Մաշտոցի պուրակի սրճարանի կառուցապատման թույլտվությունը տվել է քաղաքապետ Հայկ Մարությանը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/21/2020

Մաշտոցի պուրակի սրճարանի կառուցապատման թույլտվությունը տվել է քաղաքապետ Հայկ Մարությանը

Մաշտոցի պուրակում խնդրահարույց սրճարանի կառուցման թույլտվության համաձայնությունը, տրվել է նոր իշխանությունների օրոք՝  ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանի անմիջական լիազորությամբ։



Այսպես՝ Օգոստոսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում  քաղաքապետը հերքել էր նորակառույց սրճարանի հետ իր մասնակցության փաստը՝ նշելով, թե  «Տաղավարները, որ պետք է կառուցվեին այն ժամանակ, հանրային ճնշմամբ, ուղղակի չթողեցին, որ պարոն Մարգարյանը թույլ տա՝ այդ ամեն ինչը կառուցվի և ունեցանք Մաշտոցի պուրակը, բայց կա մի սրճարան, որ այնտեղ միշտ կար, որն ուներ 277 ք/մ որպես սեփականության իրավունք գրանցված կադաստրով, այսինքն` դա անձեռնմխելի է և 17 ք/մ որպես սեփականություն, կադաստրում էլի գրանցված սեփականություն։ Դա իր սեփականությունն է ընդմիշտ, և մենք ոչ մի բան չենք կարող անել։ Նա հավելել էր նաև, որ բացի դրանից 2018 թվականի մայիսի 16-ին Տարոն Մարգարյանի կողմից ստորագրվում է մի որոշում, որով մինչ այդ 386 ք/մ վարձակալությունը դառնում է 1048 ք/մ վարձակալություն. «Այդ վարձակալությունը ֆիքսում է իր 277 ք/մ սեփականությունը, այդ վարձակալության հողի մեջ ֆիքսում է 17ք/մ իր սեփականությունը արդեն որպես սեփական գույք և այդ վարձակալությունը մինչև 2040 թվականի դեկտեմբեր։ Երբ լինում է հեղափոխությունը և գալիս է մեր քաղաքային իշխանությունը, արդեն սկսում ենք աշխատել, քիչ-քիչ բաները դուրս է գալիս»։

Հարցի առնչությամբ «Փաստինֆո» գործակալությունը հարցում էր ուղարկել քաղաքապետին՝ պարզելու համար,  որ ընկերությունն է կառուցապատում իրականացնում Մաշտոցի պուրակի տարածքում,  ե՞րբ է կնքվել պայմանագիրը, որքա՞ն տարածք է  տրվել վարձակալության, քանի՞ տարի ժամկետով և ի՞նչ կառուցելու համար, կառուցապատման պայմանագրի օրինականությունն ուսումնասիրվել է, թե ոչ  եւ արդյոք կասկածահարույց հանգամանքներ ի հայտ չեն եկել դատական կարգով վիճարկելու համար։

Ի պատասխան մեր հարցմանը՝ քաղաքապետարանը «Փաստինֆո»-ին է  տրամադրել է կառուցապատման պայմանագրի պատճենը, որը վկայում է, որ նոր պայմանագիրը կնքվել է 2019 թվականի դեկտեմբերի  11-ին՝ ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանի անմիջական ղեկավարությամբ։  Որպես պայմանագրով կառուցապատման իրավունք ունեցող անձ է  հանդիսանում  «Դավիթ – Վանուշ» ՍՊԸ-ն՝ ի դեմս տնօրեն Հրանտ Հովսեփյանի։ Սույն պայմանագրով սեփականատերը պարտավորվում է վճարի դիմաց կառուցապատման իրավունք ունեցող անձին հողամաս տրամադրել՝ Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայի հ.20/7 և  20/8 հասցեներում։ Տրամադրվող հողամասի մակերեսը կազմում է ընդհանուր 392.0 քմ.՝ 21 տարի ժամկետով։ Կառուցապատման իրավունքի  ժամկետը սահմանվում է մինչև 2040 թվականի դեկտեմբերի 31-ը։



Մինչ վերոհիշյալ պայմանագրի կնքումը, պարզվում է  քաղաքապետ Հայկ Մարությանի մակագրությամբ 2019 թվականի հուլիսի  22-ին  ուժը կորցրած է ճանաչվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ընդունված՝ 2018  թվականի մայիսի 16-ի  հ.1891-Ա և  2018 թվականի հունիսի 6-ի հ.2127-Ա որոշումները՝ Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցման հարևանությամբ «Դավիթ – Վանուշ» ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով տրամադրված հողամասի սահմանները վերաճշտելու, «Կենտրոն – Կանաչապատում» ՓԲԸ-ի կառուցապատման իրավունքը դադարեցնելու  և «Դավիթ – Վանուշ» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին որոշումները։

Նշենք, որ  «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ին առաջին հողահատկացումը կատարվել է դեռեւս 19 տարի առաջ՝ 2001 թ, 36 քմ, 5 տարի ժամկետով, ապա 2002-ին տարածքն ընդլայնվել է` հասնելով 350 քմ-ի, իսկ ժամկետը երկարաձգվել է մինչև 25 տարի ժամկետով): Այս ընկերությանը 2006-ին տրվել է շինարարության թույլտվություն, ապա 2011-ին, արդեն քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք` դեկտեմբերի 15-ին «Կենտրոն Կանաչապատում» ընկերությանը տրվել է ոչ հիմնական շինությունների տեղադրման թույլտվություն:

Երեւանի ներկայիս  քաղաքապետ Հայկ Մարությանը խուսափել էր պատասխանել հարցին, թե արդյոք ի սկզբանե ստորագրված պայմանագիրը եղել է օրինական ու  դատական կարգով այն վիճարկելու համար հիմքեր կան, թե ոչ։ Հարցին պատասխանելու փոխարեն քաղաքապետարանն ուղարկել է արդեն Հայկ Մարությանի օրոք ստորագրված նոր պայմանագիրը՝ այդպիսով փաստացի ստանձնելով կառուցապատման, այդ թվում նաեւ նախկինում  հնարավոր թույլ տրված ապօրինությունների պատասխանատվությունը։ Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ այս ընկերության հետեւում կանգնած է հարկայինի բարձրաստիճան պաշտոնյա, ով կարողացել է լեզու գտնել Հայկ Մարությանի հետ, որի արդյունքում էլ նրան տրվել է կառուցապատման նոր թույլտվությունը։



Քաղաքապետ Հայկ Մարությանին ուղղված «Փաստինֆո»-ի նույն հարցմամբ  փորձել էինք պարզաբանումներ ստանալ նաեւ   տարածքում իրականացված  աղմկահարույց ծառահատումների վերաբերյալ։  Ըստ այդմ՝ քանի՞ ծառ է հատվել կառուցապատողի կողմից տվյալ տարածքում, արդյո՞ք ծառահատումներն ու դրանց ժամկետները  նախապես համաձայնեցված են եղել Երևանի քաղաքապետարանի հետ,  արդյո՞ք Երևանի քաղաքապետը տվե՞լ է գրավոր համաձայնություն, թե՞ ոչ, ինչպես նաև՝ արդյո՞ք  ստորագրված պայմանագրով ի սկզբանե  պլանավորված է եղել ծառահատում, թե՞ ոչ։

Պաշտոնական պատասխանից հետեւում է, որ ի սկզբանե ծառահատում նախատեսված չի եղել, համենայն դեպս մեզ տրամադրված փաստաթղթերում չկար նման որեւէ ամրագրում, բայց կառուցապատող ընկերությունը ունեցել է համոզմունք, որ իրեն թույլատրվելու է հատել պուրակի այն ծառերը, որոնք խոչընդոտում են սրճարանի կառուցմանը։ Այսպես՝ պայմանագրի 10.1-րդ ենթակետում կարդում ենք՝ հողամասից կառուցապատման իրավունք ունեցող անձի կատարած բարելավումները համարվում են նրա սեփականությունը։

2020 թվականի հուլիսի 15-ի ամսաթվով կազմվել է արձանագրություն առ այն, որ Մաշտոցի անվան պուրակում առկա են թվով 4 մանրատերև թեղիներ՝  խորը արմատային փտախտի նշաններով, ինչը ծառերին տանում է անխուսափելի մահվան եւ խորհուրդ տրվել իրականացնել թեղիների սանիտարական հատում։ Ուշադրություն ենք հրավիրում ամսաթվի վրա, քանի որ շինարարությունը Մաշտոցի պուրակում սկսվել էր ավելի վաղ՝ իրենց մեջ ներառելով հենց այդ ծառերի հատվածը։ Ավելին՝ սրճարանի տանիքի կառուցումը այնպես էր կազմակերպվել, որից ակնհայտ էր, որ այդ ծառերը հատվելու են, քանի որ ծառերի ճյուղերը դուրս էին գալիս կիսակառույց տանիքից, ինչը «Փաստինֆո»-ի տեսախցիկը ֆիքսել էր հունիս-հուլիս ամիսներին։



Հատված ծառերի փոխարեն ծառատունկ դեռեւս չի իրականացվել։ Ծառերի վիճակի մասին ուսումնասիրության արձանագրությունը փաստում է նաև հետևյալը՝  կազմակերպության կողմից վերոհիշյալ տարածքի  հարակից հատվածում՝ պայմանավորված բույսերի սեզոնային ակտիվությամբ, աշնան ընթացքում նախատեսվում է փոխհատուցվող կանաչապատում իրականացնել։ Փոխհատուցվող կանաչապատման պայմանագիրը՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կնքվել է սույն թվականի հուլիսի 30-ին՝ պուրակում ծառահատումներին զուգահեռ։

Ճիշտ այնպես, ինչպես հայտնի մուլտֆիլմ՝ ես անում եմ ինչ կամենամ, հետո հարցնում թույլտվություն։



Շարունակելի

 Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Комментариев нет: