Նախկին ԲՀԿ-ականը պնդում է՝ ընտրություններում ծախսել և բաժանել է 28․000 դոլար, այժմ Ծառուկյանից իր գումարն է պահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

8/12/2020

Նախկին ԲՀԿ-ականը պնդում է՝ ընտրություններում ծախսել և բաժանել է 28․000 դոլար, այժմ Ծառուկյանից իր գումարն է պահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ, 2007-10 թվականներին Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ԲՀԿ-ի գրասենյակը ղեկավարած Աշոտ Սարգսյանը պնդում է, թե ընտրությունների ժամանակ, հավատալով Գագիկ Ծառուկյանի խոստումներին, իր անձնական միջոցներից մեծ գումաներ է ծախսել նախընտրական շտաբի կարիքները հոգալու և ընտրողների սոցիալական խնդիրները լուծելու համար: Աշոտ Սարգսյանը հավաստիացնում է, որ ծախսած գումարը կազմում է 28 հազար ԱՄՆ դոլար: Նախկին ԲՀԿ-ականն այժմ փորձում է «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանից հետ ստանալ այդ գումարը, բայց չի հաջողվում: Բացի այս, Աշոտ Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ տարբեր տարիների ընտրությունների ժամանակ ֆինանսական օգնություն է ցուցաբերել Նորք-Մարաշ վարչական շրջանի ընտրողներին: Նրա ձեռքի տակ առկա այս ցուցակների համաձայն՝ նա ընտրողների մի մասին 8 հազար, իսկ մյուս մասին 10 հազարական դրամներ է տվել: Կան նաև առանձին դեպքեր, երբ մինչև 100 հազար դրամի ուսման վարձի կամ վիրահատության վճարներ է կատարել: Գագիկ Ծառուկյանի նախկին թիմակցից հետաքրքրվեցինք՝ արդյոք սա ընտրակաշառք չի՞ եղել, այլապես հակառակ դեպքում ինչպե՞ս էր հնարավոր, որ ընտրողներին տրվող օգնությունը մեծավմասամբ լիներ 8 կամ 10 հազար դրամ: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, հիշեցնենք, ԱԱԾ-ն մեղադրում է 2017 թվականին 90 մլն դրամ ընտրակաշառք բաժանելու համար: Վերջինս մեղադրանքը չի ընդունում, հայտարարելով, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում կառավարության հրաժարականը պահանջելու համար: Գործի քննությունն այժմ շարունակվում է ԱԱԾ-ում: Աշոտ Սարգսյանը, որը Ծառուկյանի համագյուղացին է, Factor TV-ի հետ զրույցում պնդեց, թե իր կողմից ծախսված գումարների արդյունքում է, որ ԲՀԿ-ն Նորք-Մարաշում ամենաշատ ձայներն է ստացել: Սարգսյանը, սակայն, այժմ փոշմանել է, որ աջակցել է Ծառուկյանին: Աշոտ Սարգսյանը Factor TV-ին փոխանցեց, որ ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ին մատուցած իր ծառայությունների և ծախսած գումարների դիմաց Գագիկ Ծառուկյանը նրան աշխատանք է խոսք տվել: Մասնավորապես, ասել է, թե «կգնի Գումի կամ Փակ շուկան, որը կաշխատեցնի Աշոտ Սարգսյանը», սակայն ենթադրյալ խոստումն իրականություն չի դարձել: Գագիկ Ծառուկյանի ենթադրյալ խոստումների չկատարումը պատճառ են հանդիսացել, որ նախկին ԲՀԿ-ականը հետ պահանջի ընտրությունների ժամանակ ծախսած իր գումարները: Հարցին, թե ինչու է տարիներ անց միայն որոշել 28 հազար դոլարը հետ պահանջել, Աշոտ Սարգսյանն ասաց, որ նախկինում ֆինանսական խնդիրներ չի ունեցել, իսկ այժմ գումարի կարիք ունի: Նա այս հարցով դիմել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին և Գագիկ Ծառուկյանի մորը՝ Ռոզա Ծառուկյանին: Աշոտ Սարգսյանը նշված գումարը ստանալու ակնկալիքով հանդիպում է ունեցել նաև Գագիկ Ծառուկյանի հետ: Վերջինս, սակայն, ըստ Սարգսյանի, վարորդի միջոցով գումարի մի փոքր մասն է փոխանցել: Այս գումարը Աշոտ Սարգսյանին չի բավարարել, և նա այն վերադարձրել է Ծառուկյանի վարորդին: Որոշ ժամանակ անց Ծառուկյանը կրկին հրավիրել է իր նախկին թիմակցին և նրան փոխանցել է 5 հազար ԱՄՆ դոլար: Եվ հիմա Աշոտ Սարգսյանը պահանջում է մնացած 23 հազար դոլարը: Իսկ ինչու Սարգսյանը չի դիմում ԱԱԾ կամ այլ իրավապահ կառույցի։ Մեր այս հարցին ի պատասխան՝ նա նշում է, որ առայժմ իր խնդրի մասին բարձրաձայնելու այս տարբերակն է նախընտրում։ ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանը, որը, ըստ Աշոտ Սարգսյանի, ներգրավված է այս գործում, ամբողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Իսկ ահա Նաիրա Զոհրաբյանը, որը նաև ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղարն է, Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ Աշոտ Սարգսյանին չի ճանաչում, նրա ասածներն էլ որակեց անհեթեթություն: Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու ակնկալիքով կապ հաստատեցինք նաև Ռոզա Ծառուկյանի հետ: Վերջինս հերքեց Աշոտ Սարգսյանի հետ հանդիպումը և նրա ասածները համարեց զրպարտություն: Աշոտ Սարգսյանի կողմից ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին վերագրվող տեղեկությունների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից: Նա ասաց, որ չի պատրաստվում մեկնաբանել նմանօրինակ հայտարարությունները՝ կասկած հայտնելով դրանց շարժառիթների շուրջ:

Նարեկ Կիրակոսյան


© factor.am

Комментариев нет: