Թորոսյանի մտերիմը, հայտնի գործարարը. ու՞մ են պատկանում պետպատվերով COVID-19–ի բուժում իրականացնող հիվանդանոցները - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/23/2020

Թորոսյանի մտերիմը, հայտնի գործարարը. ու՞մ են պատկանում պետպատվերով COVID-19–ի բուժում իրականացնող հիվանդանոցները

Հայաստանում պետական պատվերի շրջանակներում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների ստացիոնար պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող  բժշկական կազմակերպությունների թիվը հասել է 20–ի։ Առողջապահության նախարարությունից NEWS.am–ին տրամադրված ցանկից պարզ է դառնում, որ  պետպատվերի շրջանակներում COVID-19 համավարակի բուժում իրականացնող բուժհաստատություններից 8–ը մարզերում են։ Մասնավորապես  կորոնավիրուսով հիվանդներին սպասարկում են  Արտաշատի, Կապանի, Վեդու, Մարտունու, Դիլիջանի, Սպիտակի բժշկական կենտրոնները, ինչպես նաև Վանաձորի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցները։

Նշենք, որ կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում վերապրոֆիլավորվել են նաև մասնավոր բժշկական կենտրոնները, որոնցից 6–ը քաղաքացիներին սպասարկում են պետպատվերի շրջանակներում։ Խոսքը «Էրեբունի», «Արմենիա», «Աստղիկ» բժշկական կենտրոնների, «Արաբկիր Բժշկական Համալիր ԵԴԱԻ» ՍՊԸ–ի, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ–ի և «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի մասին է։ Ուշագրավ է, որ ներկայումս այս մասնավոր բուժհաստատությունների ղեկավարներից երկուսը՝ Արաբկիր ԲՀ  ԵԴԱԻ–ի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը և  Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը  քրեական հետապնդման են ենթարկվում տարբեր քրեական գործերի շրջանակներում։ Մասնավորապես,  հանրապետության նախկին գլխավոր մանկաբարձ–գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի մեղադրվում է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար. նրա մասով քրեական գործը ներկայումս քննվում է դատարանում: Իսկ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը մեղադրվում է մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Հանրապետությունում հայտնի երկու բժիշկների նկատմամբ էլ անազատության հետ չկապված խափանման միջոցներ են ընտրված։ Պետպատվերից օգտվող մասնավոր հիվանդանոցներից «Էրեբունի» ԲԿ–ի գլխավոր տնօրենը առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանն է,  «Արմենիա» ԲԿ–ինը՝ ՀԱԿ վարչության անդամ Գրիգոր Գրիգորյանը, իսկ   «Աստղիկ» ԲԿ–ն պատկանում է ՀՀԿ–ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին։


Ի դեպ՝  առողջապահության նախարարությունը նախորդ տարի ամենաշատ պետպատվերի պայմանագրեր կնքել է հենց «Աստղիկ» ԲԿ-ի հետ՝  վճարելով շուրջ  2 միլիարդ 641 միլիոն դրամ։ Պետպատվերի շրջանակում COVID-19–ի բուժում իրականացնող մասնավոր բժշկական կազմակերպություններից «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանն էլ՝ ըստ մամուլի հրապարակումների առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմն է։ «Մեդլայն կլինիկը» Արսեն Թորոսյանի պաշտոնավարման ընթացքում՝  2018–2019-թթ. շուրջ 500 մլն դրամի պետպատվեր է ստացել։

Комментариев нет: