Մանկապարտեզները չեն բացվի. աշխատող ծնողների համար դիտարկվում է դայակների գործունեության թույլտվությունը - Erevan.live

Լրահոս

5/02/2020

Մանկապարտեզները չեն բացվի. աշխատող ծնողների համար դիտարկվում է դայակների գործունեության թույլտվությունը

Մայիսի 4-ից որոշ սահմանափակումների վերացման ու տարբեր հաստատությունների աշխատանքի վերսկսման հետ կապված՝ շատ ծնողներ իրենց անհանգստություն են հայտնում. ինչպե՞ս են գնալու աշխատանքի, եթե մանկապարտեզները չեն գործում ու մանկահասակ երեխաների խնամքի հարցը մնում է չլուծված։ Պարետատան մամուլի խոսնակ Վահան Հունանյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ մանկապարտեզները, ամենայն հավանականությամբ, դեռ չեն աշխատի։ «Մինչև որոշումը չլինի, վերջնական չենք կարող ինչ-որ բան ասել, բայց մանկապարտեզները չեն բացվի։ Որպես լուծում՝ դիտարկվում է դայակների ինստիտուտի թույլտվությունը։ Կրթության՝ դպրոցների, բուհերի, մանկապարտեզների հարցը մի գծով է քննարկվում, դրանք փակ են, քանի որ ռիսկային են»,- ասաց Վահան Հունանյանը։ Նշենք, որ Երևանում մանկապարտեզներն անվճար են, իսկ մարզերում փոքր գումար է կազմում մանկապարտեզի վարձը, իսկ դայակների ծառայությունից օգտվելը հավելյալ ֆինանսական դժվարություններ կարող է առաջացնել ծնողների համար։ Այս դիտարկմանն ու հարցին՝ արդյո՞ք պարետատունը քննարկում է դրա համար լրացուցիչ սոցիալական աջակցություն, խոսնակը պատասխանեց. «Այս պահին բան չեմ կարող ասել, դրա վերաբերյալ տեղեկություններ չունեմ»։ Հարցի վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ «Այդ հարցերն այս պահին էլ քննարկման փուլում են, ուշադրության կենտրոնում են ու լուծումներ են որոնվում, սակայն վերջնական որոշում դեռ չկա։ Որոշման դեպքում կտեղեկացնենք լրացուցիչ»,- նշեցին ԿԳՄՍ նախարարության հասարակայնության կապերի և տեղեկատվության վարչությունից։ Նշենք, որ օրեր առաջ ԱԺ-ն ընդունեց Կառավարության կողմից առաջարկված Աշխատանքային օրենսգրքի փոփոխոթյունների նախագիծը, որը սահմանում է, որ արտակարգ դրության պայմաններում աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների՝ չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում, եթե մինչև 12 տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով աշխատողը չի ներկայացել աշխատանքի կամ աշխատանքի է ներկայացել ոչ լրիվ աշխատանքային օրով: Իսկ ոչ աշխատողի մեղքով պարապուրդի համար նախատեսվում է, որ գործատուն կարող է չվճարել՝ ըստ իր հայեցողության։ Ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալու դեպքում աշխատող ծնողի աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում է, եթե աշխատանքային օրվա ընթացքում աշխատողը բացակայել է մինչև երկու ժամ: Աշխատանքային օրվա ընթացքում երկու ժամից ավելի բացակայելու, ինչպես նաև ամբողջ աշխատանքային օրը աշխատանքի չներկայանալու դեպքում աշխատանքը վարձատրվում է առնվազն փաստացի աշխատած ժամանակի կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան: Հիշեցնենք, որ Հայաստանում մինչև մայիսի 14-ը հայտարարված է արտակարգ դրության ռեժիմ։ Այսօր, սակայն, պարզ դարձավ, որ մայիսի 4-ից ազատ տեղաշարժի սահմանափակումները կվերացվեն, գրեթե չեն լինի սահմանափակումներ մանրածախ և մեծածախ առևտրում: Բացվելու է նաև մշակող արդյունաբերությունը՝ բոլոր գործունեության տեսակներով: Բացի այդ՝ կգործեն այն ռեստորանները, սրճարանները, բարերը, որոնք բացօթյա տարածք ունեն: Բուսաբանական, կենդանաբանական այգիները և բնության հատուկ պահպանվող տարածքները նույնպես կբացվեն, կթույլատրվի նաև արգելոցների գործունեությունը:


© factor.am

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր