«99 տոկոսով վստահ եմ, որ երազանքս կկատարվի»․Նոննա Գրիգորյանը նշում է իր 33-ամյակը - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/18/2020

«99 տոկոսով վստահ եմ, որ երազանքս կկատարվի»․Նոննա Գրիգորյանը նշում է իր 33-ամյակը



Այս տարի համաճարակն ու կարանտինային ռեժիմը խախտեցին շատերի ծրագրերը․ ոմանք այդ ամենի պատճառով տխրում են, հուսահատվում, իսկ մյուսները՝ հակառակը, փորձում են դրական կողմ գտնել յուրաքանչյուր իրավիճակում, ինչպես դերասանուհի Նոննա Գրիգորյանը, ով այսօր նշում է իր 33-ամյակը։


«Կարանտինը շատ-շատ բաների է խանգարում։ Մեծ ծրագրեր ունեի այս տարի ծննդյանս օրվա հետ կապված, որովհետև վաղուց ընկերներով չէինք հավաքվել։ Նաև ասում են, որ այս տարին յուրահատուկ է, որովհետև 33-ը Հիսուսի տարիքն է։ Ամուսնուս հետ ցանկանում էինք շատ յուրահատուկ նշել այս ծնունդս, սակայն կարանտինային իրավիճակը թույլ չտվեց։ Կնշենք ընտանիքով՝ ես, ամուսինս, դուստրս։ Երևի միասին սրբավայրեր կայցելենք, իսկ երեկոն կանցկացնենք շատ նեղ, ընտանեկան միջավայրում»,- Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է Նոննան։


Հիշելով անցած տարիները՝ դերասանուհին խոստովանում է, որ ամենից շատ յուրահատուկ են եղել այն ծննդյան տոները, որոնք նա անցկացրել է բեմում։
«Ինձ թվում է դրանք ամենայուրահատուկ ծնունդներն են, որովհետև դրանք հնարավոր չէ կրկնել։ Այնպես որ իմ ամենահետաքրքրիր ծննդյան տոները անցկացրել եմ բեմում»,- հիշում է նա։



Խոսելով նվերների մասին՝ Նոննան հավատացնում է, որ իր համար յուրահատուկ ու սիրելի են ստացած բոլոր նվերներն առանց բացառության։
«Առհասարակ, սիրում եմ նվիրել, չնայած՝ ստանալ էլ պակաս չեմ սիրում։ Յուրաքանչյուր նվեր սիրում եմ, կապ չունի ինչպիսին է, ինչ արժեք ունի, կարևորը՝ դիմացինը կամեցել է, չի մոռացել։ Կարծում եմ՝ ամենակարևորը դա է՝ ունենալ մարդիկ, ովքեր անգամ ամենափոքր կերպով կփորձեն հիշել, շնորհավորել, նվեր տալ»,-ասում է հոբելյարը։

Իր ամենակարևոր երազանքը Նոննան ցանկանում է պահել գաղտնի․ «Ես սնահավատ չեմ, բայց չեմ բարձրաձայնի գլխավոր երազանքս։ 99 տոկոսով վստահ եմ, որ երազանքս կկատարվի, իհարկե, Աստծո կամոք։ Իսկ գլխավոր երազանքների կողքին բոլոր ծնունդներին ու աղոթքներիս մեջ ընտանիքիս, մտերիմներիս առողջությունն է, ուզում եմ նրանք առողջ լինեն և միշտ իմ կողքին»։

Պատմելով իր երիտասարդության գաղտնիքների մասին՝ Նոննան ասում է․ «Ինձ թվում է մարդու գեղեցկությունը կապված է հոգու գեղեցկության հետ։ Չեմ ուզում ինքս ինձ գովել, բայց մաքսիմալ փորձում եմ լինել բարի, ուրախ, երջանիկ, երևի հենց դա էլ արտացոլվում է իմ արտաքին տեսքի մեջ։ Ինձ թվում է՝ դա է այն գրավականը, որի շնորհիվ ես իմ տարիքից ավելի փոքր եմ երևում»,- կարծում է Նոննան ու հավելում,-«Ես այն մարդկանցից չեմ, ովքեր չեն սիրում իրենց ծննդյան օրը․ շատ սիրում եմ, փոքր հասակից ինձ այն խորհրդանշում էր ազատություն, արձակուրդներ։ Շատ սիրում եմ այն եղանակը, որի ժամանակ ծնվել եմ, սիրում եմ իմ հորոսկոպի նշանը, ծնվածս տարին»։

Նոննան նշում է, որ չի վախենում մեծանալուց, վախենում է թվից, բայց հոգով միշտ երիտասարդ է, կենսուրախ։
«Ինձ ճանաչող մարդիկ միշտ ասում են՝ քեզ տխուր երբեք չենք տեսնում։ Ես՝ ինքս, խուսափում եմ տխրելուց, միշտ փորձում եմ ժպտալ, լինել ուրախ, հումորով ու իմ ժպիտով, էներգետիկայով վարակել դիմացինիս, որովհետև կարծում եմ՝ լավ տրամադրությունը երջանիկ կյանքի գրավականներից մեկն է։ Իսկ իմ սիրելի տարիքը երևի եղել է այն տարին, երբ ես ամուսնացել եմ՝ 24 տարեկանը։ 25-ը նույնպես ինձ համար կարևոր տարիք է, որովհետև այդ ժամանակ ունեցա իմ բալիկին»,— հիշում է դերասանուհին։

Փորձելով պատկերացնել իրեն 5, 10 տարի հետո՝ Նոննասն ասում է․ «5,10,15 տարի հետո ես ինձ պատկերացնում եմ այնպիսին, ինչպիսին որ կամ՝ պարզապես ավելի փորձված, ավելի խելացի։ Իմ էներգետիկայի, բնավորության վրա մեծ ազդեցություն տարիքս չի ունենա, որովհետև ինձ ճանաչողներն ասում են, որ ես շատ չեմ փոխվել։ Կարծում եմ էլի շատ չեմ փոխվի, միայն տարիների փորձը կավելանա, և կավելանան էլի շատ բաներ, որոնց ավելանալուն ես շատ եմ սպասում»։

Դերասանուհին նաև կիսվում է՝ պատմելով, որ կարանտինային ռեժիմն իրեն սկսել է տխրեցնել․ «Սկզբում չէինք պատկերացնում, որ կարանտինն այսքան երկար կտևի։ Սկզբում շատ ոգևորված էինք, մտածում էինք՝ ինչ լավ է, հարկադրված կհանգստանանք, և այդպես էլ ստացվեց։ Սկզբում հանգստացանք, հետո ինչպես բոլորը՝ ես էլ հաճույքով սկսեցի զբաղվել տան գործերով, շատ լավ ժամանակ ենք անցկացնում մեր բալիկի հետ միասին։ Բայց հետզհետե սկսեցինք հուսահատվել այս մի փորք տգեղ, տխուր իրավիճակից։
Հույս ունենք, որ արագ կավարտվի այս մղձավանջն ու բոլորս կվերադառնանք մեր սիրելի աշխատանքին»։

Դերասանուհին խոստովանում է, որ կարանտինի ընթացքում ինքն ու ամուսինը՝ դերասան Վահագն Կիրակոսյանը, մի շարք ստեղծագործական նոր ծրագրեր են մշակել, սակայն դրանց փակագծերը Նոննան դեռ չի ցանկանում բացել։ Դերասանուհին լիահույս է, որ շուտով կվերադառնա հարազատ թատրոն ու կվերսկսի զբաղվել իր սիրելի աշխատանքով։


Աղբյուրը

Комментариев нет: