100 հազար դրամից ավելի գումար ենք ծախսել դեղորայք գնելու համար. կորոնավիրուսով վարակված ընտանիքի պատմությունը - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/23/2020

100 հազար դրամից ավելի գումար ենք ծախսել դեղորայք գնելու համար. կորոնավիրուսով վարակված ընտանիքի պատմությունը



Երեւանի բնակիչ Արամ Ումուրշատյանը, որի մայրը վերջին 12 օրերին կորոնավիրուսի ախտորոշմամբ բուժվել է դրանից առաջացած թոքաբորբից, արդեն 100 հազար դրամից ավելի գումար է ծախսել դեղորայք գնելու համար։ NEWS.am-ի հետ զրույցում Արամը պատմեց, որ մայրը բուժման ընթացքն անցկացրել է տանը, նրան հունիսի 8-ին բարձր ջերմությամբ Շտապօգնության մեքենայով տեղափոխել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, թեստավորել, միեւնույն ժամանակ նախնական ախտորոշմամբ ասել, որ թոքաբորբ ունի, սակայն հիվանդանոցներում գերծանրաբեռնվածության պատճառով չեն հոսպիտալացրել։

«Շտապօգնության բժիշկը թոքերը լսելով ասել է, որ թոքաբորբ ունի, ռենտգեն չեն արել։ Հետո եկանք տուն, ընդ որում անձնական մեքենայով։ Դրանից հետո երկու օր պահանջվեց, որ գտնեմ պոլիկլինիկայի բժշկին, քանի որ հանգստյան օրեր էին։ Պարզվեց՝ իրենք բոլորը վարակված էին, տնից էին աշխատում։ Ասեցի՝ որ բժիշկը ասել է՝ թոքաբորբ է, բայց չեն ստուգել, ասացին՝ մեզ մոտ հերթեր են, բոլորը, որ գալիս են վարակված են, ծանր դեպքերին ենք ռենտգեն անում, ստացիոնար բուժում, այդպես էլ չարեցին ռենգտեն, ասացին՝ դեղերը խմեք, դեղերից հետո։ Երբ առաջարկեցի՝ իմ գումարով տանել ռենտգեն անել, ասացին՝ դու չես կարող, քանի որ դրական ես թեստավորված»,- պատմեց նա։


Արամի մայրը որոշ ժամանակ դեղորայքն ընդունելուց հետո ավելի լավ է զգացել իրեն, սակայն շարունակել են ըստ սահմանված կարգի մնալ մեկուսացման մեջ։ Ընդ որում, մեկուսացման ճշգրիտ օրերի վերաբերյալ հակասող ինֆորմացիա են ստացել տարբեր մարմիններից։

«Ինձ պոլիկլինիկայից ասում են՝ ամսի 10-ից մեկուսացված եմ համարվում, այնինչ մենք 8-ին ենք դիմել հիվանդանոց, իսկ պարետատնից էլ ամսի 13-ին զանգում են, զգուշացնում, որ մենք 8-ից մեկուսացված ենք։ Աբսուրդ է, որ դրա մասին զանգում զգուշացնում են միայն 13-ին»,- ասաց երիտասարդը։

Բացի այդ, ըստ երիտասարդի, դժվարություն է առաջացրել իրենց համար անգամ նշանակված դեղորայքը ձեռք բերելը, ստիպված է եղել մեկուսացված լինելով հանդերձ անձամբ գնալ դեղատուն դրանք գնելու, իսկ որոշ տեսակի դեղորայք էլ, այդ թվում՝ վիտամին C, դժվարությամբ է գտել։

«Մեր տանը 7 տարեկան երեխա կա, որը նույնպես հիվանդացել էր, ջերմություն ուներ, Վիֆերոն նշանակեց պոլիկլինիկայի թերապեւտը, 13 դեղատնում փնտրել եմ այսօր, որ նոր գտել եմ, ընդ որում՝ ավելի թանկ։ Կամ չկա, կամ էլ թանկ է»,- ասաց նա։

Որպես մեկուսացվածի՝ Արամի ընտանիքի մյուս խնդիրն էլ եղել է ուտելիքը, որի հարցում ստիպված է եղել դիմել ընկերների օգնությանը․ «Խնդիրը նրանում է, որ եթե մենք ունենք գումար, կարողացանք գնել դեղորայք, ընկերներին ասել՝ ուտելիք բերեն, այն մարդիկ, որոնք ամսական մինիմալ աշխատավարձ են ստանում, ի՞նչ պետք է այդ մարդիկ անեն, ինչպե՞ս պետք է դեղորայք գնեն, որ բուժվեն»։

Ընտանիքի բոլոր անդամներն իրենց լավ են զգում, երկու օրից ինքնամեկուսացումից դուրս գալուց հետո պատրաստվում են վճարովի հիմունքներով թեստ հանձնել, քանի որ ըստ կարգի ապաքինվելուց հետո այժմ թեստ չի արվում, համարվում է, որ վիրուսը անցնում է 14 օրյա ժամկետում։


Комментариев нет: