Առատության եղջյուրից Երևանի քաղաքապետի պարգևատրումները հոսում են, հոսում - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

8/19/2020

Առատության եղջյուրից Երևանի քաղաքապետի պարգևատրումները հոսում են, հոսում

Այսօր, արդեն լիարժեք իրականությունն է դարձել տարիներ առաջ ՀՀ 2-դ նախագահ Ռ. Քոչարյանի ասված և դասական դարձած խոսքն՝ ուղղված Երևանի քաղաքապետին, թե՝ փողի վրա նստած, փող եք ուզում…


Հիմա, իսկապես քաղաքապետարանը փողի վրա է նստած: Այնպես, որ Երևանի քաղաքապետը երբ՝ ում ուզում՝ պարգևատրում է: Հայկ Մարությանն իր պաշտոնավարման ընթացքում եթե մի բան արել է՝ քաղաքային իշխանության ներկայացուցիչ՝ իր մերձավորներին պարգևատրելն է: Ասես՝ առատության եղջյուրից են պարգև-գումարները հոսում, այլ ոչ թե՝ գոյանում են հարկատուների վճարված գումարների հաշվին: Ասենք՝ գույքահարկի, որի բարձրացման հարցն այսօր ակտուալներից է: Այսինքն, գույքահարկը բարձրացվում է, որ քաղաքապետարանի պաշտոնյաներն ավե՞լի շռայլորեն պարգևատրվեն: Ինչի՞ համար: Իրենց ո՞ր կատարած աշխատանքի: Օրինակ, Մարությանն իր նախընտրական ո՞ր խոստումն է կատարել անցած երկու տարվա ընթացքում:

ԶԼՄ-ները, հանրային և քաղաքական գործիչները երեկ քաղաքային իշխանության անգործության իր բաժնի համար մեղադրում էին պաշտոնին հրաժեշտ տված Երևանի գլխավոր ճարտարապետին, որը նույնպես երևանցուն տված իր ոչ մի խոստումը չկատարած՝ հեռանում է: Ակնարկներ եղան, թե՝ քաղաքային իշխանության գլուխը շատ հարցերում արգելակի դեր է կատարել և այլն:

Բայց տրված խոստումները չկատարելը, մայրաքաղաքի բազմաթիվ չլուծված խնդիրները, քաղաքապետարանի պաշտոնյաների անգործությունը ասես կապ չունեն նրանց պարգևների հետ: Մարդկանց պարգևատրում են և նրանք ընդունում են այդ պարգևները:


Այսօր, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆբ էջում գրել էր, թե՝ Արթուր Մեսչյանի վերջին աշխատանքային օրն էր Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում։ Եվ ավելացրել՝ «Հպարտ եմ, որ պարոն Մեսչյանի հետ միասին աշխատելու հնարավորություն եմ ունեցել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ավագ ընկերոջս՝ մեր քաղաքի համար այս կարեւոր ժամանակահատվածում համատեղ աշխատանքի համար»:

Իսկ շնորհակալությունը նա հայտնել էր դրամական պարգևի տեսքով Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին պարգևատրելով 1 մլն 800 հազար դրամով, Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին։

Հիշեցնենք, որ նույն չափով մի պարգևատրում էլ քաղաքապետը օրեր առաջ ազատված իր տեղակալ Հայկ Սարգսյանին էր տվել: Նաև՝ դատավոր դարձած իր նախկին խորհրդականին:

Այսինքն պետության համար այս դժվար օրերին, տնտեսության համար՝ ճգնաժամային պայմաններում, կորոնավարակի հաղթահարման առումով տապալում արձանագրած երկրի մայրաքաղաքի քաղաքապետի վեջն էլ չի վերը նշվածը, նա շարունակում է թեթև ձեռքով հսկայական գումարների պարգևներ տալ՝ չպատճառաբանելով, թե՝ իրենց ո՞ր արածի համար է այս կամ այն պաշտոնյային պարգևատրում: Իսկ տվյալ պաշտոնյաները էլի շատ թեթև ձեռքով, որպես պարգև ընդունում են ժողովրդի կոպեկ-կոպեկ հարկերից գոյացած գումարները՝ երևի չմտածելով անգամ՝ հանրության համար իրենց ո՞ր արածի համար:

Աղբյուր` Փաստինֆո

No comments:

READ MORE