Խեղկատակություն. Սոլովյովը ծաղրել է Վահե Էնֆիաջյանին, ով գանգատվել է իշխանությունից - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/19/2020

Խեղկատակություն. Սոլովյովը ծաղրել է Վահե Էնֆիաջյանին, ով գանգատվել է իշխանությունից


Հունիսի 15-ին ռուս հայտնի պրոպագանդիստ Վլադիմիր Սոլովյովի Соловьёв LIVE յութուբյան ալիքի եթերում քննարկվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Քննարկմանը մասնակցել է նաև ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը, որը պատմել է հունիսի 5-ին ԲՀԿ քաղխորհրդի նիստին Ծառուկյանի հնչեցրած քննադատության, Ծառուկյանի հարցաքննության օրը Նալբանդյան փողոցից Ծառուկյանի կողմնակիցներին բերման ենթարկելու, ԲՀԿ հանդեպ հալածանքների մասին։

Զրույցի սկզբում Սոլովյովն ասում է, որ հիմա կարծես թե վտանգավոր է ղարաբաղցիների մասին բարեկամական ինչ-որ բան ասելը, կարող են մտածել, որ իշխանության դեմ ես։

Այնուհետև շարունակում է․ «Մեզ ասում էին, որ ողջ հայ ազգը պաշտում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բոլորը դուրս էին գալիս ու գոչում, որ նա սարսափելի դեմոկրատ է, բայց տեսնում եմ, որ ձեր քաղաքական աստղերից մեկին, որը կարծես նրա հետ բարիկադների մի կողմում էր, հերիք էր ասեր այն, ինչ մտածում էր ձեր կառավարության մասին, որ չի կարողանում պայքարել կորոնավիրուսի խնդրի դեմ, հանկարծ սկսում է գոչել՝ ընտրություններին գնել է ձայներ, Ծառուկյանն արդեն այն Ծառուկյանը չի, որին գիտենք, հիմա նա ոչ թե Հայաստանի հպարտությունն է, այլ շուտ ուղարկեք մեկուսարան, իսկ եթե ժողովուրդը դուրս է գալիս փողոց հանուն Ծառուկյանի, նրանք բոլորը ծախված են»։

– Դե, ո՞վ է ուզում սկսել, – զրուցակիցներին է դիմում Սոլովյովը։

– Ես կսկսեմ, – ասում է Էնֆիաջյանը՝ բարձրացնելով ձեռքը։

– Սկսեք, Վահե։

– Հարգելի Վլադիմիր Ռուդոլֆովիչ, արդեն հակիրճ ասացիք, թե ինչ է տեղի ունեցել։ Իրականում հունիսի 5-ին կայացավ ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստը, որտեղ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կոշտ քննադատեց իշխող կուսակցությանը, կառավարությանը, որից հետո իշխող կուսակցությունն սկսեց տարբեր մեթոդներով․․․ ոչ մի քաղաքական գնահատական չկար, միայն սպառնալիքներ էին։

Այնուհետև Էնֆիաջյանը պատմում է, որ Հայաստանում բազմաթիվ մարդիկ սիրում են Գագիկ Նիկոլաևիչին, նա մեծ վարկանիշ ունի, որը վախեցրել է իշխող կուսակցությանը։ ԲՀԿ-ն միշտ եղել է ժողովրդի կողքին, միշտ պատրաստ է եղել գործակցել և բարիքներ բերել երկրին, պատմել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը՝ ավելացնելով, որ Գագիկ Նիկոլաևիչի արդեն հայտնի հայտարարությունից հետո սկսվեցին հալածանքները։

ԱԺ փոխխոսնակը պատմել է, որ հունիսի 14-ին հարյուրավոր խաղաղ քաղաքացիներ բերման են ենթարկվել, ուժ է կիրառվել նաև պատգամավորների նկատմամբ։

Սոլովյովն ընդհատում է․ «Այսինքն ստացվում է, որ ձեզ ցրել են․․․ ինչքա՞ն է անցել, երկու տարի՞, այն ժամանակ գոռում էիք՝ ոստիկանություն, չհամարձակվեք դիպչել, ազատություն, ի՞նչ եք անում, իսկ հիմա, պարզվում է կարելի՞ է մեկուսարան։

Հարյուրավոր քաղաքացիների են բերման ենթարկվել, ասում է Էնֆիաջյանը։

«Այդ ինչպե՞ս, իսկ երբ Սերժ Սարգսյանին գոչյուններով հեռացնում էիք, ասում էիք՝ թողեք, ոստիկանական ամենաթողություն, ինչ ուզում անում ենք՝ տին-դին-տի-դի-դին, հիմա ստացվում է, որ կարելի՞ է», – հանդիմանում է Սոլովյովը։

Էնֆիաջյանը փորձում է պատասխանել՝ հիմա չկա ժողովրդի իշխանություն։

Էնֆիաջյանը շարունակում է պատմել, որ այնքան մարդու էին բերման ենթարկել, որ Երևանի ոստիկանական բաժանմունքներում տեղ չէր մնացել

Սոլովյովը հարցնում է՝ իշխանության տելեգրամյան ալիքները տեսանյութեր են տարածում ինչպես է Ծառուկյանը գնում ընտրողներին, միգուցե հիմքեր կա՞ն ձերբակալության համար։

Ոչ մի հիմք, փաստ չկա, պարզապես ռեպրեսիա է Գագիկ Նիկոլաևիչի նկատմամբ, հակադարձում է Վահե Էնֆիաջյանը։

Այնուհետև Վլադիմիր Սոլովյովը սկսում է հանդիմանել ու պատմական դաս տալ․ «Դուք լուրջ, հասուն մարդիկ եք, մի՞թե չեք հիշում Հոկտեմբերյան հեղափոխության պատմությունը։ Բոլորը, ովքեր բոլշևիկների կողմից էին, հետո գլխներին են բամփել ու վերացրել։ Կարծում էիք, որ ձեզ թույլ կտա՞ն գոյություն ունենալ որպես ընդդիմադիր կուսակցություն, կարծում էիք, որ ձեզ չե՞ն խժռի։ Եկեք օբյեկտիվ լինենք, Հայաստանը ծանր վիճակում է և անմիջապես՝ ներքին թշնամի, պետք է գտնեն մեկին, ով մեղավոր է, իսկ Ծառուկյանը ինչո՞վ է լավ, նրան կարելի է ճարպազերծել՝ շատ փող ունի, հարուստ մարդ է, երբեք չի թաքցրել, հրաշալի թեմա է, հեղափոխությունը խժռում է իր զավակներին։ Հիանալի է»։

Էնֆիաջյանը փորձում է հետ գալ բուն թեմային․ «Իրականում Ծառուկյանի քննադատությունը, որ գործող կառավարությունում չկան պրոֆեսիոնալ, փորձառու ղեկավարներ, որ երկրում տնտեսական, սոցիալական վիճակը շատ վատ է, հարյուր հազարավոր քաղաքացիներ գործազուրկ են, թունելի վերջում լույս չենք տեսնում։ Ահա թե ինչու է կառավարությունն այդպես արձագանքել»։

Սոլովյովը շարունակում է դաս տալ․ «Հա՞, հասկանում եմ ձեզ, բայց ճշմարտությունը որպես կանոն, բոլորին դուր չի գալիս։ Դուք անցնում եք ավանդական հետհեղափոխական սինդրոմով, երբ նրանց կարելի է, իսկ ձեզ՝ ոչ, նրանք փողոց են դուրս բերում ճիշտ ժողովրդին, իսկ դուք՝ սխալ ժողովրդին։ Սա անցել ենք 1991 թվականին․․․»

Էնֆիաջյանը արձագանքում է․ «Ժամանակի հարց է, պայքարելու ենք, մենք շատ-շատ կողմնակիցներ ունենք, մենք գիտենք, որ կհաղթենք»։

«Դա դեռ կտեսնենք», – քամահրական արձագանքում է Սոլովյովը։

Դիտել 1 ժամ 37 րոպե 20-րդ վայրկյանից.



Комментариев нет: