Էրդողանի ճակատագրական սայթաքումը. Նախիջեւան Արցախի փոխարեն - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/21/2020

Էրդողանի ճակատագրական սայթաքումը. Նախիջեւան Արցախի փոխարեն


Թուրքիայի նախագահ Էրդողանը, այդ երկրի լրատվամիջոցների հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանագոտու լարվածությանը, ասել է, թե «Նախիջեւանը բռնազավթված» է արդեն 25 տարի, բայց միջազգային հանրությունը չի անում ոչինչ: Էրդողանն ամենայն հավանականությամբ նկատի է ունեցել Արցախը՝ ուզել է ասել թերեւս Լեռնային Ղարաբաղ, բայց նրա բերանից դուրս է եկել Նախիջեւանը: Առերեւույթ այդ սայթաքումը սակայն շատ խորհրդանշական է եւ գուցե անգամ ճակատագրական, Էրդողանի ենթագիտակցական խորքի «ֆրոյդյան» մեկնության համատեքստում:


Թուրքիան ներկայումս մտածում է Նախիջեւանի մասին, նրա խնդիրը Նախիջեւանն է, իսկ Արցախի հարցում Անկարան որեւէ պատրանքից հրաժարվել է թերեւս վաղուց, թե հնարավոր է այդ հարցում իրավիճակի փոփոխություն:


Էրդողանը մտածում է Նախիջեւանի մասին, առավել եւս, երբ մոտենում է ռուս-թուրքական հայտնի պայմանագրեի 100-րդ տարելիցը, որոնցով վճռվել է նաեւ Նախիջեւանի կարգավիճակը եւ հայկական տարածքը հանձնվել է ի պահ Ադրբեջանին կամ այլ կերպ ասած բոլշեւիկյան Ռուսաստանին, իսկ դրա դիմաց Անկարան ստացել է Սուրմալուն Արարատով:

Մեկ տարի անց Մոսկվան ու Անկարան առերեսվում են հարյուրամյա պայմանագրին եւ պետք է դիրքորոշում հայտնեն, ու եթե պայմանագիրը չի շարունակվում, ապա առաջանում են բազմաթիվ հարցեր, այդ թվում նաեւ Նախիջեւանի կարգավիճակի եւ պատկանելության հարց: Իսկ պայմանագիրը շարունակելը Ռուսաստանի եւ Թուրքիայի համար լինելու է շատ բարդ, մի շարք իրողությունների եւ հանգամանքների բերումով, որոնք թե աշխարհաքաղաքական-աշխարհակարգային նոր իրավիճակի եւ ամերիկա-չինական գերազդեցությունից բխող տրամաբանության դաշտում են, թե Հայաստանի թավշյա հեղափոխությունից հետո վասալայինից միջպետական գործակցության փոխվող հայ-ռուսական հարաբերության:

Թուրքիան ներկայումս էական քայլեր է կատարում Նախիջեւանում տիրապետության համար: Թեեւ այդ ինքնավարությունը Ադրբեջանի իրավասության ներքո է, այդուհանդերձ, դե ֆակտո այն վաղուց թուրքական է: Դա շատ լավ գիտի նաեւ Ադրբեջանի իշխանությունը, որի նախագահ Ալիեւը շաբաթներ առաջ դրա համար էլ հիշել էր, որ իր հայրն է Նախիջեւանում առաջինը բարձրացրել Ադրբեջանի եռագույնը դեռ ԽՍՀՄ ժամանակ: Ալիեւը հասկանում է, որ Արցախը կորցրել է, այժմ նա էլ փորձում է փրկել Նախիջեւանը, թեեւ Տավուշում ստացած հարվածից հետո այժմ ունի իշխանությունը փրկելու խնդիր, թեկուզ Նախիջեւանը Թուրքիային նվիրելու գնով:

Բայց, դա թույլ կտա՞ Ռուսաստանը, երբ կա հենց պայմանագրային կարգավիճակի հարցը ռուս-թուրքական պայմանագրերի 100-րդ տարելիցի համատեքստում: Կա նաեւ Իրանի ազդեցության խնդիրը, որը եւս հեշտությամբ թույլ չի տա Նախիջեւանի յուրացում:

Ինչ կլինի, եթե այստեղ խաղին միանա Հայաստանն իր իրավունքներով: Երեւանը սկսել է շարժվել այդ ուղղությամբ: Հայաստանն ամիսներ առաջ արեց աննախադեպ մի բան, հայտարարություն տարածելով Նախիջեւանի Ագուլիսի ջարդերի 100-րդ տարելիցի կապակցությամբ: Երեւանն անդամակցել է նաեւ ԱՄՆ նախաձեռնած կրոնական ազատությունների դաշինքին, որը լրացուցիչ հնարավորություն է տալիս բարձրացնել Նախիջեւանի հայկական ժառանգության ոչնչացման հետ կապված հարցերը:


Комментариев нет: