«Հայկական Ժամանակը»՝ զրպարտություններ տարածող թերթ. Փաշինյանի թերթի դեմ ներկայացված դատական հայցերն ու օրինական ուժի մեջ մտած վճիռները - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/26/2020

«Հայկական Ժամանակը»՝ զրպարտություններ տարածող թերթ. Փաշինյանի թերթի դեմ ներկայացված դատական հայցերն ու օրինական ուժի մեջ մտած վճիռները


Արդեն գրել էինք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լրագրող եղած ժամանակ «վաստակած» ապօրինի եկամուտների մասին, որոնք նա ստանում էր իր, ապա կնոջ՝ Աննա Հակոբյանի խմբագրությամբ «Հայկական Ժամանակ» լրատվականը որպես շանտաժի հիմնական գործիք օգտագործելու միջոցով։ Ներկայացրել էինք Նիկոլ Փաշինյանի սահմանած price-list-ը 2000-ականներին և մի քանի պաշտոնյաների անուններ, որոնք վճարում էին Փաշինյան ընտանիքին, որպեսզի նրանց թերթը զերծ մնա պաշտոնյաների և իրենց ընտանիքի անդամների պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ հրապարակելուց։

Օրերս մեր տեղեկությունները հաստատվեցին մի քանի անձանց, մասնավորապես Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի, Հասմիկ Մանուկյանի և այլոց կողմից, որոնք խոստովանեցին, որ Նիկոլ Փաշինյանի շանտաժի հետևանքով գնացել են գործարքի և տարբեր սխեմաներով ֆինանսավորել նրան։

Այս ամենով հանդերձ` Նիկոլ Փաշինյանը չի խորշում այն վարքագիծը, որն ինքը դրսևորել է գլխավոր խմբագիր և լրագրող եղած ժամանակ, վերագրել տարբեր ԶԼՄ-ներին և իր նախկին գործընկերներին։

Սա դեռ ամենը չէ. «Դարեսկիզբ» ԱՊԸ-ի և դրա ներքո գործող «Հայկական Ժամանակ» լրատվականի դեմ տարբեր տարիներին ներկայացվել են դատական հայցեր՝ անձանց պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու և ներողություն խնդրելու պահանջներով։ Այդ անձանց շարքում են տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, նրանց ընտանիքի անդամներ, որոնց վերաբերյալ անձամբ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև իր ընտանիքին պատկանող լրատվամիջոցը տարիներ շարունակ հերյուրանքներ են տարածել և միֆեր կառուցել։ Այդ դատական գործերից մի քանիսը, որոնցով հաստատվել է, որ «Հայկական Ժամանակը» զրպարտություններ ու վիրավորանքներ է տարածել, ներկայացնում ենք ստորև.


ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ Լևոն Քոչարյանի դատական հայցը

2009թ. «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ ի դեմս «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի, դեմ դատական հայց է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, «Ռոբերտիչի արկածները Դուբայում» վերտառությամբ հոդվածի համար՝ պահանջելով պատիվը և արժանապատվությունն արատավորող տեղեկությունների հերքում և վնասի հատուցում 16.120.000 դրամի չափով:

«Հավաստի» աղբյուրներին հղում անելով կազմված հոդվածում խոսվում է այն մասին, որ Լևոն Քոչարյանը Ամանորից օրեր առաջ Դուբայում տեղի ոստիկանության կողմից հարբած վիճակում ձերբակալվել է: Նրա հետ ձերբակալվել են նաև Մոսկվայում հայտնի դատախազ Գենայի որդին և ևս երկու հոգի:

«Կրտսեր Քոչարյանի համար եղել են բազմաթիվ միջնորդություններ, սակայն տեղի իրավապահները նրան բաց են թողել չորս օր պահելուց հետո միայն, այն էլ` զանազան փաստաթղթեր պահանջելով: Ըստ մեր աղբյուրների, Լևոն Ռոբերտի Քոչարյանը ձերբակալվել է հասարակական վայրում անկարգություններ անելու համար»,- նշված է «Հայկական Ժամանակի» հոդվածում:

Դիմելով դատարան՝ Լևոն Քոչարյանի ներկայացուցիչը պնդել է, որ «Հայկական Ժամանակի» տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, քանի որ Լևոն Քոչարյանը Ամանորին և դրանից օրեր առաջ (2008թ. դեկտեմբերի 15-31-ը գտնվել է ՀՀ տարածքում և չի լքել այն անգամ 2009 թվականի հունվարի 1-ին, Ամանորյա տոների ընթացքում՝ մինչև 2009 թվականի հունվարի 13-ը) եղել է ՀՀ տարածքում, ուստի նա չէր կարող նշված ժամանակահատվածում գտնվել միաժամանակ Հայատանում և Դուբայում: Այս ամենից հետևում է, որ Դուբայում չգնտվող Լևոն Քոչարյանը չէր կարող լինել հարբած վիճակում և, առավել ևս, ձերբակալվել Դուբայի ոստիկանության կողմից, չէր կարող լինել Մոսկվայում հայտնի դատախազ Գենայի որդու հետ, որևէ միջնորդություններ չէին կարող լինել, և որևէ փաստաթղթեր չէին կարող պահանջվել, որևէ անկարգություն չէր կարող տեղի ունենալ:

Ըստ Լևոն Քոչարյանի ներկայացուցչի՝ օրաթերթը չէր հստակեցրել, թե Ամանորից քանի՞ օր առաջ է տեղի ունեցել ձերբակալումը և ի՞նչ պայմաններում, թե ո՞րն է այն տեղեկատվության հավաստի աղբյուրը, համաձայն որի` Լևոն Քոչարյանի հետ ձերբակալվել են նաև Մոսկվայում հայտնի դատախազ Գենայի որդին և ևս երկու հոգի, թե ովքեր են եղել այդ ևս երկու անձինք: Ըստ Լևոն Քոչարյանի ներկայացուցչի՝ նշված նյութը անհիմն է և վերացական, չի պարունակում որևէ փաստ հաստատող տեղեկություն, ինչը թույլ էր տվել եզրակացնել, որ այն ստահոդ, ասեկոսեների վրա հենված, չստուգված, ընթերցողների մոտ սենսացիա ստեղծելու և շահույթ ստանալու նպատակով հրատարակված տեղեկություն է:

Բացի այդ, ըստ Լևոն Քոչարյանի ներկայացուցչի՝ օրաթերթի առաջին էջի վրա տեղադրված ապակողմնորոշող և լրագրողի էթիկայի կանոններին հակասող լուսանկարը չէր ապացուցում Լևոն Քոչարյանի Դուբայում գտվելու փաստը, քանի որ Դուբայի փողոցների կոլորիտը արտացոլող որևէ պատկեր առկա չէր և անգամ հոդվածում նշված ձերբակալման պահը արտացոլող որևէ դրվագ չկար: Ավելին, հոդվածի իսկության վերաբերյալ ընթերցողին շփոթության մեջ գցելու համար օրաթերթի առաջին էջի վրա տեղադրված լուսանկարում Լևոն Քոչարյանը պատկերվել էր անհայտ՝ հայցվորից ակնհայտ բարձրահասակ, անձի մարմնի ֆոնի վրա, որի գլուխն, ընդ որում, չէր երևում, իսկ վերջինիս դեմքը այնպես էր արտապատկերվել, որ տպավորություն ստեղծվի, թե նա հարբած է: 

Գործի առնչությամբ մյուս մանրամասները:

Մասնակի  բավարարելով Լևոն Քոչարյանի հայցը՝ դատարանը «Հայկական Ժամանակ» օրաթերթին պարտադրել է հերքել պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկությունները և որպես նյութական ու բարոյական վնաս` փոխհատուցել 3.620.000 դրամ: «Հայկական Ժամանակից» հօգուտ պետական բյուջեի նաև բռնագանձվել է 72.400 դրամ` որպես նախապես չվճարված պետական տուրքի գումար:

«Դարեսկիզբ» ՍՊԸ-ն վերոնշյալ վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը բավարարվել է մասնակիորեն՝ նախկինում կայացրած վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է։ Լևոն Քոչարյանի հայցը՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից 620.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված նյութական վնաս բռնագանձելու պահանջի մասով, մերժվել է։ Վճիռը մնացած մասով մնացել է անփոփոխ։ Լևոն Քոչարյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է 268.600 դրամ, իսկ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից՝ 94.000 դրամ՝ որպես պետական տուրքի գումար:



Ռուբեն Հայրապետյանի, Սամվել Ալեքսանյանի և Լևոն Սարգսյանի դատական հայցը

«Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ ի դեմս «Դարեսկզիբ» ՍՊԸ-ի դեմ 2010թ. դատական հայց են ներկայացրել ՀՖՖ նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկինում օլիգարխ, ներկայումս` գործարար Սամվել Ալեքսանյանը և ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ պահանջելով պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում:

Փաշինյանի ընտանեկան թերթի դեմ դատական հայցի պատճառն այս անգամ «Ութից յոթը ցուցակում են» հոդվածի հրապարակումն է: Կրկին «հավաստի» աղբյուրներին հղում անելով կազմված հոդվածում նշված է, որ ՌԴ ազգային անվտանգության մարմինը, դատախազությունը և մյուս իրավապահ մարմինները տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում, հիմնականում` նարկոթրաֆիքի, թրաֆիքինգի և փողերի լվացման գործերով, պարզել են, որ հանցագործությունների հետ առնչություն ունեն նաև ՀՀ պաշտոնյաներ:

«ՌԴ իրավապահները պարզել են, որ ռուսական կրիմինալ խմբավորումները ՀՀ տարբեր պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ են, և կազմել են տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաների ցուցակ, որում ընդգրկել են 32 անուն»,- գրված է «Հայկական Ժամանակի» հոդվածում, որում այնուհետև թվարկվել են ՀՀ մի շարք պաշտոնյաների անուններ, այդ թվում նաև` Ռուբեն Հայրապետյանի, Լևոն Սարգսյանի և Սամվել Ալեքսանյանի անունները: Վերջիններիս և ցուցակում ընդգրկված մյուս անձանց վերաբերյալ, ըստ «հավաստի» տվյալների,  ՌԴ դատախազության ներկայացուցիչները զրուցել են «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ, իսկ ՌԴ դատախազության ղեկավարությունը ոչ պաշտոնական ֆորմատով այդ ցուցակը ցուցադրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին՝ բարձրաձայնելով նշված անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը, ինչի կապակցությամբ էլ ՀՀ վերը նշված պաշտոնյաները իրենց ռուս գործընկերներին պատասխանել են, որ այդ խնդիրը լուծելու համար իրենք շատ փոքր մարդիկ են:

Դիմելով դատարան` ՀՀԿ-ական նախկին պատգամավորները հայտնել են, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և հանդիսանում է զրպարտություն, ոտնահարում է իրենց պատիվն ու արժանապատվությունը՝ պահանջելով հերքել այն և գրությանը կից ուղարկված հերքման տեքստը տպագրել «Հայկական Ժամանակ» օրաթերթի առաջին էջում։

Պատասխանողի կողմից գրությանը որևէ պատասխան չի ստացվել։ Ավելին, պատասխանողը, պատշաճ ձևով ստանալով հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին դատարանի որոշումը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով սահմանված կարգով հայցադիմումի պատասխան, դատարան չի ներկայացրել, ինչպես նաև պատշաճ ձևով տեղեկացված լինելով նախնական դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, չի ներկայացել։ Գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ պատասխանողի ներկայացուցչի միջնորդությունը բավարարելուց և նիստը հետաձգելուց հետո անգամ պատասխանողի ներկայացուցիչը դատական նիստին չի ներկայացել։

Գործի առնչությամբ մյուս մանրամասները:

Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասով, գործը քննել է պատասխանող կողմի բացակայությամբ։ Ռուբեն Հայրապետյանի, Լևոն Սարգսյանի, Սամվել Ալեքսանյանի ընդդեմ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի` պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցը բավարարվել է մասնակի։ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն պարտավորվել է հերքել «Հայկական Ժամանակ» օրաթերթում հրապարակված «Ութից յոթը ցուցակում են» խորագրով հոդվածը և հերքումը տպագրել նույն` «Հայկական Ժամանակ» օրաթերթում:

«Դարեսկիզբ» ՍՊԸ-ից հօգուտ յուրաքանչյուր հայցվորի դատարանը բռնագանձել է 2.044.000 դրամ, որից` 2.000.000 դրամը` որպես փոխհատուցման գումար, 44.000 դրամը` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Թեև «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը բողոքարկել է Առաջին ատյանի դատարանի որոշումը Վերաքննիչ, այնուհետև` Վճռաբեկ դատարաններում, սակայն վճիռը մնացել է ուժի մեջ:



Արթուր Վանեցյանի դատական հայցը

«Հայկական Ժամանակի»՝ ի դեմս «Դարեսկզիբ» ՍՊԸ-ի դեմ մինչ օրս շարունակում են ներկայացվել տարատեսակ դատական հայցեր: Դրանցից մեկն էլ հանրությանը անհայտ «փաստերի» հղմամբ կազմված «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» հոդվածի կապակցությամբ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի՝ 2020թ. փետրվարին ներկայացված դատական հայցն է: Համաձայն անհայտ «փաստերի» հղմամբ կազմված հոդվածի՝ Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ  իրականացվող լրատվական արշավը համակարգվում և ներշնչվում է Արթուր Վանեցյանի կողմից:

Արթուր Վանեցյանը պահանջում է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում վճարել: Ներկայացված հայցն այժմ գտնվում է վարույթի փուլում:

Թվարկված դեպքերը ընդամենը մի մասն են «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի դեմ ներկայացված այն դատական հայցերի, որոնք ներկայացված են պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկությունների և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալների հերքման և բարոյական վնասի փոխհատուցման պահանջով:

Դատարանի վճռով ուժի մեջ մտած այս օրինակները ցույց են տալիս, որ Փաշինյանները իրենց թերթով զրպարտիչ, պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ են հրապարակել հասարակական-քաղաքական գործիչների վերաբերյալ և անգամ չեն խորշել նրանց երեխաների մասին ստեր տարածելուց:

Հետաքրքիր է, թե հասարակական-քաղաքական քանի գործիչներ, նրանց երեխաները և ընտանիքի անդամները դատական հայցեր չեն ներկայացրել Փաշինյանների թերթի դեմ՝ իրենց վերաբերյալ զրպարտչական հոդվածների համար:

Հարց է առաջանում, թե տարիներ շարունակ այս կամ այն պաշտոնյայի ու անգամ նրանց երեխաների մասին ստահոդ լուրեր տարածող Փաշինյանները ինչու՞ են նեղսրտում, երբ իրենք իրենց կարգավիճակին համապատասխան հայտնվում են մամուլի ուշադրության կենտրոնում՝ իրենց` օրուգիշեր քաղաքական հայտարություններ անող երեխաների և պաշտոնյա դարձած ընտանիքի անդամների հետ միասին: Ի՞նչ բարոյական իրավունքով են Փաշինյանների ղեկավարության ներքո գործող և նրանց քայլերի պատասխանատվությունը կիսող իշխանական պաշտոնյաները ամեն հարմար առիթի վարկաբեկում այս կամ այն լրատվամիջոցին:



Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր` AntiFake.am


Комментариев нет: