Երբ Ալիևը խոսում է ժողովրդավարությունից, դա նույնն է, ինչ Հիտլերը խոսեր այլախոհության համար պայքարի կարևորության մասին. Տաթև Հայրապետյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/10/2020

Երբ Ալիևը խոսում է ժողովրդավարությունից, դա նույնն է, ինչ Հիտլերը խոսեր այլախոհության համար պայքարի կարևորության մասին. Տաթև Հայրապետյան



365news.am-ի զրուցակիցն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը:

–Ալիևն իր հայտարարություններում սկսել է ավելի շատ անդրադառնալ Հայաստանի ներքաղաքական կյանքին՝ դրանք ներկայացնելով իրեն ձեռնտու լույսի ներքո: Ալիևն այդպիսով փորձում է հայկական ներքաղաքական լարված իրավիճակն ավելի՞ թեժացնել:

-Երբ Ալիևը խոսում է ժողովրդավարությունից կամ փորձում է որակումներ տալ դրան, դա նույնն է, ինչ Հիտլերը խոսեր այլախոհության համար պայքարի կարևորության մասին: Որպես ստանդարտ բռնապետ՝ Ալիևը ատում է ժողովրդավարությունը` ավելին, նա ակնհայտ տեսնում է այն հսկայական արժեհամակարգային տարբերությունը, որ կա Հայաստանի ու Արցախի ընտրած զարգացման ժողովրդավարական ուղու և Ադրբեջանում հաստատված բռնապետության միջև: Ալիևը սարսափում է հնարավոր ժողովրդավարական պրոցեսներից, և իր սարսափների արտացուլումն եմ համարում Հայաստանում ստեղծված իրականությանը տված նրա անհեթեթ ձևակերպումները: Եթե մի օր Ադրբեջանում ձևավորվի լեգիտիմ իշխանություն, ապա Ալիևն ու իր ընտանիքն առաջինն են հայտնվելու ճաղերի հետևում:


–Որո՞նք էին հիմնական մեսիջները Ալիևի հայտարարության մեջ:

-Ըստ իս՝  հիմնական մեսիջն այն էր, որ ինքը շարունակում է օրակարգում պահել հարցի ռազմական «լուծման» սցենարը: Սա նորություն չէ, իհարկե, բայց հավելյալ զգոնության անհրաժեշտություն է ստեղծում:

– Ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ նա Սերժ Սարգսյանին վախկոտ որակեց:

-Որովհետև Սերժ Սարգսյանը ենթարկվել էր ժողովրդի կամքին և թողել իշխանությունը ժողովրդի ճնշման և անարյուն, խաղաղ ու ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում հեռացել իշխանությունից՝ վերադարձնելով այն ժողովրդին: Ալիևի համար իշխանությունից հրաժարվելը և ժողովրդի կամքին ենթարկվելը «վախկոտություն է»: Իր համար «քաջությունը» ցմահ կառավարելն ու դինաստիական բռնապետական համակարգը ամեն գնով պահելն է:

-Հունիսի 30-ին Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից օրեր անց Ալիևն իր այս հայտարարությամբ քննադատել էր նաև ՄԽ համանախագահներին պասսիվություն դրսևորելու համար: Ի՞նչն է այդքան վրդովվեցրել Ադրբեջանի նախագահին:

-Ենթադրում եմ, որ վրդովվել է նախ այն առիթով, որ համանախագահները հերթական անգամ բացառել են խնդրի ռազմական լուծումը, շեշտել մթնոլորտի առողջացման, փոխվստահության մեխանիզմների զարգացման, ինչպես նաև ռազմատենչ հռետորաբանությունից խուսափելու անհրաժեշտության մասին: Ալիևը լավ է հասկանում, որ հայկական կողմը իր առաջ քաշած օրակարգով շատ ավելի ընկալելի է միջազգային հանրության համար: Մինչդեռ ադրբեջանական կողմն աչքի է ընկնում իր հայատյաց և ռազմատենչ հայտարարություններով, ինչը, իհարկե, պետք է մշտապես կոշտ գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից, որը կարող է քիչ թե շատ զսպող գործոն հանդիսանալ Բաքվի բռնապետի համար տարածաշրջանային նոր պատերազմ հրահրելու ճանապարհին: Ալիևն ինքն է խոստովանում, որ միջազգային իրադրությունը թույլ չի տալիս գնալ էսկալացիայի, և սա կարևոր ազդակ է միջազգային հանրության համար՝ լինել աչալուրջ, խստորեն քննադատել ռազմատենչությունն ու ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը և խոսել գերազանցապես խաղաղ կարգավորման մասին:

Զրուցեց Հայկա Ալոյանը


Комментариев нет:

Ամենաշատ դիտված նյութեր