Երևանի էական վերադասավորումը, որ նյարդայնացնում է Անկարային - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

8/31/2020

Երևանի էական վերադասավորումը, որ նյարդայնացնում է Անկարային

Սարդարապատում պարգևատրելով տավուշյան հաղթական մարտերում աչքի ընկած զինվորականներին և հրամանատարներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդիվ մեկնեց Արցախ՝ այնտեղ այցելելով առաջնագիծ, խորհրդակցություն անցկացնելով պաշտպանական բանակի շտաբում՝ Արցախի ղեկավարության մասնակցությամբ:


Թե՛ պարգևատրման արարողությունը Սարդարապատում, թե՛ շարունակությունն Արցախում բազմաշերտ խորհրդանշական է՝ հանրագումարում իհարկե արտացոլելով այն, որ Հայաստանը ռեգիոնալ մարտահրավեր և սպառնալիքի գլխավոր աղբյուր դիտարկում է այլևս ոչ թե Ադրբեջանը՝ որպես սուբյեկտ, այլ Թուրքիան: Մեծ հաշվով, այլ կերպ չի էլ եղել, այսինքն՝ հարցն այստեղ այն չէ, որ ինչ-որ բան է փոխվել Հայաստանի սպառնալիքի գլխավոր աղբյուրի տեսանկյունից: Փոխվում է Հայաստանի ընկալումը, և դա իհարկե առանցքային փոփոխություն է, որովհետև Հայաստանը գործնականում մոտ քառորդ դար կամ արդեն գրեթե երեք տասնամյակ իր քաղաքականությունը և միջազգային վարքագիծը կառուցել է Ադրբեջանը որպես գլխավոր սպառնալիքի աղբյուր մատուցելու և կարևորը՝ զսպելու վրա:

Ակնառու է, սակայն, որ դա բոլորովին այդպես չէ, ու պատճառն այն չէ, որ Բաքուն, այսպես ասած, հանդուրժող է կամ նվազ ագրեսիվ, քան Թուրքիան: Պատճառն այն է, որ առանց Թուրքիա պարզապես չկա Բաքու, հետևաբար Բաքուն, խոշոր հաշվով, իր ագրեսիվությամբ ու ռազմատենչությամբ հանդերձ, Թուրքիայի ստվերն է, Թուրքիայի հետևանքը և անգամ ինչ-որ իմաստով Թուրքիայի թաքստոցը: Հետևաբար ռացիոնալ լինել չի կարող անվտանգային պետական քաղաքականությունը դրա զսպման վրա կառուցելը, այն պետք է կառուցվի Թուրքիայի, այսինքն՝ անմիջական և առաջնային աղբյուրի զսպման վրա: Դրանով ինքնաբերաբար ազդեցություն կլինի նաև հետևանքի, այսինքն՝ Ադրբեջանի քաղաքականության ու վարքագծի վրա:


Հարկ է հստակեցնել, որ խոսքը բնականաբար այն մասին չէ, որ Հայաստանը պետք է, օրինակ, զինուժը հանի ադրբեջանական ուղղությունից և դնի թուրքական ուղղության վրա: Հայաստանում այդպիսի խնդիր չկա ընդհանրապես, Հայաստանում գործնականում ռազմական իմաստով սահման է ցանկացած տարածություն և խորություն, ու հայկական զինուժը Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ միշտ էլ, այսպես ասած, առաջնագծային պաշտպանական հեռավորության վրա է: Խնդիրը պետական քաղաքականության աշխարհաքաղաքական, արտաքին քաղաքական բովանդակությունն է, որը պետք է Ադրբեջանի վրա գերկենտրոնացվածությունից անցում կատարի Թուրքիայի վրա գերկենտրոնացվածության, որովհետև ադրբեջանական քաղաքականությունն ընդամենը էրդողանական ստվերն է, որը կառավարելու համար իրականում պետք է կառավարելի և զսպելի դարձնել բուն «մարմինը»:

Մեծ հաշվով, տավուշյան զարգացումներն ու դրանց ռազմաքաղաքական մատուցումը հուշում են, որ Երևանը կատարում է կարևոր անցումն ու, այսպես ասած, դիվանագիտական-քաղաքական վերադասավորումը: Ընդ որում, հենց դա է, որ նկատելիորեն նյարդայնացնում է Անկարային:

No comments:

READ MORE