իրավունքը և ազատ արձակել ձերբակալվածներին:



Հակաիշխանական խմորումները շարունակվում են, առայժմ ոչ մի կողմը հետքայլ չի անում։ Բելառուսի իշխանությունները կշարունակեն ուժ կիրառել ժողովրդի դեմ, որն, ի վերջո, կհանգեցնի բողոքի ակցիաներն արնահեղությամբ ճնշելուն։ Նման բռնատիրական սցենարը դժվար երկարատև կայունություն ապահովի երկրում, իսկ ընդդիմադիրների հաղթանակը կախված կլինի քաղաքական գործարքերի քայլերից։



Комментариев нет: