Մոսկվայի շքերթը տապալվեց. ի վիճակի՞ է Մոսկվան «բռնվել» Հայաստանից - Erevan.live

Լրահոս

6/24/2020

Մոսկվայի շքերթը տապալվեց. ի վիճակի՞ է Մոսկվան «բռնվել» Հայաստանից



Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն եւս հրաժարվել է մասնակցել հունիսի 24-ին Մոսկվայում տեղի ունենալիք Հաղթանակի 75-ամյակի շքերթին, որ կազմակերպում է ՌԴ նախագահ Պուտինը: Նաթանյահուն, ինչպես նաեւ պաշտպանության նախարար Գանցը հայտնել են, որ սիրով կգնային, բայց կորոնավիրուսի համավարակը ստիպում է մնալ եւ համակարգել կառավարության գործողությունները: Հետաքրքիր է, մինչեւ հունիսի 24 քանի՞ ղեկավար կմնա Պուտինի կողքին:


Բանն այն է, որ շքերթի հրավերը բարձր մակարդակով արդեն մերժել են Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան, ԱՄՆ, Չինաստանը: Մերժել է Չեխիան: Հայտնի է, որ ԱՊՀ երկրներից շքերթին չեն մասնակցի Հայաստանի, Թուրքմենիայի ղեկավարները, հրաժարվել է Ալիեւը:

Մոսկվայի շքերթը լինելու էր կորոնավիրուսի հանդեպ Պուտինի հաղթանակի որոշակի ակտ: Խոսքն իհարկե համավարակին զուգահեռ ծավալված քաղաքական հանգամանքների մասին է: Մայիսի 9-ի շքերթը Պուտինը ստիպված էր հետաձգել կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հետո արդեն, թերեւս կորոնավիրուսի քաղաքական հանգամանքների պատճառով նա ստիպված էր համավարակը դեռ չհաղթահարած հայտարարել շքերթի մասին, թերեւս տեսնելով, որ կորոնավիրուսային իրավիճակը բերում է համաշխարհային նոր իրողությունների եւ ամերիկա-չինական գերակայության: Պուտինը Հաղթանակի շքերթով հիշեցնելու էր իր դերի մասին:

Սակայն ստացվում է փաստորեն հակառակը: Մյուս կողմից, Պուտինը կորոնավիրուսին, կամ ԱՄՆ-ին ու Չինաստանին չէ, որ պարտվում է: Նա պարտվում է սեփական մտածողությանն ու արժեհամակարգին, կայսերական բարդույթներին, որոնք Ռուսաստանը պրոպագանդայի մակարդակում «բարձրացնելով ծնկից», իրական ռեժիմում ծնկած տեղից գլորում են ավելի ցած, պառկեցնում են Ռուսաստանը բառի բուն եւ պատկերավոր իմաստով:

Ահա այդ իրավիճակում առավել եւս ընդգծվում է Հայաստանի ռազմավարական խնդիրը՝ չպառկել Ռուսաստանի հետ եւ «Ռուսաստանի տակ»: Ավելին, գուցե տարօրինակ հնչի, սակայն հենց Հայաստանից «բռնվելով» Ռուսաստանը կարող է շոշափելիորեն բարձրանալ ծնկած տեղից:

Մասնավորապես, Հայաստանի հետ իրապես պետական բնույթի եւ բովանդակության հարաբերությունը Մոսկվային կարող է թույլ տալ գործընկեր դառնալ հայկական հարցի համաշխարհային օրակարգի շրջանառության հարցում, որն անկասկած լինելու է նոր աշխարհակարգի հիմնարար վեկտորներից մեկը: Բայց դրա համար Մոսկվային նախ եւ առաջ անհրաժեշտ է համակերպվել Հայաստանի ինքնիշխան սուբյեկտության մտքին: Ի զորու՞ է դա անել ռուսական ներկայիս վերնախավը, կամ կա՞ դրան ունակ քաղաքական դաս Ռուսաստանում:

Առայժմ Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական հարցի «գերեզմանափորի» կարգավիճակում, որ ստանձնել է Թուրքիայի հետ մեկդարյա համաձայնությամբ:


No comments:

Ամենաշատ դիտված նյութեր