Հայաստանում վերահաս աղետը մեղմելու նվազագույն քայլերը. անհապաղ դադարեցնել հասարակական տրանսպորտի աշխատանքը և… - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/26/2020

Հայաստանում վերահաս աղետը մեղմելու նվազագույն քայլերը. անհապաղ դադարեցնել հասարակական տրանսպորտի աշխատանքը և…


Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակում և Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում վերջին տասն օրերին (մայիսի 25-ը` ներառյալ) հրապարակվել են ՀՀ-ում COVID-19-ով հիվանդության հաստատված նոր դեպքերի վերաբերյալ հետևյալ պաշտոնական տվյալները. մայիսի 16-ին` 239 նոր դեպք, մայիսի 17-ին` 189 նոր դեպք, մայիսի 18-ին` 351 նոր դեպք, մայիսի 19-ին` 218 նոր դեպք, մայիսի 20-ին` 230 նոր դեպք, մայիսի 21-ին` 335 նոր դեպք, մայիսի 22-ին` 322 նոր դեպք, մայիսի 23-ին` 374 նոր դեպք, մայիսի 24-ին` 359 նոր դեպք, մայիսի 25-ին` 452 նոր դեպք:

Այսպիսով ակնհայտ է, որ վերջին տասն օրերից 3-ի պարագայում ունենք և COVID-19-ով հիվանդության նոր դեպքերի 200-ը, հինգի պարագայում 300-ը, իսկ երեկ արդեն 400-ը գերազանցող ցուցանիշներ, այսինքն` աճ նախորդ ժամանակահատվածի համեմատ: Նոր դեպքերի քանակը գնալով շարունակում է աճել, և կասկածից դուրս է, որ ՀՀ իշխանությունների, մասնավորապես` ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նրա գլխավորած կառավարության, ՀՀ արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանի հանցավոր քաղաքականության (որոշ հայտարարությունների, գործողությունների, մի շարք դեպքերում էլ անգործության) հետևանքով առաջիկայում էլ ավելի է մեծանալու:

Որպեսզի ընթերցողը համեմատության եզրեր ունենա և համոզվի հաստատված նոր դեպքերի աճի հարցում, հիշեցնենք դրան նախորդած ժամանակահատվածում հրապարակված պաշտոնական տեղեկություններն արձանագրված նոր դեպքերի վերաբերյալ. ապրիլի 25-ին` 81 նոր դեպք, ապրիլի 26-ին` 69 նոր դեպք, ապրիլի 27-ին` 62 նոր դեպք, ապրիլի 28-ին` 59 նոր դեպք, ապրիլի 29-ին` 65 նոր դեպք, ապրիլի 30-ին` 134 նոր դեպք, մայիսի 1-ին` 82 նոր դեպք, մայիսի 2-ին` 125 նոր դեպք, մայիսի 3-ին` 113 նոր դեպք, մայիսի 4-ին` 121 նոր դեպք: Դե հիմա համեմատեք այս թվերը վերևում նշվածների հետ:

Ինչ կատարվեց այդ օրվանից` մայիսի 4-ից բազմաթիվ սահմանափակումների վերացման հետևանքով, ինչու աճեց COVID-19-ով հիվանդության հաստատված նոր դեպքերի քանակը, արդեն իսկ ներկայացրել ենք մեր «Հայաստանում ահավոր վիճակ է, ով ապրեց` ապրեց, ով մեռավ` մեռավ» և «Նոր կորոնավիրուսով հիվանդ ու խիստ ծանր վիճակում գտնվող բազմաթիվ անձանց շուտով բուժօգնության էլ չեն վերցնելու, մահերը կտրուկ ավելանալու են» վերտառությամբ վերլուծականներում:

Իսկ մայիսի 18-ից այլ սահմանափակումների վերացման` հասարակական տրանսպորտի աշխատանքի թույլատրման, այն ամբողջովին վերականգնելու, առևտրի իրականացման վայրերի, որոնց գործունեությունը մինչ այդ արգելված էր, ինչպես նաև մանկապարտեզների վերաբացման, հանրային սննդի օբյեկտներին նաև փակ տարածքներում ծառայություններ մատուցել իրավունք տալու հետևանքները մեր երկրի բնակչությունը վերջին մի քանի օրերին արդեն սկսում է տեսնել` հաստատված նոր դեպքերի օրական 300-ը և 400-ը գերազանցող ցուցանիշների հրապարակման տեսքով, բայց ավելի մեծ չափով նոր է տեսնելու, եթե նկատի ունենանք, որ COVID-19-ով հիվանդության ինկուբացիոն (գաղտնի) շրջանը հիմնականում մինչև 14 օր է, թեև որոշների մոտ ախտանշաններն ի հայտ են գալիս վարակումից 4 օր հետո:

Եթե մայիսի 18-ից հաշվենք այդ չորս օրը (մայիսի 18, 19, 20, 21), և եթե նկատի ունենանք, որ մայիսի 22-ին հրապարակված պաշտոնական տվյալը (322 նոր դեպք) արտահայտում է մայիսի 21-ի ժամը 11: 00-ից մինչև մայիսի 22-ի ժամը 11:00-ն արձանագրված հաստատված նոր դեպքերի քանակը, մենք կտեսնենք եղած սահմանափակումները մայիսի 18-ից վերացնելու ուղղակի հետևանքը: Այնուհանդերձ, մայիսի 18-ից սահմանափակումների վերացման ահավոր հետևանքները մենք տեսնելու ենք այս ամսվա վերջից, հունիսի սկզբից սկսած: Դա միանգամայն սպասելի է, եթե հիվանդության գաղտնի շրջանի (հիմնականում մինչև 14 օր, որոշ դեպքերում ավելի երկար) հաշվարկը կատարենք մայիսի 18-ից` այդ օրվան գումարելով 14 օր: Հետո արդեն վարակման ու վարակի փոխանցման դեպքերը շղթայական ռեակցիայի նման աճելու են, շատ մոտ է այն օրը, երբ կգրանցվեն արդեն օրական 500, 600-ը գերազանցող հաստատված նոր դեպքեր: Կտրուկ ավելանալու է նաև մահվան դեպքերի քանակը:

Ակնհայտ է, որ Հայաստանում այսօր ժամը 11:00-ի դրությամբ հրապարակված հաստատված նոր դեպքերի ցուցանիշը (նախորդ 24 ժամում` 452) մոտ վեց անգամ գերազանցում է նույն ժամանակաընթացքում ապաքինվածների քանակին` 81 մարդ: Նախորդ ժամանակաշրջանում նույնպես GOVID-19-ով հիվանդության նոր դեպքերը գերազանցել են ապաքինվածների թվին: Մինչև այժմ Հայաստանում GOVID-19-ով հիվանդների շրջանում մահացության տոկոսը փոքր է եղել, առ այսօր ժամը 11:00-ը մահվան 87 դեպք է գրանցվել, սակայն մահվան դեպքերի քանակը, ինչպես նշեցինք, կտրուկ ավելանալու է, քանի որ ապաքինվածների համեմատ նոր հիվանդների (այդ թվում նաև` հիվանդության ծանր և խիստ ծանր ընթացք ունեցող) մեծ գերազանցության և այդ տարբերության հարաճուն աճի հետևանքով հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում մահճակալների, թոքերի արհեստական օդափոխության սարքերի քանակը և այլ կորողություններ ուղղակի չեն բավարարելու: Խիստ ծանր վիճակում գտնվող և բժիշկների կողմից անհույս հիվանդները, ինչպես Արսեն Թորոսյանն է ՀՀ հանրային խորհրդում մայիսի 22-ին հասկացրել, նույնիսկ բուժօգնության չեն վերցվելու:

Այս ամենը գրում ենք ոչ թե ընթերցողներին ահաբեկելու, այլ նրանց` առկա վտանգը և անվտանգության գոնե տարրական կանոնները խստորեն պահպանելու անհրաժեշտությունը չգիտակցող մասին զգուշացնելու, զգոնության, սթափության կոչելու, ինչպես նաև ՀՀ իշխանությունների հանցավոր քաղաքականության ահագնացող հետևանքները հասարակությանն ի ցույց դնելու և հասկանալի դարձնելու համար:

Կարելի է գոնե մեղմել վերոնշյալ աղետը: Այո: Դրա համար նվազագույնն անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել հասարակական տրանսպորտի աշխատանքը, վերականգնել մի շարք սահմանափակումներ, անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ ոչ թե ձևական, այլ իրական ու խիստ վերահսկողություն իրականացնել, պարետ Ավինյանի փոխարեն նշանակել իրավիճակը համարժեք գնահատելու ունակ, բավարար գիտելիքներ ու գիտակցություն ունեցող անձի, պաշտոնանկ անել Արսեն Թորոսյանին:

Комментариев нет: