Դիանա Շատվերյանը՝ այս ամառվա տենդենցների, COVID-19-ի պատճառով տուժած նորաձևության ոլորտի ու սպասվելիք նորությունների մասին - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/18/2020

Դիանա Շատվերյանը՝ այս ամառվա տենդենցների, COVID-19-ի պատճառով տուժած նորաձևության ոլորտի ու սպասվելիք նորությունների մասին



Հայտնի ոճաբան, մոդելավորող Դիանա Շատվերյանը Showbiz.am-ի հետ զրույցում խոսել է նորաձևության աշխարհում տիրող այժմյան իրավիճակի, այս ամառվա նորաձև գույների, կորոնավիրուսի պատճառով տուժած նորաձևության ոլորտի ու այդ ամենին առնչվող կարևոր մանրամասների մասին։

«Շատ պլաններ ունեի, որոնք կարանտինի հետևանքով ընդհատվեցին։ Պետք է նոր սրահ բացեի, նոր նախագծեր իրականացնեի, բայց ցավոք սրտի այս պահին այդ ամենն օրենքով արգելվում է, և չենք կարող դրանք իրականացնել։ Այնպես որ այդ բոլոր պլանները չչեղարկվեցին, բայց հետաձգվեցին։ Երբ դրանք ի կատար ածվեն, արդեն մանրամասն կխոսեմ ու կասեմ, թե ինչեր հասցրեցինք անել և ինչը՝ ոչ»,- պատմում է Դիանան։

Ինչպես գիտեք, կարանտինի ընթացքում շատ օտարերկրյա և որոշ հայազգի դիզայներներ ներկայացրեցին նորաձև, պաշտպանիչ դիմակներ: Նրանցից մեկն էլ հենց Դիանա Շատվերյանն է, ով այս ընթացքում պատրաստվում է ներկայացնել նոր դիմակների տեսականի նորաձևության սիրահարներին․ «Շատ լավ նախաձեռնություն է, հատկապես եթե ստիպված ես դիմակներ կրել ու զրկված ես տնից գեղեցիկ դուրս գալու հաճույքից։ Իսկ այսպես կարելի է գոնե գեղեցիկ ու դիզայներական լուծումներով դիմակներով ավելի ինքնավստահ լինել, ինչն այս օրերին շատ կարևոր է։ Մենք նույնպես սկսել ենք դիմակներ ստեղծել, իմ ինստագրամյան էջով արդեն ցույց եմ տվել, բայց դա դեռ վերջը չի։ Կլինեն նոր դիմակներ, որոնք շուտով օնլայն տարբերակով կներկայացնենք»։



Դիզայները պատմում է, թե ինչպես է անդրադարձել կարանտինն իր բրենդի գործունեության վրա․ «Բրենդի գործունեության վրա անդրադարձել է հավասարապես, ինչպես բոլորի վրա։ Այսինքն որևէ տարբերություն չկա՝ ինչպես բոլորն, այնպես էլ ես։ Բոլորիս դեպքում էլ նույն սահմանափակումներն են՝ միջոցառումների, տոնախմբությունների ու համերգների բացակայությունը և այլն։ Ինչ վերաբերում է նոր նախաձեռնություններին, մենք չենք դադարել աշխատել ու այն, ինչ հիմա անելու ու ներկայացնելու ենք, վաղուցվա մտքեր են, և դրանք վերջապես ի կատար կածեմ։ Կարելի է ասել, մենք չենք դադարել աշխատել և մոտ ապագայում նորություններով ենք հանդես գալու»։

Դիանա Շատվերյանը կիսում է նորաձևության ոլորտի մասնագետների կարծիքն ու նշում, որ դեռ բավականին երկար ժամանակ է պետք, որպեսզի նորաձևության ոլորտը սկսի վերականգնվել․ «Կարծում եմ՝ դա վերաբերում է ոչ միայն նորաձևության, այլև բոլոր ոլորտերին, իհարկե, բացառությամբ բժշկությունը և սննդի ոլորտը։ Մի քանի ամիս դեռ պետք է, որպեսզի և՛ նորաձևության, և՛ մյուս բոլոր ոլորտները ուշքի գան, ու մարդիկ անցնեն իրենց բնականոն կյանքին, հաղթահարեն վախերն ու սկսեն նորից միջոցառումների գնալ։ Նույնիսկ եթե բոլոր վայրերը բացվեն, մարդիկ դեռ վախով են վերաբերվելու մասսայական վայրեր գնալուն, մինչև չհաղթահարեն այդ հոգեբանական պատնեշը»։

Ոճաբանն անդրադառնալով կարանտինային իրավիճակի ավարտից հետո հագուստի ու աքսեսուարների գնային աճին, շեշտում է․ «Սխալ կլինի նույն աքսեսուարները վաճառվեն ավելի թանկ գնով ։ Կա սահմանված գին և վերջ, եթե դրա ինքնարժեքը որոշակի գումար է կազմում, արտադրողի համար դժվար կլինի այն փոփոխել, բայց կարող են նոր առաջարկներով հանդես գալ ու դա ավելի ճիշտ կլինի։ Բայց կարծում եմ, որ նույն ապրանքը վաճառել էժան կամ թանկ առնվազն արդարացի չէ մյուս հաճախորդներիդ նկատմամբ, ովքեր այն գնել են դրանից մի փոքր ավելի շուտ»։

Շատվերյանի խոսքով՝ փակ ճանապարհներն իսկապես շատ են խոչընդոտել, որ անհրաժեշտ նյութերը, գործվածքները հասնեն Հայաստան․ «Բոլոր երկրներում նմանատիպ խնդիր կա, քանի որ եթե չեն աշխատում ավիաուղիները ու ճանապարհները փակ են, ինչպե՞ս կարող էին նոր կտորներն ու աքսեսուարները տեղ հասնել և ի վերջո ամեն բան էր կանգ առել, և նորաձևությունը բացառություն չէ»։

Հարցին, թե ինչպիսի՞ նորաձևություն է մեզ սպասվում այս ամենի ավարտից հետո և արդյո՞ք ոճային, գունային կամ այլ փոփոխություններ են սպասվում համաշխարհային նորաձևության մեջ, Դիանան պատասխանում է․ «Չեմ կարծում, որ նորաձևության մեջ կտրուկ փոփոխություններ կլինեն, և երբ արդեն վերադառնանք մեր բնականոն կյանքին, ամեն բան իր տեղը կընկնի, ու բոլորը կապրեն իրենց առաջվա ռիթմով՝ նորաձևությունն իր, մյուս ոլորտներն էլ իրենց ռիթմով։ Ինչ անկնկալվում էր, որ պետք է նորաձև լինի 2021-22 թվականներին, այդպես էլ կլինի՝ անկախ ամեն ինչից։ Այս պահին է միայն փոփոխություն տեղի ունեցել նորաձևության մեջ՝ կապված դիմակների օգտագործման հետ, բայց այն չի անդրադարձել նորաձևության վրա՝ գույների, գործվածքների, դիզայնի, կտրվածքների առումով»։

Այս ամառվա մոդայիկ գույների մասին․ «Այս ամառ, եթե ունենանք այնպիսի ամառ, որի ընթացքում կկարողանանք կրել ու ցուցադրել մեր գեղեցիկ հագուստները, ապա ակտուալ կլինեն սպիտակը, երկնագույնը, մոխրագույնը, որոնց մասին շատ է խոսվում։ Իրենց տեղը չեն զիջել պաստելային ու նեոնային երանգները՝ օրինակ, վարդագույնի ֆուքսիա երանգը, կանաչ գույնի վառ երանգը։ Նորաձև են նաև ծաղկային պրինտերը, մեծ և մանր պուտիկավոր ու վանդակավոր կտորները և այլն։ Մնում է միայն մարդիկ առողջ լինեն, որպեսզի կարողանան կրել դրանք ու վայելել ամառը»։



Հնաոճ իրերի կիրառումը նորաձևության մեջ․ «Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, և նույնիսկ հնաոճ իրերի օգտագործումն էլ է ոճի մի մաս կազմում։ Այսօր ուղղվածություններն ու սահմաններն այնքան լայն են, որ որևէ մեկին մեղադրել հնաոճ լինելու մեջ արդեն բարդ կլինի։ Խոսքս, իհարկե, չի վերաբերում այն դեպքերին, երբ մարդը զգեստապահարանից ընտրում է շատ հին հագուստ կամ պայուսակ, որը տարիներ շարունակ կրել է ու այն կորցրել է իր թարմությունը։ Բայց կան նույն ոճով կարված հագուստներ, պայուսակներ, կոշիկներ, որոնք մարդու նախընտրելի տարիների ոճով են ստեղծված, բայց իհարկե ավելի թարմ տեսք ունեն ու դրանց նոր շունչ է հաղորդված՝ թեկուզ մի փոքրիկ դետալի փոփոխությամբ»։



Ոճաբանը նախընտրում է չառանձնացնել հստակ իրեր, առանց որոնց կինը չի կարող համարվել ոճային, քանի որ կարծում է, որ այն, ինչ կարող է այս տարի ոճային աքսեսուար համարվել, մյուս տարի կարող է անտիթրենդ դառնալ․ «Մարդու ոճը արդեն ինքնին խոսում է նրա նորաձև կամ հնաոճ լինելու մասին, քանի որ ամեն դետալ էական է։ Ես ուշադրություն եմ դարձնում ամեն մանրուքի վրա, որովհետև ամենահասարակ բլուզի և տաբատի հետ կարող ես այնպիսի գեղեցիկ աքսեսուար կրել, որ ամեն բան արդեն հասկանալի լինի, կամ պարզապես թրենդային ու գեղեցիկ վերնաշապիկը համադրել շատ սովորական տաբատի, կոշիկների ու պայուսակի հետ, որ ամեն բան ոճի տեսանկյունից ճիշտ լինի»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան
Աղբյուրը՝ 

Комментариев нет: