Գույքահարկի բարձրացումը՝ որպես իշխանությունների հակաճգնաժամային ամենակարևոր նախաձեռնություն - Erevan.live

Լրահոս

6/29/2020

Գույքահարկի բարձրացումը՝ որպես իշխանությունների հակաճգնաժամային ամենակարևոր նախաձեռնություն



Ներկա իշխանութունների՝ գույքահարկի բարձրացման քաղաքականության  հիմնավորումը դեռ անցյալ տարի ԱԺ-ում ներկայացրել էր կադաստրի նախկին պետ Սարհատ Պետրոսյանը: Վերջինիս բերած օրինակը ԱԺ-ում, թե ինքն իր ավտոմեքենայի համար ավելի շատ հարկ է վճարում, քան՝ տան համար, այս համատեքստում գուցեև համոզիչ փաստարկ էր, բայց հատկապես հիմա  այս օրենքը ժամանակավրեպ է,  անժամանակ:  Այն էլ այն դեպքում, երբ երկրի վարչապետն է հայտարարում, որ 70.000 աշխատատեղ փակվել է։ ՄԻ տեսակ, ժանտախտի ժամին խրախճանքի նախանշաններ է պարունակում:

Ընդ որում, ուշագրավ էր, որ խնդրո առարկա օրենքը, որի բեռան տակ ընկնելու էր ոչ թե բնակչության այս կամ այն խավը, այլ բոլորը, ոչ միայն լուրջ մասնագիտական քննարկումներով չի անցել, այլև որևէ հանրային քննարկում տեղի չի ունեցել, որը ՀՀ քաղաքացիներին մարդկային լեզվով, ոչ թվախեղդ ու տոկոսախեղդ անելով՝ կբացատրեր, թե սա ինչ է ներկայացնում իրենից:  Տեղի չի ունեցել ոչ օրենքի հեղինակ գերատեսչության նախաձեռնությամբ, ոչ էլ՝ կառավարությունն է այն լայն քննարկման դրել:

Եվ ահա, այսպես հում, դեռ կառավարության կողմից անգամ չմարսված այս օրենքը մի տեսակ հրատապության ռեժիմով, անսպասելի և որ ամենակարևորն է՝ արտակարգ դրության և համավարակի պայմաններում բերվում է Ազգային Ժողով, որտեղ նույնպես  նախկինում այս համատեքստում որևէ լուրջ քննարկում չի ծավալվել, բացի մեծամասնության՝ կառավարության բերած օրենքի  հանդեպ երկու ձեռքով կողմ լինելու միաձայն վանկարկումները:

Մինչդեռ, այս օրենքում  պարզ է մեկ բան՝  այլևս չհարկվող շեմ չի լինի և ՀՀ  բոլոր քաղաքացիները կսկսեն գույքահարկ վճարել , մինչդեռ նախկինում շուրջ 580.000 մարդ, որոնք բնակվում էին խրճիթներում, չէին վճարում: Հիմա նաև նրանք կվճարեն:   Ավելին՝ այն բարձրանում է անխտիր բոլորի համար և 4֊5 տարի անց բոլորի համար գույքահարկը բարձրանալու է մոտ 3-4 անգամ։  Շքեղ առանձնատների համար եւս  գույքահարկը բարձրանում է գրեթե նույն համամասնությամբ, ինչ մեկ սենյականոց բնակարաններինը։

Հարց է ծագում՝ ո՞րն է այս հրատապության պատճառը: Արդյո՞ք սա կյանքի և մահու հարց էր: Իհարկե՝ ոչ: Գույքահարկի բարձրացման կարիք կար՞: Եթե չեմ սխալվում, 88-ից ի վեր այն չի բարձրացել, սակայն ոչ հիմա, ոչ այս համաճարակային, սոցիալ-հոգեբանական, տնտեսության  համար ճգնաժամային վիճակում: Գործազրկության ամեն օր աճող թվերի և այս համատեքստում ավելի տխուր պատկեր ունենալու իրատեսական գնահատականների առկայությամբ: Եվ անշուշտ, ոչ արտակարգ դրության պայմաններում, երբ մարդիկ զրկված են փողոցներում և հրապարակներում իրենց բողոքն ու դժգոհությունն արտահայտելու հնարավորությունից:

Իհարկե, շատ դժվար է պատկերացնել որևէ այլ երկրի կառավարություն և Ազգային Ժողով, որն այս կարգի հակահումանիստական վերաբերմունք ունի սեփական ժողովրդի հանդեպ: Բայց ունենք այն, ինչ ունենք: Ի դեպ,  վարակի՝ օրեցօր ահագնացող օջախ հանդիսացող Ազգային Ժողովը  արդեն իսկ վարակակիր որոշ պատգամավորների  տներից էր  կանչել, որ գան քվեարկեն: Հետն էլ՝  վարակ տարածեն: Դա այն օրն էր, երբ կառավարությունը փողոցներում դիմակ էր բաժանում…

Իսկ  ընդհանրապես, այն, որ բնակարանների գույքահարկը կհարկվի դրանց շուկայական արժեքով, աբսուրդի ժանրից է, քանի որ այս համատեքստում հայտնի չէ, թե շուկայական արժեք ասելով ի՞նչ են հասկանում իշխանությունները: Հայտնի չէ նաև, թե  հիպոթեկերով իրենց, իրենց զավակների համար տուն ու տանիք ստեղծող և շատ դժվարությամբ հիպոթեկը փակող  մարդկա՞նց համար ի՞նչ անակնկալներ է մատուցելու այս օրենքը: Այն դեպքում, երբ  եկամտահարկի վերադարձելիության մասին մի օր մի բան է ասվում, մեկ այլ օր՝ այլ բան:

 Միգուցե  գույքահարկի բարձրացումը  մեր իշխանությունների հակաճգնաժամային նախաձեռնություններից մեկն է, մենք չե՞նք հասկանում:

Միանշանակ, այս օրենքը հետկանչի և փոփոխությունների կարիք ունի: Տեսեք,  խորհրդարանում այն  միաձայն ու մեկ մարդու պես  հաստատում  է բացառապես մեկ  ուժ՝ իշխանական քաղաքացիական պայմանագիրը,  որը ժողովրդի ուսերին իշխանության գալով, իր տիրապետության 2 տարիների ընթացքում  ոչ միայն չի ավելացրել, այլև՝  շարունակ պակասեցրել է  ՀՀ պարզ քաղաքացիների եկամուտները:  Իշխանությունն ավելացրել է միայն իրենց եկամուտները՝ աշխատավարձի , պարգևատրումների տեսքով: 

Դե, իսկ հիմա եկել է ժամանակը, որ կենտրոնի հնաբնակներին  քպականները խորհուրդ տան, թե՝ նրանք, ովքեր չեն կարող վճարել շուկայական արժեքով հաշվարկած գույքահարկը, թող վաճառեն իրենց տները և գնան այլ հատվածներում տուն գնեն: Նկատենք, որ  բնիկ կամ  հնաբնակ  երևանցիների խնդիրների բարձրաձայնմամբ էլ, որը ֆլեշմոբի տեսքով սկսեց երգիչ- երգահան Վահան Արծրունին, ֆեյսբուքում սկսվեց տարածվել թեման, մարդիկ  սկսեցին արտահայտել իրենց բողոքն ու դժգոհությունները: Արդյունքում՝ պարզ դարձավ, որ մարդկանց հիմնական մասն իրեն անմիջականորեն վերաբերող այս օրենքից բացարձակ անտեղյակ է:

Եվ այս ամենից հետո հանկարծ Ազգային Ժողովից մի ձայն լսվեց, պարզվեց ֆինանսա-տնտեսական հարցերի հանձնաժողովից ԱԺ պատգամավոր  Թունյանը պատրաստ է հանրային քննարկում նախաձեռնել տարբեր կողմերի մասնակցությամբ և բոլորին բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում գույքահարկի բարձրացումը: Այսինքն, ի՞նչ է ստացվում,  օրենքն ընդունում եք, նո՞ր եք քննարկում կազմակերպում:



Հեղինակ`Մարինե Մինասյան



Աղբյուր` Փաստինֆո


No comments:

Ամենաշատ դիտված նյութեր