Ռուսաստանը հրաժարվու՞մ է հակահայկական պայմանագրից - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/17/2020

Ռուսաստանը հրաժարվու՞մ է հակահայկական պայմանագրից


Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանագոտու իրավիճակի ռազմա-քաղաքական խորքն անշուշտ բավականին մեծ է, ինչի առաջին վկայություններից մեկը այն էր, որ իրավիճակի լարումից ժամեր անց՝ երբ հայտնի էր ադրբեջանական սադրանքին հայկական բանակի ուժգին պատասխանի մասին, դատապարտող հայտարարություն արեց Թուրքիան: Մի բան, որ Անկարայի պարագայում թերեւս աննախադեպ է:


Դա վկայում է, որ տեղի ունեցածը եւս աննախադեպ է թե բնույթով, թե խորքային մասշտաբով, ինչն էլ առաջացրել է Թուրքիայի արագ արձագանքը: Ընդ որում, դա էլ իր հերթին նշանակում է, որ Անկարան կատարվածի խորքում տեսնում էր նաեւ ռուսական հետաքրքրություն եւ դատապարտող հայտարարությունը պարզապես Ռուսաստանի հետ քննարկման հայտ էր: Առավել եւս, որ նույն օրը երեկոյան տեղի էր ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց, եւ Անկարան թերեւս ակնկալում էր հարցը դարձնել դրա քննարկման առարկա:


Ժամեր անց Անկարայի հայտարարությանը հաջորդեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովի անունից տարածված հաղորդագրությունը, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ նրա հեռախոսազրույցներից հետո: Ռուսաստանի ԱԳՆ-ը հայտնեց, որ Լավրովը կարեւոր է համարել, որպեսզի Մինսկի խմբի անդամ երկրները զուսպ լինեն եւ չանեն հայտարարություններ, որոնք ավելի կլարեն իրավիճակը:

Կասկածից վեր է, որ դա ուղղված էր Թուրքիային, եւ Ռուսաստանը ակնարկում էր, որ հայ-ադրբեջանական սահմանագոտում տեղի ունեցածը Անկարայի տիրույթը չէ, եւ Մոսկվան մտադիր չէ Անկարայի հետ քննարկել տեղի ունեցողը: Հատկանշական էր, որ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մեջ չկար խոսք, թե քննարկվել է նաեւ Կովկասում սրված իրավիճակը: Մինչդեռ, հաշվի առնելով իրավիճակն ու Թուրքիայի սուր արձագանքը, այն պետք է որ լիներ քննարկման ենթակա:

Մոսկվան, իհարկե, մերժել է զգալով այդ հարցում իր առավելությունը, որ կամա, թե ակամա ստեղծել է Հայաստանը՝ պատժելով Ադրբեջանին: Մոսկվան փորձել է օգտագործել Հայաստանի ընձեռած հնարավորությունը, առավել եւս թե Թուրքիայի, թե Ադրբեջանի հետ վերջին շրջանի ակնհայտ բարդ հարաբերության ֆոնին:

Միեւնույն ժամանակ, արդյո՞ք դրվագը զուտ մարտավարական է, թե՞ գործնականում առաջին նշանային հանգամանքը, որ Մոսկվան պատրաստվում է հայտարարել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրի դարը փակելու մասին, որը լրանում է հաջորդ տարի: Այդ պայմանագրերը, որոնք կնքվել են հայկական կյանքերի ու տարածքների վրա, խորքային առումով ռուս-թուրքական հարաբերության սյունն են: Դրանք ռուս-թուրքական համակեցության լուռ առանցքն են: Այդ համակեցությունը սակայն առանցքից շեղվել է հայերի արցախյան հաղթանակով, քանի որ խախտվել է ռեգիոնի ռուս-թուրքական բաժանումը:

Հետխորհրդային գրեթե ամբողջ շրջանում Մոսկվան ու Անկարան փորձում էին վայրիվերումներով գնալ դեպի այդ առանցքի վերականգնում, ինչը սակայն ռազմավարական տապալման արժանացավ 2016-ի ապրիլյան քառօրյայում՝ հայկական բանակի ձեռքով, իսկ հետագայում արդեն դրան վերադառնալու հույսը մարեց մի կողմից Հայաստանում թավշյա հեղափոխությամբ եւ դրա արդյունքում հայ-ռուսական հարաբերության առանցքի փոփոխության հայտով՝ ինքնիշխանություն ենթակայության փոխարեն, ինչպես նաեւ զուգահեռ ծավալված ու թափ հավաքած աշխարհակարգի փոփոխության:

ԱՄՆ ու Չինաստանի դիմակայությունից ծնվող նոր երկբեւեռ աշխարհակարգը թելադրում է իր տրամաբանությունը, ու երբ Պեկինը կորոնավիրուսի դեմ պայքարի Հայաստան ուղարկվող օգնության վրա գրում է Արարատի հայկական լինելու մասին, Մոսկվային չափազանց բարդ է լինելու հավատարմություն պահել Արարատը թուրքական հռչակած պայմանագրի տակ իր ստորագրությանը, հատկապես երբ Երեւանում դեպի Արարատ բացվող ԱՄՆ ահռելի դեսպանատնից քիչ հեռու կառուցվում է դեպի Արարատ բացվող Չինաստանի ահռելի դեսպանատունը:


Комментариев нет: