Վիճակս գնալով վատանում է, հիվանդանոց չեն տանում, բուժքույր չի գալիս, որ սիստեմաներ միացնի. COVID 19-ով վարակված քաղաքացին ահազանգում է - Erevan.live

Լրահոս

6/03/2020

Վիճակս գնալով վատանում է, հիվանդանոց չեն տանում, բուժքույր չի գալիս, որ սիստեմաներ միացնի. COVID 19-ով վարակված քաղաքացին ահազանգում է




Այսօր Տարոն Առաքելյան անունով ֆեյսբուքյան օգտատերն իր էջում գրել էր, որ Գեորգի Հակոբյանը խնդրում է, որ իրեն շտապ տանեն հիվանդանոց և փրկեն կյանքը: «COVID 19 տեստը հաստատված է, ունի երկկողմանի թոքաբորբ և հիմա շնչահեղձ է լինում: Ասաց, որ շտապ օգնությունից ասել են, որ տեղ չկա, ու միայն ծայրահեղ հիվանդների մոտ են գալիս, բայց իր վիճակն էլ հենց ծայրահեղ վատ բնութագրեց, քանի որ ուժ չունի շարժվելու և չի կարողանում շնչել: Կինը և երեխան նույնպես վարակված են: Անգամ կոմպյուտերային տոմոգրաֆիայի համար ստիպված է եղել մի կերպ ինքնուրույն գնալ բուժ հաստատություն, վճարել ու նկարել թոքերը: Կաթիլային ներարկում միացնող բուժքույր, կամ բժիշկ էլ չկա, որ գան օգնեն իրենց»,- գրել էր նա:


ArmDaily.am-ի հետ զրույցում Գեորգի Հակոբյանը հայտնեց, որ քիչ առաջ Առողջապահության նախարարությունից իր հետ կապ են հաստատել, նշելով որ այս օրերին բազմիցս դիմել է թեժ գիծ. «Նախարարությունից որևէ լուծում չառաջարկեցին, ասեցին ձեր բժշկի հետ կապի մեջ եղեք։ Ես նախկինում դիմել եմ թեժ գիծ, բացի այդ երբ թեստավորում էին, միայն ինձանից նմուշ վերցրեցին, ընտանիքիս անդամներից չվերցրեցին, հիմա պետք է արդեն գնան Դավթաշենի թիվ 20 պոլիկլինիկա, հերթ կանգնեն, բայց ջերմությունով հիվանդ են, կգնան, մնացածին էլ կվարակեն, որպեսզի թեստ հանձնեն»։

Նա նշեց, որ պոլիկլինիկայի բժիշկը օրը երկու անգամ զանգում է իրեն, սակայն նախարարությունից իրեն հայտնել են, որ ինքն է պարտավոր ամեն օր զանգել բժշկին ու հայտնել, արդյոք ջերմաչափվել է և որքան ջերմություն ունի։ «ԿՏ-ն ինձ անվճար է հասնում, քանի որ 3-րդ կարգի հաշմանդամ եմ, բայց ինձ չտվեցին ուղեգիր, ես ինքս իմ միջոցներով գնացի, արեցի»։

«Այսօր իմ բժշկուհին էլ զանգել, հետաքրքրվել է, թե որ հիվանդանոցում ազատ տեղ կա, պարզվեց, որ ազատ տեղ չկա, ինքը պիտի էլի հետաքրքրվի ու զանգի՝ իմաց տա, որ հավաքվեմ, գնամ, բացի դրանից ես երեկ երեկոյան, երբ վիճակս վատացավ, զանգեցի թեժ գիծ, ինձ պատասխանեցին, որ ծայրահեղ ծանր վիճակում են հիվանդանոց տանում, այդ վիճակում չեն տանում, այսինքն ես սպասե՞մ ծայրահեղ ծանր դառնամ, արդեն ոչ մի բան չեն անի այնտեղ։ Ես առաջին օրը հենց ջերմել եմ, դիմել եմ բժշկի՝ մայիսի 26-ին, ինձ ռենտգեն արեցին, թոքաբորբ էի, 5 օրից հետո նոր եկան թեստավորեցին, երեկ նոր ինձ ասացին, որ թեստը դրական է։ Ես ծանոթ բժշկուհի ունեմ, ինքն է ասել ինչ խմեմ, բայց ոչ պոլիկլինիկայի բժիշկը։ Ինձ նաև սիստեմաներ են անհրաժեշտ, ոչ մի բուժքույր չեն ուղարկում։ Հիվանդանոց չեն տանում, բուժքույր չի գալիս, որ սիստեմաներ միացնի, ես չեմ ասում անվճար, ես պատրաստ եմ վճարել, բայց չեն գալիս։ Իմ բժշկին ասել եմ, ասում է՝ գիտեք ոչ մի բուժքույր չի գա»,- ասաց նա։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ տեղյակ են գրառմանը, այժմ այն ուսումնասիրվում է։


No comments:

Ամենաշատ դիտված նյութեր