Ծածուկ ոստիկանության արագաչափերը հեղափոխությունից առաջ և հետո - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/18/2020

Ծածուկ ոստիկանության արագաչափերը հեղափոխությունից առաջ և հետո




Օրերս ՃՈ-ն հայտարարեց, որ սկսելու է իրականացնել այսպես կոչված «ծածուկ ծառայություն», որի նպատակն է երթևեկության անվտանգության բարձրացումը:


Նույն նպատակով, ի դեպ, տարիներ առաջ (2012թ.-ից) ՃԵԿ ոլորտում ներդրվել են արագաչափերի և տեսասարքերի հայտնի համակարգերը, որոնք երթևեկության անվտանգության պատկերը կարծես մինչ օրս էապես չեն փոխել, բայց առաջացրել են բազմաթիվ հարցեր:


Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում տեսախցիկների և արագաչափ սարքերի ներդրման առաջին օրերից պարբերաբար բարձրացրել ենք այդ սարքերի տեսակի և կիրառման եղանակների հարցը: Դրանցով տուգանվող հազարավոր քաղաքացիներն իրավունք ունեն իմանալ, թե ի՞նչ սարքերով են իրենց տուգանում, սարքի՞ն են արդյոք դրանք և որքան ճշգրիտ են չափում տրանսպորտային միջոցների արագությունը:

Դեռևս 2012թ.-ին բարձրացրել ենք ՀՀ ում կիրառվող արագաչափ սարքերի տեսակի վերաբերյալ հարցերը (https://www.lragir.am/2012/11/26/75029/), իսկ հետագայում էլ արդեն պարզ է դարձել, որ անգամ ՊԵԿ Մաքսային մարմիններին հայտնի չէ, թե ինչ արագաչափ սարքեր են ներմուծվել և կիրառվում ՀՀ-ում (https://www.lragir.am/2013/04/02/80969/):

Հարցերն առկա են մինչ օրս: Ինչպես հայտնի է, բազմահազար վարորդներին արագության գերազանցման դեպքում ՃՈ կողմից ուղարկվող վարչական ակտերի միակ ապացույց հանդիսացող լուսանկարներում դրանց ներդրման առաջին շրջանում որպես արագաչափ սարքի մոդել նախկինում մշտապես նշվում էր MR S580 (MR՝ MultaRadar): Հետագայում սկսեցին հանդիպել նաև MR SD580 տեսակի արագաչափ սարքեր, իսկ այս օրերին դրանք գերազանցապես նշվում են որպես MR SD580 (MR S 580 տեսակի նշում գրեթե չի պատահում):

Մինչդեռ բոլոր այս դեպքերում արագաչափ սարքերն աշխատում էին նույնությամբ՝ լուսանկարում արտացոլվում էր բացառապես նույն տեղեկատվությունը՝ թե MR S580, թե MR SD580 սարքերի դեպքում, թեև մոդելները տարբեր են և ունեն տարբեր ֆունկցիոնալ հնարավորություններ:

Հանգամանքը հասկանալու նպատակով կատարված հարցման՝ ՃՈ-ից դեռ 2016թ.-ին ստացված պատասխանի վերաբերյալ իրազեկել ենք վարորդներին «Կարևոր իրազեկում վարորդներին» հրապարակմամբ:

Ինչպես տեսնում ենք ՃՈ պետի պատասխանից, վերջինս հայտնել է. «MultaRadar S580 արագաչափ սարքի ֆիքսած նկարներում չի նշվում, թե ինչ հեռավորությունից է լուսանկարվել տրանսպորտային միջոցը»: Այսինքն, ՃՈ պետի պատասխանից կարելի է ու թերևս պետք է ենթադրել, որ ի տարբերություն MR S580 սարքերի, MR SD 580 սարքերի դեպքում ֆիքսված նկարում պետք է որ նշվեր, թե ի՞նչ հեռավորությունից է լուսանկարվել տրանսպորտային միջոցը:

Տարիներ ի վեր, MR S580 սարքերի լուսանկարների հիման վրա կազմված վարչական ակտերի բողոքարկման դատական գործերի ընթացքում ՃՈ-ն հետևողականորեն առաջ էր տանում հենց այս մոտեցումը, և ի պատասխան հարցի, թե ինչու է լուսանկարում արագաչափ սարքը նշված որպես MR S և ոչ SD 580, հայտնում էր. «ՀՀ ավտոճանապարհներին տեղադրվել են միայն Multa Radar ՏD580 տեսակի արագաչափ սարքեր։ Նշված սարքերի D ֆունկցիան (հեռավորության ֆիքսում) չի գործարկվում, որի պատճառով լուսանկարի նշումների տեղում հեռավորություն գրվածքի ներքևում գծիկներ են, և բացակայում է Оборудование MR SD 580-ի D տառը, ինչը, սակայն, չի ազդում տրանսպորտային միջոցների արագության ճշգրիտ չափման վրա»: Այդ պնդումը կատարվում էր ՃՈ կողմից դատարանին Սեքյուրիթի Դրիմ ՓԲԸ տված և որպես ապացույց ներկայացվող  տեղեկանքի հիման վրա (տես օրինակ՝ 2018թ.-ի սեպտեմբերից մինչ օրս քննվող թիվ ՎԴ/9911/05/18 վարչական գործը (Գործը հնարավոր է գտնել ՀՀ դատական դեպարտամենտի www.datalex.am կայքում որոնման միջոցով)):

Մեր տեղեկություններով, այսպիսի պնդում ՃՈ կողմից կատարվել է ՀՀ դատարաններում բազմիցս: Վարչական դատարանն էլ բազմիցս «հալած յուղի» տեղ է ընդունել այն և մերժել անձանց բողոքները (արագաչափ սարքի տեսակի մասով):

Ինչպես տեսնում ենք վերը նշվածից՝ թե ՃՈ պետի դեռևս 2016թ.-ին տված պատասխանից, թե դատարանում ՃՈ ներկայացրած դիրքորոշումից և ապացույցից, ողջամիտ դատողության դեպքում հնարավոր է գալ միակ եզրահանգման այն մասին, որ արագաչափ սարքի D ֆունկցիան միացված լինելու դեպքում (այսինքն այն դեպքում, երբ լուսանկարում սարքը նշվում է որպես MR SD580) վարչական ակտի լուսանկարի նշումների տեղում հեռավորություն (Дист.) գրվածքի ներքևում գծիկների փոխարեն փետք է արտացոլված լինի մեքենայի հեռավորությունը լուսանկարող արագաչափ սարքից:

Բայց արի ու տես, որ իրականում այդպես չէ. Այն վարչական ակտերում, որոնք կայացվել են MR SD580 արագաչափ սարքերով, լուսանկարի նշումների տեղում հեռավորություն (Дист.) գրվածքի ներքևում միևնույն է գծիկներ են, այնպես, ինչպես MR S580 արագաչափ սարքերի դեպքում:

Եվ այս մասին ՃՈ-ն իմացել է կամ պետք է որ իմանար, քանի որ հենց ՃՈ-ն է կազմել MR SD 580 սարքի նշումով հազարավոր ակտեր, որոնցում համապատասխան դաշտում միևնույն է գծիկներ են եղել:

Իմացել է կամ պետք է որ իմանար, սակայն դատարան է ներկայացրել այդ հակառակի մասին ապացույց:

Ասվածում հավաստիանալու համար այս հոդվածն ընթերցող որևէ վարորդ կարող է բացել իր նկատմամբ արագության գերազանցման համար կազմված որևէ ակտ, և եթե ակտի լուսանկարը կատարվել է MR SD580 սարքի կողմից, փորձել հեռավորության (Дист.) գրվածքի ներքևում գծիկների փոխարեն գտնել հեռավորության նշումը՝ թվեր: Վստահ եղեք՝ չեք գտնի:

Ի՞նչ է ստացվում.

ստացվում է, որ կամ ՃՈ կողմից միանգամայն գիտակցված կերպով իրականությանը չհամապատասխանող՝ կեղծ «ապացույց» է ներկայացվել ՀՀ դատարան (վերը նշված տխրահռչակ կազմակերպության կողմից տրված տեղեկանքի տեսքով), որով վերջիններս մոլորեցվել են,
կամ

ՃՈ-ն մինչ օրս և այսօր էլ տուգանում է ՀՀ քաղաքացիներին այնպիսի արագաչափ սարքերով, որոնք խափանված են, սարքին չեն, քանի որ MR SD580 արտացոլված լինելու պայմաններում լուսանկարի հեռավորության նշման դաշտում հեռավորության փոխարեն գծիկներ են: ՃՈ պետի պատասխան գրությունից և դատարան ներկայացված «ապացույցից» ստացվում է (վերջիններս հավաստի համարելու դեպքում), որ այդ դեպքում հեռավորության չափման D ֆունկցիան միացված է և գծիկների փոխարեն պետք է նշված լինի մեքենաի հեռավորությունը արագաչափ սարքից:
Ցավալի է, որ այս պրակտիկան շարունակվում է՝ այս արագաչափ սարքերով մարդիկ են տուգանվում մինչ օրս, իսկ ՀՀ դատարանն էլ տարիներ ի վեր և անգամ երկրում տեղի ունեցած փոփոխություներից հետո էլ՝ 2018-2019 թվականներին շարունակել ու շարունակում է «հալած յուղի» տեղ ընդունել ՃՈ կողմից ներկայացվածը:

Այս հարցը թերևս պետք է պարզաբանվի և ոչ միայն ՃՈ կողմից:

ՀՀ պատկան մարմինները թերևս պետք է ի վերջո պարզաբանեն նաև այն հարցը, թե ի՞նչ արագաչափեր են ներմուծվել տարիներ ի վեր եւ գործարկվել և գործարկվում ՀՀ-ում, ի՞նչ «ապացույց» է տարիներ ի վեր պետական մարմնի՝ ՃՈ կողմից ներկայացվել դատարան, հավաստի՞ է եղել այն, թե կեղծ, գիտակցվա՞ծ է ներկայացվել, թե ոչ, և ինչու՞ են մինչ օրս ՀՀ քաղաքացիները տուգանվում D ֆունկցիան միացված արագաչափ սարքերով, որը  փաստորեն չի աշխատում՝ չի չափում և արտացոլում լուսանկարում մեքենայի հեռավորությունն արագաչափ սարքից:

Քաղաքացի-Հարկատու-Իրավապաշտպան ԻԿ ՀԿ

Комментариев нет: