Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից 27.2մլն դրամի հափշտակության գործով դատական քննությունն ավարտվել է - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

8/19/2020

Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից 27.2մլն դրամի հափշտակության գործով դատական քննությունն ավարտվել է

Տեղեկացվել էր, որ Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ 2018թ. հոկտեմբերի 15-ին հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարվել է ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

 Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել էր, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Արարատի պահպանության բաժնի եւ նույն բաժնի Արտաշատի պահպանության բաժանմունքի նախկին պետեր՝ Գ.Հ.-ն եւ Ա.Ա.-ն, նախնական համաձայնության գալով նույն բաժնի հաշվապահ Փ.Գ.-ի հետ, 2015-2017թթ. ընթացքում մշակել եւ գործադրել են պետական բյուջե փոխանցվող գումարների յուրացման սխեմա: Համաձայն դրա՝ բաժանմունքի աշխատակիցների աշխատավարձերի եւ պարգեւավճարների եկամտային հարկերը չեն մուծվել կամ ոչ ամբողջ ծավալով են մուծվել պետական բյուջե: Յուրաքանչյուր ամիս գոյացած այդ գումարները, իսկ առանձին դեպքերում նաեւ բաժնի ծառայողներին հասանելիք պարգեւավճարները, մինչեւ 2016թ. Արտաշատի պահպանության բաժանմունքի նախկին պետ Գ.Հ.-ի, դրանից հետո՝ մինչեւ 2017թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում այդ պաշտոնում նրան հաջորդած Ա. Ա.-ի ցուցումով, հաշվապահ Փ.Գ.-ն փոխանցել է իր, բաժանմունքի պետերի, ինչպես նաեւ բաժանմունքի մի քանի աշխատակիցների բանկային քարտերի հաշիվներին: Դրանից հետո վերջիններիս կողմից նշված աշխատակիցներից ամեն ամիս պահանջվել եւ ստացվել են նրանց հաշիվներին փոխանցված ավել գումարները: Ապա Փ. Գ.-ն բաժանմունքի պետերի  ցուցումով իրեն փոխանցված, ինչպես նաեւ իր կողմից հավաքված տարբեր չափերի ընդհանուր գումարը յուրաքանչյուր անգամ հանձնել է նրանց: Արդյունքում նշված ժամանակահատվածում, նկարագրված եղանակով հաշվապահի օժանդակությամբ Գ. Հ.-ի կողմից առերեւույթ յուրացվել է ընդհանուր 11.5մլն, իսկ Ա.Ա.-ի կողմից՝ շուրջ 13 մլն ՀՀ դրամ գումար:


Բացի այդ, պարզվել է, որ Գ. Հ.-ն, ոստիկանության ՊՊԳՎ Արարատի պահպանության բաժնի պետի պաշտոնն զբաղեցնելու ընթացքում, 2016թ. մարտ-հոկտեմբեր ամիսներին, չունենալով բաժնի աշխատակիցներին դրամական օգնություն հատկացնելու լիազորություն, նույն բաժնի թվով 41 ծառայողների կողմից տարբեր բնույթի անձնական խնդիրների վերաբերյալ ներկայացված զեկուցագրերի հիման վրա, բաժնի նախկին հաշվապահի օժանդակությամբ, որպես դրամական օգնություն նրանց փաստացի վճարել է ընդհանուր 2.7մլն ՀՀ դրամ՝ կատարելով այդ չափով առերեւույթ վատնում:

 Ա.Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինս վերականգնել էր իրեն մեղսագրվող՝ շուրջ 13մլն ՀՀ դրամը։

 Գ.Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Նախաքննության ընթացքում վերջինիս կողմից վերականգնվել էր պատճառված վնասից 360.000 ՀՀ դրամ գումարը։

Փ. Գ.-ին մեղադրանք է  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ)։

 Նախաքննության ընթացքում մեղադրյալների գույքի նկատմամբ արգելանք էր դրվել՝ պատճառված վնասների եւ դատական ծախսերի ապահովման նպատակով։

Նախաքննության եւ դատական քննության ընթացքում ամբաստանյալներն ամբողջությամբ՝ 27.2մլն դրամի չափով վերականգնել են պետությանը պատճառված վնասը, ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը եւ միջնորդել են դատարանին կիրառել դատական քննության արագացված կարգ։

2020 թվականի օգոստոսի 18-ի դատավճռով Ա.Ա.-ն, Գ.Հ.-ն եւ Փ. Գ.-ն մեղավոր են ճանաչվել իրենց առաջադրված մեղադրանքում, վերջիններիս նկատմամբ նշանակվել է համաչափ պատիժ։   


Комментариев нет: