Հիվանդացության վերարտադրողականության ցուցանիշը միանշանակ դեպի նվազում է գնում - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/21/2020

Հիվանդացության վերարտադրողականության ցուցանիշը միանշանակ դեպի նվազում է գնում



Lragir.am-ի զրուցակիցն է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման կանխարգելման կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը


Տիկին Աբովյան, վերջին շրջանում դիմակների արդյունավետ լինել-չլինելու հարցն անընդհատ քննարկվում է։ Առողջապահության նախարարն ու վարչապետը վերջերս ասացին՝ մարդիկ կարող են տանն էլ պատրաստել դիմակներ, սակայն երեկ նախարարը հայտարարեց, որ լավ կլինի, եթե մարդիկ բժշկական դիմակներ կրեն։ Սոցիալական ցանցերում մարդիկ հարցադրում են անում՝ կողմնորոշվեք՝ ի վերջո ի՞նչ դիմակներ պետք է կրել։

Նախ ասեմ, որ դիմակների կրումն իրոք լուրջ միջոցառում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար, քանի որ դիմակը կրելու նպատակը վարակի աղբյուրի կառավարումն է։ Այսինքն՝ եթե ես հիվանդ եմ, կարող է վարակված եմ, բայց չգիտեմ դրա մասին, որովհետև իմ ախտանշանները կարող են սկսվել 5-7 օրից, դիմակ կրելով՝ ես պաշտպանում եմ ձեզ, որպեզի իմ կողմից վարակի հարուցիչներ չփոխանցվեն ձեզ։ Եվ, դուք կրելով դիմակը, պաշտպանում եք ինձ։

Բացի դրանից, եթե ես հազում կամ փռշտում եմ, հատկապես եթե դա այն վայրերում է տեղի ունենում, որտեղ կան մարդկային կուտակումներ, դիմակը հանդիսանում է մեխանիկական պաշտպանիչ միջոց, որ այդ աէրոզոլները շրջակա միջավայրում չտարածվեն։ Երկրորդ անձը կարող է դիպչելով այդ շրջակա միջավայրի մակերեսներին՝ ձեռքերը չախտահանելու պարագայում վարակվել իմ այդ աէրոզոլներից։ Ես մանրամասն եմ բացատրում, որպեսզի մարդկանց համար պարզ դառնա՝ ինչու է անհրաժեշտ դիմակը։

Մեկնաբանեմ նաև նախարարի հայտարարությունը։ Նախ սկսենք նրանից, որ դիմակը պատնեշ է վարակի տարածման համար և կառավարում է վարակի աղբյուրը։ Երկրորդ, բնականաբար, եթե մենք կրում են բժշկական դիմակ, այն ավելի գերադասելի է։ Ինչո՞ւ, որովհետև բժշկական դիմակը պատրաստված է արտադրական պայմաններում՝ ստանդարտներին համապատասխան։ Այն չի պատրաստել անձը, իսկ տնային պայմաններում դիմակը սոցիալական վիճակից ելնելով են պատրաստում։

Աշխարհում շատ երկրներում դիմակ կրելը պարտադիր չէ։

Շատ երկրներում դիմակի սղություն կա, և այնտեղ կարգախոսը մի փոքր ուրիշ է։ Նույն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է, որ առողջ մարդիկ հանրային վայրերում պետք է կրեն տնային պայմաններում պատրաստված դիմակը՝ ուրիշներին չվարակելու համար, որպեսզի պահեն բժշկական դիմակն այն անձանց համար, ովքեր պիտի կրեն այդ բժշկական դիմակը։ Մեր պարագայում, ելնելով հայերի առանձնահատկություններից, որ դիմակը պետք է փոխեն, գումար չկա, հաշվի առնելով սոցիալ-տնտեսական իրավիճակը, առողջ մարդկանց համար հանրային վայրերում, այո, առաջարկվեց կրել տնային պայմաններում պատրաստված դիմակ։ Բայց ես ուզում եմ որպես մասնագետ շեշտել հետևյալը՝ բոլոր այն դեպքերում, երբ գործողությունը դրվում է անձի վրա, դա հղի է բազում ռիսկերով։ Արդյոք այդ մարդը ճիշտ կտոր կընտրի ու ճիշտ դիմակ կկարի, արդյոք այդ դիմակն ամբողջությամբ դեմքը կփակի, թե ոչ, և ի վերջո՝ տվյալ անձը կպահպանի՞ տնային պայմաններում պատրաստված այդ դիմակի կրման պայմանները։ Տեսեք, թե ինչքան ռիսկեր ունենք մենք։ Այդ պատճառով նախարարի կողմից հայտարարվել է, որ գերադասելի է բժշկական դիմակներ կրել, որովհետև այս դեպքում ռիսկն ավելի քիչ է։ Այսինքն՝ նախարարի ուղերձը գնացել է այն մարդկանց, ովքեր ունեն այդ հնարավորությունը՝ կիրառել բժշկական դիմակ։ Բայց եթե մարդը չունի հնարավորություն, ավելի լավ է տնային պայմաններում պատրաստված դիմակ կրի, քան ոչինչ։

Ես շատ եմ ցավում, որ այս ծանր պայմաններում բառերից են կախվում ու փորձում ապատեղեկատվություն տարածել։ Ես կրկնում եմ՝ բժշկական դիմակը համապատասխան ստանդարտներով է պատրաստվում, թույլ է տալիս մարդկանց հանգիստ շնչել, պաշտպանում է դիմացիններին աէրոզոլներից, ալերգիաներ չի առաջացնում, որովհետև համապատասխան ստանդարտներով է պատրաստվում։ Այս հարցը շահարկողները ապատեղեկատվություն են տարածում։ Այն  մարդիկ, ովքեր դեմ են արտահայտվում դիմակներին, ռիսկի տակ են դնում խոցելի խմբերին։

Իսկ ինչո՞ւ պետք է մարդը բացօթյա տարածքում դիմակ կրի, այս հարցը ևս շատ է մարդկանց հետաքրքրում։

Որովհետև բացօթյա տարածքում ավելի շատ ռիսկ կա՝ չպահպանելու սոցիալական հեռավորությունը։ Ես ինքս անձամբ քայլել եմ այգում, երբ միայնակ էի, որոշեցի դիմակը հանել, որպեսզի շնչեի։ Կողքից մի խումբ երիտասարդներ շատ արագ եկան ու իմ կողքը կանգնեցին։ Դու չես կարող բաց տարածությունում քեզ ամեն ինչից պաշտպանել, չգիտես, թե ինչ կլինի հաջորդ քայլին։ Միջոցառումները պետք է լինեն ստանդարտ, միջինացված, և այս պարագայում ընտրվել է, որ բոլոր վայրերում պետք է դիմակ կրել, որպեսզի տարբեր պատճառաբանություններ չլինեն, թե ինչու դիմակ չեն կրել։ Փաստ է այն, որ դիմակը կառավարում է վարակի աղբյուրը, և մենք կարող ենք ունենալ հիվանդացության նվազում։

Արդեն տևական ժամանակ է՝ դիմակ կրելը պարտադիր է դարձել բոլոր վայրերում, բայց հիվանդացության թվերը կարծես չեն նվազում։ Դուք ինչպե՞ս կբացատրեք սա։

Մենք այսօր տեսնում ենք բացարձակ թիվը, բայց մենք ունենա այսպիսի հասկացություն՝ վարակման տեմպ։ Այսինքն՝ հիվանդացության վերարտադրողականության ցուցանիշ, որը միանշանակ դեպի նվազում է գնում։ Այսինքն՝ եթե մեկ մարդը նախկինում կարող էր, օրինակ, վարակել 10 մարդու, հիմա ինքը կարող է վարակել 1-2 մարդու կամ ընդհանրապես ոչ ոքի։ Այսինքն՝ արդյունքն ակնհայտ է, չնայած մենք դեռ ունենք լուրջ խնդիրներ դիմակի կրման հետ կապված։

Հիմա դիմակը շատերի մոտ որպես աքսեսուար է դիտվում, դիմակը տեսնում ենք պայուսակից, մեքենայի հայելուց կախված, կզակի տակ, գլխին։ Ես ընդամենն ուզում եմ բնակչությանն ասել՝ երբ ինչ-որ գործողություն են առաջարկում, պետք է այդ նպատակի մեջ խորանալ՝ ինչի՞ համար։ Ես ասում եմ ինչի համար՝ դիմակը կառավարում է վարակի աղբյուրը, վարակի փոխանցումն այն մարդուց, ով դեռևս չգիտի, որ ինքը հիվանդ է։


Комментариев нет: