Ո՞ր քաղաքացիները կարող են արտերկիր մեկնել և ի՞նչ պայմաններով․ Քաղավիացիայից և ԱԳՆ-ից պարզաբանում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/09/2020

Ո՞ր քաղաքացիները կարող են արտերկիր մեկնել և ի՞նչ պայմաններով․ Քաղավիացիայից և ԱԳՆ-ից պարզաբանում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


Տարեկան 3 մլն ուղևորաշրջանառություն ունեցող «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքը, Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետևանքով, 98%-ով կրճատվել է։ Քաղավիացիայի կոմիտեի վիճակագրական տվյալներով՝ 2020-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանից մեկնել է 332 հազար 488-ով պակաս քաղաքացի և Հայաստան ժամանել 365 հազար 664-ով պակաս ուղևոր։ COVID-19-ի՝ 40 հազարի հասնող հաստատված դեպք ունեցող Հայաստանում, արտակարգ դրությամբ պայմանավորված, դեռ պահպանվում է կանոնավոր ուղևորափոխադրումների և օտարերկրյա քաղաքացիների մուտքի նկատմամբ արգելքը։ ՔԱԿ Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Ստեփան Փայասլյանը Factor.am-ի հետ զրույցում մանրամասնեց․ «Մինչև օգոստոսի 15-ը բոլոր կանոնավոր չվերթների թույլտվությունները կասեցված են մեր կողմից։ Հետևաբար, իրականացվում են բացառապես չարտերային չվերթներ։ Մենք ընդունում ենք բացառապես մեր քաղաքացիներին՝ համաձայն արտակարգ դրության ռեժիմի, և նրանց ընտանիքի անդամներին, որոնք օտարերկացիներ են, դիվանագետներ։ Եթե մեր քաղաքացիներն իրավունք ունեն գալ Հայաստան, գալիս են, եթե որևէ երկիր պատրաստ է ընդունել մեր քաղաքացիներին, ապա կարող են գնալ այդ երկրներ, և եթե օտարերկրացիներ են ցանկանում մեր երկրից մեկնել, իրենց համար են չվերթները»։ Քաղավիացիայի կոմիտեի Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետը նշեց նաև, որ եթե մինչև կորոնավիրուսը օրական 50-60 չվերթ էին իրականացնում, ապա այժմ՝ 2-3։ «Մենք նախապես՝ հունվար, փետրվար ամիսներին մեր բոլոր ավիաընկերություններին, որոնք Հայաստան էին գալիս, արդեն իսկ թույլտվություն էինք տվել՝ մարտի վերջին կիրակի օրվանից մինչև հոկտեմբերի վերջին շաբաթ օրվա համար։ Այս պահին մենք մեր ձեռքով իրենց բոլոր թույլտվությունները կասեցրել ենք։ Այն պահին, երբ թույլտվությունների կասեցումները հանենք, բոլորը կլինեն ազատ՝ թռիչքներ իրականացնելո համար»,- նշեց նա։ Կասեցումների վերացումը երկրում կորոնավիրուսային իրավիճակով և արտակարգ դրության ավարտով է պայմանավորված, պարզաբանեցին Քաղավիացիայի կոմիտեից։ Իսկ ահա այս օրերին ամենատարածված հարցերից մեկի առնչությամբ, արդյո՞ք ՀՀ քաղաքացիները կարող են երկրից մեկնել, մեկնաբանություն խնդրեցինք արտգործնախարարությունից։ Կառույցի խոսնակ Աննա Նաղդալյանը մեզ փոխանցեց․ «Դա կախված է այն հանգամանքից, թե որ երկիրն է իրենց ընդունում, տվյալ երկրների կանոնակարգումների հետ է կապված։ Երկրներ կան, ուր մեր քաղաքացիները ներկա պահին էլ կարող են գնալ, եթե կան համապատասխան թռիչքներ, երկրներ կան, որտեղ դեռևս գործում է քաղաքացիների մուտքի արգելքը»։ Հայաստանի քաղաքացիների մուտքն արգելված է Վրաստանում ու Իրանում՝ երկկողմ համաձայնությամբ։ ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ արգելքն անժամկետ է, փոփոխություն կլինի՝ կախված երկրում տիրող վիճակից։ Մյուս երկրների դեպքում՝ իրավիճակը մի փոքր այլ է։ «Մենք մեր քաղաքացիների շարժը չենք արգելափակում որևէ ձևով, պարզապես խորհուրդ չենք տալիս ճամփորդել՝ հաշվի առնելով իրավիճակը։ Մեր խնդիրը Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի բարելավումն է, իսկ մնացած քայլերը կապված են նաև մեր երկրում համապատասխան որոշման փոփոխության հետ»,- նշեց Աննա Նաղդալյանը։ Հայերը նաև շենգենյան գոտի չեն կարող մուտք գործել։ Եվրամիության՝ երկշաբաթյա ռեժիմով թարմացվող «անվտանգ» երկրների ցանկում Հայաստանին դեռ չի հաջողվում հայտնվել։ Տարածաշրջանից այնտեղ միայն Վրաստանն է ներառված։ ԱԳՆ խոսնակից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ քայլեր են այս ուղղությամբ ձեռնարկվում։ «Այս ամենը երկկողմ բանակցությունների արդյունք է։ Քայլեր, բնականաբար, գործընկերների հետ ձեռնարկվում են՝ բոլոր ուղղություններով։ Բայց հստակ այս պահին չենք կարող ասել, թե ինչ կլինի, քանի որ մեր երկրում էլ առայժմ գործում է այդ երգելքը, որով սահմանափակվում է օտարերկրացիների մուտքը Հայաստան»,- ասաց նա։ «Զվարթնոց» օդանավակայանի կայքէջն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այժմ գործող հիմնական ուղղությունները Ռուասատանն ու Բելառուսն են։ Հուլիսի 24-ից չարտերային թռիչքներ է սկսել իրականացնել նաև Air France ավիաընկերությունը, իսկ օգոստոսին 3 չարտերային թռիչք է նախատեսվում Լոս Անջելեսի և Երևանի միջև։ Ու թեպետ օդային սահմաններն ամբողջությամբ բաց չեն, «Զվարթնոց»-ում արդեն նոր՝ կորոնավիրուսային կանոններ են գործում։ Օրինակ՝ այսուհետ անվտանգության աշխատակիցները խելացի սաղավարտներով հեռահար ջերմաչափելու են ուղևորներին, ուղեբեռներն ու ձեռքի իրերն ախտահանվելու են, ինչի համար պահանջվելու է նախապես չփաթեթավորել դրանք։ Բացի այդ, օդանավակայաում տեղադրված պաշտպանիչ բաժանարարների շնորհիվ ապահովվելու է ուղևորների և աշխատակիցների միջև անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան


© factor.am

Комментариев нет: