Արայիկ Հարությունյանի կոպիտ սխալները. արձագանքը Մոսկվայից չի ուշանա - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/31/2020

Արայիկ Հարությունյանի կոպիտ սխալները. արձագանքը Մոսկվայից չի ուշանա



Ինչպես հայտնի է, Արցախում նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը սկսել է իր վարչակազմի ձեւավորումը։ Ուշագրավ է, որ Հարությունյանը կարծես թե իր խոսքի տերն է դառնում եւ փորձում համագործակցել բոլորի հետ։ Արդեն հայտնի են մի քանի նշանակումներ։ Միաժամանակ նաեւ՝ կարծես թե նա ընդհանուր հայտարարի է եկել Սամբել Բաբայանի հետ եւ վերջինս, նշանակվել է Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնում։ Մինչ այս պահը Արայիկ Հարությունյանը բավական հաջող մարտավարությամբ է առաջ գնում, իր նշանակումների եւ քայլերի մասին հայտնելով հանրությանը, օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների ստանձնած հնարավորություններն ու սոցկայքերը։

Սակայն սրանով հանդերձ, երկու վերապահում կա, որը պետք է արձանագրել։ Խոսքը մի դեպքում Սամվել Բաբայանի ԱԽ քարտուղարի պաշտոնում հնարավոր նշանակման մասին է եւ Մասիս Մայիլյանի՝ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակման։ Թե Սամվել Բաբայանը, եւ թե Մասիս Մայիլյանը, ինչպես Արցախի նախագահական վերջին ընտրությունների նախընտրական արշավի ժամանակ բացահայտված տեղեկություններն են փաստում, գտնվում են Ռուսաստանի անհատական սանկցիաների տակ եւ նրանց մուտքը Ռուսաստան արգելված է։ Հիշենք, թե նախընտրական շրջանում այս մասին ինչպես էր պարզաբանումներ հնչեցնում Սամվել Բաբայանը, ասելով, թե եթե հարկ լինի ընտրություններից հետո կգնա Ռուսաստան։ Մասիս Մայիլյանի պարագայում, արգելքը հիմնավորվում է նրանով, որ վերջինս հանդիսանում է սպառնալիք Ռուսաստանի ազգային անվտանգության համար, ինչը կարելի է բնական համարել, հաշվի առնելով, որ Մասիս Մայիլյանը հանդիսանում է այսպես ասած «սորոսական թեւի» կարկառուն ներկայացուցիչ։ Արցախի նոր վարչակազմում այս երկու առանցքային դերակատարների ռուսական «սեւ ցուցակում» լինելու հանգամանքը բավական վիճելի է դարձնում վարչակազմի ընդունվածությունը, թեկուզեւ որպես չճանաչված պետության վարչակազմի, ոչ պաշտոնական բնույթի ընդունվածությունը Մոսկվայում, իսկ դա վնաս կարող է բերել Արցախին եւ Ղարաբաղյան կարգավորմանն առհասարակ, հաշվի առնելով, որ Հարավային Կովկասում Ռուսաստանը դոմինանտ խաղացողն է, եւ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, կարեւոր դերակատարություն ունի Ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում։ Բացի այդ, Մասիս Մայիլյանը իրեն նախընտրական շրջանում դրսեւորեց ոչ այնքան դրական որակներով եւ հիմա նրա պաշտոնավարման շարունակումը, ձեւավորված բացասական կամ թերի ընկալումներն ակամա տարածելու են նաեւ ողջ կաբինետի վրա։ Արայիկ Հարությունյանի համար, որպես երկրի նախագահի, ով ուղիղ ընտրություններով կարելի է ասել իդեալականին մոտ արդյունք է ապահովել եւ որպես առաջին մանդատն ունեցող, Արցախում լայն վստահության քվե է ստացել, կարեւոր է, մեկնարկային դրական տրամադրությունները պահպանել որքան հնարավոր է երկար, ուստիեւ նշանակումների հարցում պետք է անի հնարավոր ամեն բան, որպեսզի հանկարծ չստվերի այն դրական աուրան, որ կա իր շուրջ ձեւավորած։

Հակառակ պարագայում, վստահության քվեն շատ արագ կհալչի, ինչպես հալչում է այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահության քվեն։ Չնայած այս երկու նշանակումները արդեն խոսում են այն մասին, որ Արայիկ Հարությունյանը անսկզբունքայինություն ցուցաբերեց, քանի որ ժամանակին ինքը կամ իր թիմի ներկայացուցիչները քննադատում էին եւ Բաբայանին եւ Մայիլյանին, իսկ այժմ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով նրանց պաշտոններ է վստահվում։

Ավելացնենք, որ այս նշանակումները կարող են խնդրահարույց լինել Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով՝ հոդվածում նշված պատճառներից ելնելով։ Մասիս Մայիլյանի և Սամվել Բաբայանի նշանակումներից հետո Ռուսաստանի դիրքորոշումն Արցախի մասով կխստանա։


Комментариев нет: