Ի՞նչ ժամկետներում սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ կմտնեն եւ ովքե՞ր կհամալրեն ՍԴ կազմը - Erevan.live

Լրահոս

6/24/2020

Ի՞նչ ժամկետներում սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ կմտնեն եւ ովքե՞ր կհամալրեն ՍԴ կազմը


«Իմ քայլը» խմբակցությունը երեկ արտահերթ նիստում միանձնյա քվեարկեց և ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է, որ ՍԴ 3 դատավորների լիազորությունները կդադարեցվեն։ Միաժամանակ, կդադարեցվեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները՝ որպես նախագահ։ Նա կշարունակի կատարել ՍԴ դատավորի լիազորությունները։ Երեկ ԱԺ -ն փոփոխություն կատարեց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում, որի համաձայն սահմանադրական փոփոխությունները Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո Ազգային ժողովի նախագահը ընդամենը հրապարակում է դրանք` առանց Հանրապետության նախագահի ստորագրմանը ուղարկելու: Այսինքն` Հանրապետության նախագահի կողմից ստորագրումը փոխարինվում է ԱԺ նախագահի կողմից հրապարակմամբ։


Ի՞նչ ժամկետներում սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ կմտնեն
ArmDaily.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ասաց, որ ՀՀ նախագահը դեռ պետք է ստորագրի «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխությունները։ Երբ ՀՀ նախագահի կողմից այդ լիազորությունը ստանա՝ ԱԺ նախագահը կհրապարակի երեկ տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունները։ Հրապարակման պահից դրանք կմտնեն ուժի մեջ և 3 դատավորների լիազորությունը կդադարի։ Երեք դատավորներն են Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Ալվինա Գյուլումյանը։ «ԱԺ նախագահը ընդունված օրենքը 1 շաբաթվա ընթացքում ուղարկում է ՀՀ նախագահին, ով 21 օրյա ժամկետ ունի փոփոխությունը ստորագրելու և հրապարակելու համար կամ ՍԴ դիմելու՝ օրենքի սահմանադրականությունը որոշելու համար։ Նախագահն ունի 21 օրյա ժամկետ, սակայն ես հավատացած եմ, որ եթե նախագահը չգտնի հիմքերը՝ ՍԴ դիմելու համար, ինչի հիմքերը ես չեմ տեսնում, բայց չեմ էլ ուզում կանխորոշեմ նախագահի փոխարեն, կարծում եմ, նախագահը շատ ավելի շուտ կստորագրի»։

ԳՈՎԱԶԴ00:14Իմանալ ավելին

Ի՞նչ թեկնածուներ են շրջանառվում ՍԴ դատավորի թափուր տեղերի համար

ԱԺ նախագահի կողմից հրապարակելուց հետո՝ Սահմանադրության 7-րդ գլխի 3-րդ մասի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի թափուր տեղերի համար առաջադրումները կկատարեն հաջորդաբար կառավարությունը, ՀՀ նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը։ Առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո՝ 2-ամսյա ժամկետում։ «Այստեղ խոսքը գնում է առաջադրումների մասին։ Առաջադրումից հետո արդեն որոշակի ժամկետ չկա, թե որքան ժամանակում ԱԺ-ն առաջադրված թեկնածուներին կընտրի կամ չի ընտրի։ Դրա համար էական է, թե երբ կլինի հերթական նիստը, կհրավիրվի՞ արտահերթ նիստ, եթե ամառվա ընթացքում ենք ընտրելու, ապա արտահերթ նստաշրջան պետք է հրավիրվի, այնուհետև հարց է, թե կընտրվի առաջադրված թեկնածուն, չի ընտրվի, հաջորդ առաջադրումը երբ տեղի կունենա։ Այսինքն, առաջադրումների համար ժամկետը 2 ամիսն է, բայց թե դրանից հետո ինչ ժամկետում համալրված կունենանք՝ ՍԴ-ն, հիմա վստահաբար որևէ մեկը չի կարող ասել»,-մեզ հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

Այս ընթացքում արդեն շրջանառվում են ՍԴ դատավորի թեկնածուների անուններ։ Ըստ մեր տեղեկությունների՝ ՍԴ դատավորի պաշտոնի հավակնորդներից են սահմանադրագետ Վարդան Այվազյանը, ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանը։ Ակնկալվում է, որ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից էլ ՍԴ դատավոր կարող է ընտրվել Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը, ով ՍԴ-ում աշխատելու մեծ փորձ ունի։

Հայկ Հովհաննիսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ օդում կախված լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ «Ինձ ոչ ոք նման բան չի առաջարկել, նման բան չկա», -ասաց նա։ Վարդան Այվազյանը նույնպես հերքեց, որ նման քննարկում կա։ «Նախկինում էլ նույն կերպ քննարկումներ կային ու ինձ ԲԴԽ անդամ նշանակեցին, եթե հիշում եք։ Կարծում եմ, եթե անգամ իմ թեկնածությունն առաջադրեն՝ «Իմ քայլը» դեմ կքվեարկի իմ թեկնածությանը, որովհետև ես մշտապես քննադատել եմ նրանց ու սխալները ջրի երես եմ հանել»,-ասաց Այվազյանը։ Արթուր Վաղարշյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ մեզանից է լսում իր ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվելու մասին։ «Երևի ինչ-որ մեկը նախորդ տարվա իրադարձությունները կրկին հիշել ու նորից իմ անունն են շրջանառել։ Չգիտեմ, նման առաջարկ չեմ ստացել, եթե լինի՝ գուցե կարելի է մտածել այդ մասին»։

Հիշեցնենք, որ 2019 թ-ի մայիսին ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու էր առաջադրել Արթուր Վաղարշյանի թեկնածությունը։ Պատգամավորները «30» կողմ եւ 53 «դեմ» ձայներով չընտրեց Վաղարշյանին ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:

Նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հետ այսօր կապ հաստատել մեզ չհաջողվեց, նրա անունը շրջանառվում էր դեռ այն ժամանակ, երբ ՍԴ շուրջ ստեղծված թնջուկը լուծելու համար նախատեսվում էր հանրաքվե անցկացնել։ Դեռ այդ ժամանակ Անդրեասյանը հրաժարվել էր մեզ մեկնաբանություն տալ։ Նա դեռեւս 2006-2007 թթ.-ին համատեղությամբ աշխատել է որպես ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական։


No comments:

Ամենաշատ դիտված նյութեր