Տարօրինակ բաներ են կատարվում հայ-թուրքական սահմանին - Erevan.live

Լրահոս

6/30/2020

Տարօրինակ բաներ են կատարվում հայ-թուրքական սահմանին



Թուրքիան պատրաստվում է վերակառուցել ավերված Անիի պատմական կամուրջը (Մետաքսի ճանապարհի կամուրջ), որը գտնվում է հայ-թուրքական սահմանին՝ Ախուրյան գետի վրա։ Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության ու կապի  նախկին նախարար, այժմ Կարսից ընտրված խորհրդարանի պատգամավոր Ահմեթ Արսլանը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նա Gazete Kars լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է, որ Անիի ավերակները իրենց համար շատ կարևոր են, քանի որ 1064 թ․-ին Անին եղել է սուլթան Ալփարսլան 1-ի կանգառը «Անատոլիայում»։


«Անիի կարևոր առանձնահատկություններից մեկը Մետաքսի ճանապարհի վրա գտնվելն է։ Աստծո կամքով Մետաքսի ճանապարհը եզրափակող ու Հայաստանի ու Թուրքիայի սահմանը գծող Ախուրյանի վրա գտնվող այս պատմական կամուրջը կվերկառուցի», – ասել է թուրք պատգամավորը։

Պատգամավորը չի ասել՝ արդյոք Հայաստանի հետ համաձայնություն է ձեռք բերվել այս հարցով։

Հայաստանի կառավարությունը գումար է հատկացրել Վրաստանի եւ Թուրքիայի սահման տանող ճանապարհների վերանորոգման համար։ Այդ միջոցներում վերանորոգման աշխատանքներ են կատարվելու Թուրքիայի սահմանից Մարգարա գյուղ, Թալինից Քարակերտ և Թուրքիայի սահման եւ Վանաձորից Տաշիր ու վրացական սահման (Պրիվոլնոյե գյուղ)։

Վերջերս Հայաստանն այցելուների համար բացել է Ախուրյանի ափին գտնվող Խարկով գյուղը։ 2020 թվականի ապրիլի 24-ին Շիրակի մարզի Խարկով գյուղում՝ Թուրքիայի հետ սահմանին կանգնեցվել է հայոց եռագույնը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Դրոշի ձողի բարձրությունը 24 մետր է։ Տեղադրվել են նաեւ խաչքարեր։

2019 թվականի դեկտեմբերին տեղեկություն է հրապարակվել, որ 2020 թվականին փոխվելու է Խարկով գյուղի այցի ռեժիմը, որը հայոց Անի մայրաքաղաքից բաժանվում է մի ձորով։ Բոլոր այցելուները կարող են անարգել հասնել սահմանային գյուղ, լրացուցիչ թույլտվություն այլեւս չի պահանջվի։ Այս մասին հայտնել էր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Նախորդ տարիներին Խարկովը փակ գոտի էր, եւ այնտեղ կարելի էր մտնել միայն ռուսական սահմանապահ ծառայության թույլտվությամբ։ Բայց ռեժիմը հանվել է, ճանապարհներ են կառուցվելու, եւ մարդիկ կարող են գնալ այնտեղ Անին տեսնելու։

Ի՞նչ է տեղի ունենալու հայ-թուրքական սահմանին։ Ինչու՞ է Թուրքիան ուզում վերականգնել Ախուրյանի վրայով անցնող կամուրջը։ Դա մտնու՞մ է գործողությունների ծրագրի մեջ, որն Էրդողանի հրահանգով Անկարան ձեռնարկում է Հայկական հարցին դիմակայելու համար։ Թե՞ Թուրքիան պատրաստվում է նրան, որ 2021 թվականին Ռուսաստանն ու Թուրքիան այլեւս չեն երկարացնի Կարսի ու Մոսկվայի պայմանագրերը։

Հայաստանն ու Թուրքիան պայմանագիր չունեն սահմանի մասին, եւ Հայկական հարցը, ինչպես նշում է թյուրքագետ Հայկ Գաբրիելյանը, դամոկլյան սրի պես կախված է Թուրքիայի վրա եւ աստիճանաբար իջնում է։ Մոսկվան լռում է, եւ Թուրքիան պատրաստվում է ամենատարբեր սցենարների։

Անցած տարի Հայաստանը փաստացի «հետ է վերցրել» ռուս սահմանապահներից Թուրքիայի հետ սահմանի մի մասը։ Հայաստանը մտադիր է վերանորոգել Թուրքիայի սահման տանող ճանապարհները, իսկ Անկարան ուզում է վերականգնել Ախուրյանի կամուրջը։

2008 թվականին, երբ Ռուսաստանը փորձեց «ֆուտբոլային դիվանագիտության» միջոցով ստիպել Հայաստանին ճանաչել Թուրքիայի հետ սահմանը, Մոսկվան անգամ սկսեց Գյումրիից թուրքական սահման տանող երկաթուղու վերականգնումը։ Հիմա Մոսկվան անելիք չունի հայ-թուրքական սահմանին։

Lragir.am


No comments:

Ամենաշատ դիտված նյութեր