Բաքվում սկսել է դիմադրությո՞ւն Թուրքիային. մատնագիր Մոսկվա - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

8/13/2020

Բաքվում սկսել է դիմադրությո՞ւն Թուրքիային. մատնագիր Մոսկվա

Թուրքիայի արտգործնախարար Չավուշoղլուն, Անկարայում ընդունելով Ադրբեջանի նոր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին, ասել է, թե Թուրքիան կաջակցի Ադրբեջանին «ղարաբաղյան կարգավորման ցանկացած տարբերակի դեպքում»

Ադրբեջանի նոր նշանակված արտգործնախարարը իր առաջին այցն է կատարել Թուրքիա: Նրա հետ Անկարա է մեկնել նաեւ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Դա թերեւս Ալիեւի անվստահությունն է արտգործնախարար Բայրամովի հանդեպ: Բայրամովը դիվանագետ չէ, նա նշանակվել է կրթության նախարարի պաշտոնից, մասնագիտությամբ իրավաբան է եւ տնտեսագետ: Փաստորեն, նա պետք է սովորի դիվանագիտություն, կամ Ադրբեջանն է իր դիվանագիտության առաջ այլեւս դնում տնտեսական եւ իրավաբանական խնդիրներ:


Այն, որ Բաքվում այդ տեսանկյունից ինչ որ բան այն չէ, ակնառու դարձավ նախկին արտգործնախարար Մամեդյարովի հեռացումից, ինչը խթանեց Տավուշում հայկական ուժերից ստացած հարվածը: Ալիեւը պարտության ամբողջ պատասխանատվությունը դրեց դիվանագիտական կորպուսի վրա, հայտարարելով գրեթե դավաճան:

Մամեդյարովի դեմ գրոհը ակնհայտորեն դեմարշ էր Ռուսաստանի հանդեպ, որը տավուշյան օրերին չարդարացրեց Ադրբեջանի եւ Թուրքիայի սպասելիքները: Թեեւ, դա առիթ էր Մամեդյարովին ճանապարհելու համար, քանի որ Բաքվում այդ առիթը փնտրվում էր տեւական ժամանակ:

Հարցն այն է, թե այդ առիթը փնտրողն Ալիեւն էր, թե Էրդողանը: Բանն այն է, որ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի նախորդ տարեվերջին Մոսկվա կատարած առաջին պաշտոնական այցը, Պուտինի ընդունելությունը եւ շքանշանը Էրդողանի համար թերեւս տհաճ նորություն էր: Անկարան ըստ ամենայնի համարեց, որ Ադրբեջանում իշխանությունը սահում է դեպի Մոսկվա: Հատկանշական էր, որ Բաքվի առաջին փոխնախագահը իր առաջին այցը կատարում է Մոսկվա, ոչ թե Անկարա: Եվ այդ ֆոնին հատկանշական է, որ Մամեդյարովից հետո նոր նշանակված ոչ դիվանագետ եւ անհասկանալի արտգործնախարարը առաջինն այցելում է հենց Անկարա: Ըստ ամենայնի, Թուրքիան հավակնում է վերցնել Ադրբեջանի արտգործնախարարությունը: Տարիների ընթացքում թերեւս ձեւավորվել էր որոշակի «ստատուս-քվո» Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ՝ առաջինին պաշտպանության, երկրորդին՝ արտաքին գործերի նախարարությունը:

Ներկայում այն խախտվում է: Այդ ֆոնին հետաքրքիր է Ալիեւի աշխատակազմի արտաքին կապերի պատասխանատու Հաջիեւի վարքագիծը, որն անցնող շաբաթներին դե ֆակտո կատարում է արտգործնախարարի պարտականությունը: Մամեդյարովի պաշտոնանկության դեպքում հենց նա էր համարվում հաջորդ արտգործնախարարը, բայց նշանակվեց մարդ «ոչ մի տեղից», որն առաջին այցը կատարում է Թուրքիա: Իսկ Հաջիեւն այդ ընթացքում հարցազրույց էր տվել ռուսական պաշտպանական հանդեսներից մեկին եւ նշել, թե Բաքուն Հայաստանի սահմանի հանդեպ չի հետապնդում որեւէ նպատակ:

Առերեւույթ դա իհարկե ցինիկ պնդում է, տողատակում սակայն Հաջիեւի խոսքն ըստ երեւույթին «մատնագիր» էր Թուրքիայի նկատմամբ, որ Հայաստանի սահմանի ուղղությամբ քայլերի Բաքվին մղում է Անկարան:

Բաքվում սկսել են Մոսկվա մատնագիր գրել Անկարայի դեմ: Եվ ավելին, օրերս ադրբեջանական պրոպագանդայի առաջամարտիկ կայքերից մեկը հանկարծ որոշել էր վերլուծել ԵՏՄ ապագան, ընդ որում բավականին հուսառատ վերջաբանով, ակնարկելով, թե պետք է գրավիչ լինել այդ ուղղությամբ նայողների համար: Ադրբեջանում սկսել է Թուրքիայի ազդեցության դեմ դիմադրությու՞ն: Ո՞վ է այն սկսել, չլինի՞ նա, ում կրծքին շողում է Պուտինից ստացված պարգեւը:

Комментариев нет: