«Սասնա ծռեր» խմբի անդամները «նոր ՊՊԾ գնդի գրավում» են խոստացել. ի՞նչ սպասել առաջիկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/17/2020

«Սասնա ծռեր» խմբի անդամները «նոր ՊՊԾ գնդի գրավում» են խոստացել. ի՞նչ սպասել առաջիկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ



2016 թվականին Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու վերաբերյալ քրեական գործը մոտենում է իր ավարտին։ Մեղադրող դատախազը «Սասնա ծռեր» խմբի անդամների համար պահանջեց տարբեր պատժաչափեր։ Խմբի անդամների մեծ մասին սպառնում է ութուկես տարվա ազատազրկում, իսկ ոստիկանների սպանության համար մեղադրվող երկու անդամներին՝ Արմեն Բիլյանին 21 տարի և Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ ազատազրկում։ Դատական նիստի ավարտից հետո մեղադրողը ասաց երեք անմեղ ոստիկանների սպանությանը համահունչ պատժաչափեր են պահանջել։ Մինչդեռ «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամների փաստաբան Մուշեղ Շուշանյանի որակմամբ՝ 2016-ին «Սասնա ծռերի» դեմ իրականացված քաղաքական հետապնդումը շարունակվում է նաև այսօր։ Ըստ փաստաբանի՝ միակ արդարացի որոշումը կարող էր լինել այն, որ ծռերը անպարտ ճանաչվեին։ Հիշեցնենք, որ գնդի գրավման օրերին զոհվեցին երեք ոստիկաններ, գնդի հենց գրավման օրը փոխհրաձգության հետևանքով զոհվեց գնդապետ Արթուր Վանոյանը, գնդի տարածքում վիրավորում էր ստացել և ապա օրեր անց հիվանդանոցում մահացել ոստիկան Գագիկ Մկրտչյանը, իսկ գնդի տարածքից դուրս էլ, դիպուկահարի կրակոցից զոհվել էր ոստիկան Յուրի Տեփանոսյանը։ Փաստաբան Մուշեղ Շուշանյանի պնդմամբ՝ «Սասնա ծռերը» այս մահերից առնվազն վերջին երկուսի հետ որևէ առնչություն չունեն։ Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի անդամները գրավել էին Ոստիկանության ՊՊԾ գունդը, պատանդառել այն ժամանակվա փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին և Հայաստանի փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին, որոշ ժամանակ անց, սակայն, նրանց բաց էին թողել։ «Սասնա ծռերը» գնդի գրավման առաջին օրերին երեք հիմնական պահանջ էին ներկայացրել իշխանություններին․ 1․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, 2․ Գնդի գրավումից մեկ ամիս առաջ կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը, 3․ Արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որի արդյունքում կձևավորվեր վստահության կառավարություն։ Մինչ «Սասնա ծռերը» գնդի ներսում էին, դրսում հաջակցություն նրանց բողոքի լայնածավալ ակցիաներ էին ընթանում, այս իրավիճակը տևեց մինչ հուլիսի 31-ը, հենց այդ օրը առանց պահանջներից որևէ մեկի կյանքի կոչման «Սասնա ծռերը» զենքերը վայր դրեցին և հանձնվեցին։ Այս դեպքերից 4 տարի անց, չնայած այն հայտարարություններին, թե իրենց համար զենքով հարց լուծելու էջը փակված է, Դատախազության ճառից հետո «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամներ սոցիալական ցանցերում գրառումներ արեցին, թե «եթե նոր ՊՊԾ գունդ եք ուզում՝ կստանաք»։ Բացի այս, դատարանի դահլիճից դուրս գալուց հետո Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի միջոցով ժողովրդին խաբել են և ազգային-ազատագրական պայքարը շարունակվելու է։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը նշում է, որ ՊՊԾ գնդի գրավման հնարավոր կրկնության վերաբերյալ իրենք որևէ մտավախություն չունեն, կան հատուկ կառույցներ, որոնք ապահովում են երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը, իսկ նման մտադրություն ունեցողներին, պատգամավորը կոչ է անում արկածախնդրության չգնալ, պատասխանը կոշտ կլինի։ Մինչ որոշում կայացնելը, թե «Սասնա ծռեր» խմբի անդամներից ում քանի տարով ազատազրկել և կամ արդարացնել, դատարանը կլսի տուժողների իրավահաջորդներին, պաշտպանական կողմին և ամբաստանյալներին։ Գործընթացի ավարտի համար անհրաժեշտ կլինի ևս մի քանի դատական նիստ։ Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան


© factor.am

Комментариев нет: