Թուրքիան մնացել է մենակ. Հայաստանի վստահ քայլը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/01/2020

Թուրքիան մնացել է մենակ. Հայաստանի վստահ քայլը



Ռուսաստանն ամենայն ուշադրությամբ է հետեւում թուրք-ադրբեջանական զորավարժությանն ու կողմերին անում զսպվածության կոչ՝ այդ թվում ընթացիկ ռազմական նախաձեռնություններում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի տեղակալ Զայցեւը:


Թուրք-ադրբեջանական զորավարժության հանգամանքը նախօրեին Երեւանում Հայաստանի պաշտպանության նախարար Տոնոյանի հետ հանդիպմանը քննարկել էր նաեւ Հայաստանում Իրանի դեսպանը:

Թուրքական ուժի ցուցադրությունն անկասկած ուղղված է ամենեւին ոչ միայն Հայաստանին, այլ գործնականում ռեգիոնալ անվտանգության եւ կայունության շահառու բոլոր կենտրոններին, թե հարեւան, թե այդ թվում նաեւ ռեգիոնից հեռու գտնվող: Ի դեպ, հետաքրքրության է արժանի ԱՄՆ հեղինակավոր Վաշինգտոն Պոստում Ալիեւին տրված «անզուսպ բռնապետ» բնորոշումը: Միաժամանակ, Թուրքիայի պաշտպանության նախարարը, ելույթ ունենալով պաշտպանական քաղաքականության եւ ռեգիոնալ իրադրության թեմայով վեբինարում, հետաքրքիր ակնարկ է արել ԱՄՆ հասցեին, նշելով, թե ԱՄՆ-ն ու միջազգային հանրությունը պետք է կոչ անեն Հայաստանին ձեռնպահ մնալ ագրեսիվ քայլերից:

Մի կողմ թողնենք, իհարկե, թուրքական կողմի ցինիզմը, այդուհանդերձ, հատկանշական է ԱՄՆ-ին ուղղված հայցումը, որի տողատակում թերեւս Անկարայի դժգոհությունն է, որ ԱՄՆ-ն չի աջակցել թուրք-ադրբեջանական տանդեմին: Ավելին, ԱՄՆ-ն բավականին խորհրդանշական աջակցություն է հայտնել Հայաստանին, երբ հուլիսյան մարտական գործողություններից անմիջապես հետո Հայաստանում ԱՄՆ ռազմական կցորդը այցելել էր կենտրոնական հավաքակայան եւ ծանոթացել հայկական բանակի զորակոչի ընթացքին, իսկ օրեր անց էլ ԱՄՆ դեսպանի հետ այցելել Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Օնիկ Գասպարյանին:

Դա է թերեւս Անկարայի պաշտպանության նախարարին ստիպում խոսել այն մասին, թե ԱՄՆ-ն պետք է գիտակցի, որ ռեգիոնում Թուրքիայի դերը վճռորոշ է եւ պետք է առաջնահերթություն տա Անկարային: Այսինքն, Անկարան խոստովանում է, որ Նահանգների համար ռեգիոնում դադարել է լինել առաջնահերթություն:

Թուրք-ադրբեջանական զորավարժությունը Հայաստանում առաջացրել է մեծ մտահոգություն եւ հարցադրումներ, կապված հնարավոր սադրանքի հետ: Սադրանք հնարավոր է գործնականում միշտ, եւ ավելին՝ այդպիսի իրական մտադրություն եւ հնարավորություն ունենալու պարագայում Անկարան թերեւս չէր էլ գնա ուժի ավելորդ ցուցադրության, միանգամից կկազմակերպեր սադրանքը:

Ուժի ցուցադրությունն իրականում վկայում է առնվազն տեսանելի ապագայում Անկարայի՝ դրա կիրառման անհնարինության գնահատումը: Դա անշուշտ չի նշանակում, որ Հայաստանը կարող է թուլանալ ու հանգստանալ: Ամենեւին, անհնարինություն ստեղծող գործոններից առանցքայիններից մեկն էլ հենց Հայաստանի զգոնությունն է: Պարզապես դա պետք է բերի հենց վստահության, ինքնավստահության, այլ ոչ խուճապի, ինչը գիտակցաբար, թե ոչ, փորձում են հանրային շրջանակներում սերմանել որոշ քաղաքական-քարոզչական շրջանակներ:

Ի դեպ, վստահության եւ սառնասրտության համատեքստում է Հայաստանի քայլը, որով ԵԱՀԿ-ն իրազեկվել է, որ Թուրքիան դուրս է դրվում Հայաստանի տարածքում ռազմական տեսչական ստուգումներից եւ թուրք տեսուչների մուտքը Հայաստան արգելում է, ելնելով այդ երկրի ագրեսիվ քաղաքականությունից եւ Հայաստանի հանդեպ սպառնալիքներից:


Комментариев нет:

Ամենաշատ դիտված նյութեր