Պետք է պատրաստ լինել, անհրաժեշտության դեպքում, մարտական գործողությունները տեղափոխել Ադրբեջանի տարածք․ հրամանատարական հավաքներ Արցախում - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/31/2020

Պետք է պատրաստ լինել, անհրաժեշտության դեպքում, մարտական գործողությունները տեղափոխել Ադրբեջանի տարածք․ հրամանատարական հավաքներ Արցախում



ՊԲ-ի 2020 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն` զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների պատրաստվածությունը ստուգելու, մասնագիտական գիտելիքների մակարդակը, տեսական և գործնական հմտություններն ու ունակությունները բարձրացնելու նպատակով, հուլիսի 27-29-ը ՊԲ-ում հրամանատարական հավաքներ են անցկացվել: Այս մասին հաղորդում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։ Առաջին դասախոսությունը  հավաքի մասնակիցների հետ անց է կացրել ԱՀ ՊՆ, ՊԲ-ի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Բանակի հրամանատարը կարևորել է նման ձևաչափով հավաքներն ու դրանց զուգահեռ իրականացվող տեսական ու գործնական պարապմունքները զորքերի ամենօրյա կենսագործունեության ամրապնդման և զորամասերի մարտունակության շարունակական բարձրացման համատեքստում: Հրամանատարական հավաքների ընթացքում, ըստ համապատասխան խմբերի, իրականացվել են դասախոսություններ ու սեմինար-պարապմունքներ մարտավարամասնագիտական պատրաստության առարկաներից, անդրադարձ է կատարվել բարոյահոգեբանական ապահովման խնդիրներին: Հավաքները օգտակար էին ոչ միայն հրամանատարական պատրաստության կատարելագործման, զորքերի ամենօրյա ղեկավարման հարցերում միատեսակ մոտեցումների ձևավորման, այլև ծառայողական փորձի փոխանակման և միմյանց հետ ավելի սերտ կապեր հաստատելու տեսանկյունից: Հուլիսի 29-ին՝ հրամանատարական հավաքների արդյունքների ամփոփմանը ներկա է գտնվել նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Հանրապետության ղեկավարը, ողջունելով հրամանատարական հավաքի ամփոփիչ խորհրդակցության մասնակիցներին, նշել է, որ երկրի անվտանգության երաշխավոր պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում առաջադրված բոլոր մարտական խնդիրները` նպաստելով տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության պահպանմանը: Այնուհետև, անդրադառնալով հայ-ադրբեջանական պետական սահմանին Ադրբեջանի սանձազերծած սադրիչ գործողություններին և այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից հնչող սպառնալից հայտարարություններին, Արայիկ Հարությունյանը նշել է, որ ամեն պահի ոչ միայն պետք է պատրաստ լինել արժանի հակահարված տալու հակառակորդի սադրիչ գործողություններին, այլև, անհրաժեշտության դեպքում, մարտական գործողությունները տեղափոխել Ադրբեջանի տարածք` վստահեցնելով, որ բանակաշինությունը այսուհետ ևս լինելու է երկրի իշխանությունների գերակա առանցքը և արվելու է առավելագույնը բանակի զարգացման ու հզորացման համար: Հրամանատարական հավաքների արդյունքների ամփոփմանը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի կողմից ի մի են բերվել արձանագրված արդյունքները, լավագույն ցուցանիշներ գրանցած մի խումբ զինվորականներ արժանացել են խրախուսման, իսկ մասնակից սպայակազմին  հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ տրվել են անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ:


© factor.am



Комментариев нет:

Ամենաշատ դիտված նյութեր