Գագիկ Ծառուկյանն ուշքի՞ է գալիս. մնաց եւս մի որոշում - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/28/2020

Գագիկ Ծառուկյանն ուշքի՞ է գալիս. մնաց եւս մի որոշում


Իրատես թերթը գրում է, որ համախմբման ՀՅԴ եւ Հայրենիք կուսակցությունների նախաձեռնությունը առաջ չի ընթանում Գագիկ Ծառուկյանի պատճառով: Ըստ թերթի, ՀՅԴ-ն ու Արթուր Վանեցյանը հիասթափվել են, որ Ծառուկյանը չի կարողացել բողոքի համար հավաքել գոնե 1000 մարդ: Միաժամանակ, թերթը հայտնում է, որ համախմբմանը մոտեցած մի քանի այլ կուսակցություն ակնկալել են տեղավորվել Ծառուկյանի ֆինանսական ռեսուրս-կարկանդակի մոտ, ինչը սակայն ԲՀԿ նախագահը մերժել է:


Դա տեղեկության թերեւս ամենահատկանշական մասն է: ԲՀԿ նախագահ Ծառուկյանն ուշքի՞ է գալիս, մերժելով իրեն տնտեսա-քաղաքական «կթու կով» դարձնելու նոր հայտերը:

Քաղաքականություն Ծառուկյանի մուտքից ի վեր, որը տեղի է ունեցել իհարկե ոչ սեփական նախաձեռնությամբ, ԲՀԿ նախագահը եղել է հենց տնտեսա-քաղաքական «կթու կովի» կարգավիճակում: Իհարկե, այստեղ կա հարաբերական մի հանգամանք: Ի վերջո, այդպիսով Ծառուկյանը սպասարկել է այն համակարգի քաղաքական շահերը, որը նրան դարձրել է խոշոր սեփականատեր կամ առնվազն թույլ է տվել դառնալ, եւ որի խաղի կանոններով էլ խաղացել է ԲՀԿ նախագահը:


Կարո՞ղ էր նա մերժել քաղաքականություն մուտք գործելու առաջարկը: Բարդ է ասել: Դա կախված է մի շարք գործոններից: Օրինակ, թե որքանով է Ծառուկյանը իր բիզնես հաջողությունում եղել ինքնուրույն, համակարգից այսպես ասած անկախ: Միաժամանակ, հնարավոր է էական դեր է ունեցել մարդկային հարաբերության գործոնը, որին զոհ է գնացել Գագիկ Ծառուկյանը: Հանգամանքները կարող են լինել բազմապիսի:

Ժամանակը սակայն փոխվել է, անցնելով տրանսֆորմացիոն մի քանի փուլերով: Այդ ընթացքում Ծառուկյանը ստացել է շատ հարվածներ, գուցե նախկին համակարգի տրամաբանության համատեքստում իր կարծիքով՝ անարդար: Բայց այդ հարվածները նրա համար եղել են թերեւս «անկախության» հարվածներ, եւ ամեն մի այդպիսի փուլից հետո Ծառուկյանն ինչ որ աստիճանով ձեռք է բերել ինքնուրույնություն: Դա թերեւս թույլ է տալիս այժմ կայացնել ինքնաբավ որոշումներ եւ մերժել առաջարկները այն համակարգից, որում ձեւավորվել է:

Սակայն, ԲՀԿ նախագահը թերեւս պետք է պատասխանի առանցքային հարցին՝ իրեն ինչի՞ համար է պետք ինքնուրույնության հնարավորինս բարձր աստիճանը: Ինքնուրույն քաղաքականությա՞ն, թե՞ քաղաքականությունից դուրս գալու եւ իր տնտեսական գործունեության մեջ մնալու: Մյուս կողմից, այդ հարցը Ծառուկյանի համար թերեւս չպետք է գոյություն ունենա, եթե հարվածները նրան ոչ միայն որոշակիորեն ինքնուրույնության , ձայնի ռեսուրս են տվել, այլ նաեւ տվել են իմաստնություն: Ըստ այդմ, ԲՀԿ նախագահը թերեւս պետք է պատկերացնի, որ ինքը տնտեսա-քաղաքական առումով ոչ թե «սրբազան», այլ հենց «կթու կովի» կարգավիճակում է լինելու միշտ՝ քանի դեռ քաղաքականության մեջ է: Բոլորը նրանից քամելու են, չթողնելով ոչինչ, որովհետեւ քաղաքականության մեջ նա «օտար մարմին» է:

Ըստ այդմ, խնդիրը միայն քաղաքական «կցակառույցները» մերժելը Ծառուկյանի համար խնդրի մի մասն է: Իսկ գլխավոր մասն ընդհանրապես քաղաքականությունից ազատվելն ու այդպիսով նաեւ քաղաքականությունն իրենից ազատելն է: Դրանից շահելու են բոլորը, բացառությամբ նրանց, ում համար Ծառուկյանը եղել է ընդամենը մի կողմից սնուցման աղբյուր, մյուս կողմից ռիսկի դուրսգրման օբյեկտ:

Ընդ որում, որեւէ կապ չունի, թե շուրջն ինչպիսին է քաղաքական դասավորությունը, ով է վարչապետ, ով ընդդիմություն:

Մյուս կողմից, իհարկե, ԲՀԿ նախագահի համար կա հարց, թե ի՞նչ է լինելու այն ահռելի ներդրումը, որ նա արել է քաղաքականոթյան մեջ անցնող տարիների ընթացքում: Չէ՞ որ ծախսվել են մեծ փողեր: Իհարկե, եթե ԲՀԿ նախագահին հաջողվի շահեկան տարբերակով «օտարել» կուսակցությունը որեւէ մեկին, դա կլինի լավագույն լուծումը, եւ գուցե արդար լուծում: Առավել եւս, որ նախկին համակարգից թերեւս շատերն են պարտք Ծառուկյանին:

Մյուս կողմից, եթե չգտնվի շահեկան տարբերակ, ապա նվազագույնը՝ ԲՀԿ նախագահը կատարված ծախսը կարող է դիտարկել իբրեւ այսպես ասած «զոհաբերություն» քաղաքականությունից ելքը բարեհաջող գտնելու համար:


Комментариев нет: