Զգուշացում քաղաքացիներին․ տրանսպորտն գործելու է նոր կանոններով - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/18/2020

Զգուշացում քաղաքացիներին․ տրանսպորտն գործելու է նոր կանոններով

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Երևանի հանրային տրանսպորտի համար հատուկ կանոնների վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:«Հանրային տրանսպորտի կայաններում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, տրվում են վերջին ցուցումները։ Տրանսպորտն այլևս գործելու է նոր կանոններով՝ առանց ձեռնոցի, դիմակի ուղևոր ու վարորդ չի լինելու։ Ախտահանիչ միջոցներ և ախտահանում՝ տրանսպորտ նստելուց առաջ»,-նշել է նա։

Հասարակական տրանսպորտը շահագործող ընկերություններն ահազանգում են, որ մայիսի 18-ից վերաբացվելու պարագայում բախվելու են մի շարք խնդիրների, և իրենց հարցերը չեն կարգավորվում:

Նախ ինչպես հայտնի է, մայիսի 18-ից թույլատրվում է հասարակական տրանսպորտի գործունեությունը: Սակայն կան որոշակի կանոններ, որոնք պետք է պահպանվեն դրանից օգտվելիս:

Նախ ընկերության ներկայացուցիչները ArmLur.am-ի հետ զրույցում նկատեցին, որ կան պարտականնություններ, որոնք թողնված են հենց իրենց վրա և այս պայմաններում չգիտեն` ինչպես պետք է դա իրականացնեն: Նախ, կանոնների համաձայն, կազմակերպությունն ապահովում է աշխատողներին անհատական պաշտպանության միջոցներով՝ եռաշերտ դիմակներով ու ձեռնոցներով, միանգամյա օգտագործման անձեռոցիկով և ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչով: Ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր տեղադրվում են ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ: Բացի այդ, տրանսպորտային միջոցները ենթարկվում են խորքային ախտահանման օրական նվազագույնը 2 անգամ, որից մեկը՝ պարտադիր նախաուղերթային հատվածում:  Ախտահանման ենթակա են տրանսպորտային միջոցի սրահի բոլոր մակերեսները:

Եվ ArmLur.am-ի հետ զրույցում նրանք նկատեցին, որ եթե նախկինում Երևանի քաղաքապետարանի կողմից էր ամեն երեկո  կատարվում տրանսպորտային միջոցների ախտահանումը, ապա հիմա պետք է այդ ամենը կատարվի հենց սպասարկող ընկերությունների միջոցներով: Միևնույն ժամանակ նրանք նկատում են, որ այս պայմաններով, այս կանոններով աշխատելը եկամտաբեր չէ՝ հատկապես այն դեպքերում, երբ երթուղին կարճ է եւ չի կարող մեծ ուղևորահոսք ապահովել: Բացի այդ, մեր խմբագրություն զանգահարած անձը, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, թե այդ խնդիրները բոլորի մոտ են առկա եւ համատարած է: Նախ նրանց խոսքով, այս փուլում դժվար է նաև վարորդ գտնել, քանի որ ռիսկային գոտում գտնվողներին չեն թողնում վարել ավտոմեքենաները, իսկ մյուսներից շատերն էլ նոր աշխատանք են գտել:  Եվ այս իրավիճակում, երկուշաբթի օրը երթուղիներ սպասարկող շատ ընկերություններ նաև վարորդների պակաս են ունենալու՝ չկարողանալով շահագործել բոլոր ավտոմեքենաները:

Միևնույն ժամանակ նկատենք, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ ծրագրով այս ոլորտի ներկայացուցիչները ստացել են 68 հազար դրամ՝ որպես օգնություն:

Ավելին, այսօր հասարակական տրանսպորտը շահագործող ընկերությունների ներկայացուցիչներին կանչել են «Երևանտրանս» ՓԲԸ՝ ստանալու այն կանոնները, որով պետք է աշխատեն մայիսի 18-ին: Նրանց տրամադրվել է ՀՀ պարետի կողմից երեկ հաստատված կանոնների տեղեկատվական թերթիկը:

Առկա ահազանգերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է նաև «Երևանտրանս» ընկերության փոխտնօրեն Մարտին Քալաշյանի հետ: Վերջինս նշեց, թե իսկապես նման խնդիրներ և ահազանգեր եղել են երթուղի սպասարկող ընկերությունների կողմից, սակայն քննարկումների արդյունքում փոփոխություն է եղել: «Մեզ իրենք բարձրաձայնել են միայն ախտահանման հարցը, մենք այդ մասին զեկուցել ենք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի  գտնենք ախտահանում իրականացնող ընկերություն, պայմանագիր կնքենք, որպեսզի Երևանի քաղաքապետարանի միջոցների հաշվին ախտահանումն իրականացվի», – նշեց նա:

Վերջինիս խոսքով, այդ ընկերությունների ներկայացուցիչները հիմնականում այդ խնդրի մասին են տեղեկացրել ընկերությանը: Բացի այդ փոխտնօրենը նշեց, թե առաջիկայում նաև մի առաջարկ է քննարկվելու, որը նպատակ ունի թեթևացնել հարկային բեռը՝ հաշվի առնելով, որ այս ընթացքում ընկերությունները չեն աշխատել: «Նրանք երկու-երեք ամիս չեն աշխատել, ֆինանսական վատ վիճակում են, քննարկում ենք, որպեսզի հարկային բեռի թեթևացում լինի, հնարավորության սահմաններում ծախսերի առումով զիջումներ արվեն», – նշեց նա, հավելելով, որ այս մասով քննարկումները դեռ ընթանում են:



Комментариев нет: