Մենք պետք է հստակ հասկանանք, թե որն է մեր մոտիվը, երբ դասամիջոցներին երեխաների դասարանից դուրս գալու հնարավորությունը սահմանափակում ենք։ Բնականաբար, որևէ մեկի համար ցանկալի չէ սահմանել կանոններ, որոնք կարող են լրացուցիչ բարդություններ առաջացնել դպրոցներում, բայց բոլորիս մոտիվն այն է, որ մենք հնարավորինս նվազեցնենք դպրոցում վարակի տարածման ռիսկը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Պատկերացրեք իրավիճակ, որ դասամիջոցին երեխաները դուրս են գալիս միջանցք և տեղի է ունենում անկանոն շփում դպրոցի բոլոր երեխաների միջև։ Եթե հանկարծ մենք ունենում ենք, որևէ վարակի դեպք, ապա ունենում ենք շատ մեծ հավանականություն դրա տարածման։ Սակայն, եթե մենք լոկալացնում ենք երեխաների շփումը, ապա կարողանում ենք ապահովել կրթության շարունակականությունը, քանի որ սահմանված է, որ 10 և ավելի տոկոս վարակվածության դեպքեր ունենալու դեպքում դպրոցը չի գործի որոշակի ժամանակահատված, այսպիսի լոկալիզացիան բխում է առաջին հերթին կրթության շարունակականության ապահովման հանագամանքից, որպեսզի մենք կարողանանք հնարավորինս սահմանափակել վիրուսի տարածման ռիսկը։ Ի վերջո, մենք այս ամիսներին սովորեցինք սահմանափակումներն ընդունել որպես անհրաժեշտություն։ Հիշենք գարնան ամիսները, երբ մենք ստիպված էինք մնալ տանը, երեխաները սովորեցին դուրս չգալ խաղալու։ Այդ կանոնները բխում են ընդհանուր համավարակի կանոններից, պետք է հասկանալ, որ բոլորս պետք է պահպանենք այդ կանոնները, եթե ցանկանում ենք օր առաջ վերադառնալ բնականոն կյանքի»։
Անդրադառնալով գրատախտակի մոտ չգալուն՝ Անդրեասյանն ասաց, որ մենք շատ ուսուցիչներ ունեք, որ երեխաների հետ աշխատելու բազմաթիվ ձևեր գիտեն։ Այդ ձևերից է նաև բնության գրկում դաս անցկացնելը, դրանք շատ են ու տարբեր միջավայրերում ուսումնական պրոցեսի կազմակերպումը, երբ գրատախտակի կարիք հաճախ չի էլ լինում։ «Ինչու պետք չէ մոտենալ գրատախտակին, կարծում եմ՝ շատ ակնհայտ է, որ գրատախտակին մոտենալը ենթադրում է, որ երեխան վերցնում է կավիճը, օգտագործում է, ապա մեկ ուրիշն է մոտենում, վերցնում է նույն կավիճն ու այդպիսով մենք ունենում ենք վարակի տարածման հավելյալ ռիսկ։ Մինչդեռ, ուղեցույցում մենք ունեք անգամ կետ, որով առաջարկվում է, որ երեխաներն անգամ միմյանց հետ իրեր չփոխանակեն, օրինակ, գիրքը, տետրը ու գրիչը, որովհետև յուրաքանչյուր հավելյալ նման շփում ռիսկի մեծացում է։ Գուցե, եթե ամեն առանձին դեպք թվա, որ այդ ռիսկը փոքր է, բայց երբ մենք խոսում ենք 400 հազար երեխայի մասին, իսկ ամեն դպրոցում նման չկանոնակարգված շփումների հետևանքները կարող են անկանխատեսելի լինել ու զգալի»։
Անդրադառնալով երկարօրյա ծառայությունների սահմանափակման վերանայման վերաբերյալ ArmDaily.am-ի հարցին՝ փոխնախարարն ընդգծեց, որ հասկանում է, թե աշխատող ծնողների համար սա ինչ հավելյալ խնդիրներ կորող է առաջացնել։ «Սակայն որոշումները կայացվում են համաճարակային ընդհանուր իրավիճակից ելնելով և կարող են փոխվել, եթե փոխվի համաճարակային վիճակը։ Երկարօրյա ծառայությունների վերսկսումը կախված է նրանից, թե ինչպիսի զարգացումներ կունենաք այն փուլից հետո, երբ դպրոցների աշխատանքը կսկսվի և մենք կկարողանանք դիտարկել, թե ինչ ազդեցություն է դա ունենում վարակի տարածման վրա, կկարողանանք երկրորդ փուլում քննարկել հետագա կանոնների փոփոխության հարցը»,-ասաց փոխնախարարը։
ArmDaily.am-ի մյուս հարցին, թե գիշերօթիկ հաստատություններում սննդի կազմակերպումը ինչպես եք պատկերացնում, Անդրեասյանն ասաց, որ այդ հաստատությունների թիվը զգալի նվազել է։ «Այստեղ մենք ունենք տարբեր իրավիճակներ, գիտենք նաև, որ հատուկ հաստատություններում հիմնականում գտնվում են հաշմանդամություն ունեցող երեխաները, հետևաբար, այդ հաստատությունների հարցը կկարողանանք առանձին քննարկել և հասկանալ, թե ինչպիսի լուծումներ կարող ենք ունենալ, որպեսզի այդ լուծումները բխեն նաև երեխաների լավագույն շահից»։
No comments:
Post a Comment