Հրապարակվել են տրանսպորտից օգտվելու նոր կանոնները - Erevan.live

Լրահոս

5/17/2020

Հրապարակվել են տրանսպորտից օգտվելու նոր կանոնները




Երեւան: Մեդիամաքս: Պարետատունը հրապարակել է մայիսի 18-ից հասարակական տրանսպորտից օգտվելու նոր կանոնները:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առավել էական կետերը:




Վերգետնյա հասարակական տրանսպորտ



Արգելվում է տրանսպորտային միջոցում կանգնած ուղեւորների փոխադրումը, բացի 9 մետրից ավել երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների:



Տրանսպորտային միջոցներում ուղեւորների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի ընդհանուր թվաքանակին, ընդ որում արգելվում է հավելյալ ինքնաշեն նստատեղերի ավելացումը:



9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցներում կանգնած ուղեւորների միջեւ պահպանվում է առնվազն 1 մետր հեռավորություն։



Տրանսպորտային միջոցները ենթարկվում են խորքային ախտահանման օրական նվազագույնը 2 անգամ, որից մեկը՝ պարտադիր նախաուղերթային հատվածում:



Ախտահանման ենթակա են տրանսպորտային միջոցի սրահի բոլոր մակերեսները:



Յուրաքանչյուր երթուղու ավարտին (երկար տարածությունների եւ երկարատեւ՝ ավելի քան 3 ժամ տեւողությամբ երթուղիների ժամանակ՝ նաեւ ընթացքում) ուղեւորներին իջեցնելուց հետո իրականացվում է սրահի օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների կանխարգելիչ ախտահանում ախտահանիչ անձեռոցիկներով (կամ ախտահանիչ միջոցների լուծույթներով):



Բացառվում է ուղեւորների նստեցումը եւ տրանսպորտային միջոցի սրահում ուղեւորների առկայությունն՝ առանց նրանց կողմից անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակ եւ ձեռնոց կրելու:



Տրանսպորտային միջոց նստելուց ուղեւորները պարտադիր ախտահանում են ձեռքերը ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով։



Տրանսպորտային միջոցից օգտվելիս անհրաժեշտ է ունենալ մանրադրամ ուղեւորավարձի չափով՝ հնարավորինս բացառելով մանր վերադարձնելու անհրաժեշտությունը։



Տաքսի



Արգելվում է վարորդի կողքին ուղեւորի նստեցումը:



Ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր ապահովվում են ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով եւ մեկանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներով:



Երկաթուղային տրանսպորտ եւ մետրոպոլիտեն



Սպասասրահները եւ բոլոր վագոնները պարտադիր ապահովվում են բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով:



Սպասասրահներում բացառվում են մարդկանց խիտ կուտակումները:



Վագոններում ապահովվում է ուղեւորների հնարավորինս նոսր նստեցում:



Սպասասրահներում նշանակվում են ուղեւորների նստեցման համար պատասխանատուներ, որոնք կազմակերպում են ուղեւորների նստեցումը:



Մետրոպոլիտենի դեպքում մեկ երթուղու ընթացքում յուրաքանչյուր վագոնում ուղեւորների առավելագույն քանակը չի կարող գերազանցել 70-ը:



Յուրաքանչյուր երթուղու ավարտին ուղեւորներին իջեցնելուց հետո իրականացվում է վագոնների օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների կանխարգելիչ ախտահանում:



Օրական առնվազն 3 անգամ իրականացվում է կայարաններում տեղակայված տերմինալների ախտահանում ախտահանիչ միջոցների լուծույթներով:



Յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվում է վագոնների, կայարանների եւ ընդհանուր օգտագործման տարածքների եզրափակիչ ախտահանում մասնագիտացված կազմակերպությունների միջոցով:

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր