Հորդորում եմ հայտարարություն անել կալանավորների ազատ արձակման համատեքստում․ Զարուհի Փոստանջյան - Erevan.live

Լրահոս

4/06/2020

Հորդորում եմ հայտարարություն անել կալանավորների ազատ արձակման համատեքստում․ Զարուհի Փոստանջյան

Այսպիսի արտակարգ դրության պայմաններում նախնական կալանքի տակ գտնվող շուրջ հազար կալանավորների առնվազն 90 տոկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը հնարավոր է փոխել՝ կիրառելով այլ խափանման միջոց։ Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։

«Հարգելի պարոն,

Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում COVID-19 համաճարակի հետևանքով հայտարարվել է արտակարգ դրություն: Մենք և աշխարհը դեռևս չգիտենք՝ որքա՞ն է տևելու արտակարգ դրությունը և որքա՞ն է պահպանվելու դրա հետևանքով առաջացած ինքնամեկուսացման խիստ ռեժիմը:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում շուրջ հինգ հազար մարդ գտվում է կալանավայրերում, նրանցից շուրջ հազարը՝ նախնական կալանքի տակ:

Հանրային և տնտեսական կյանքի կաթվածի պայմաններում վերոնշյալ քանակի կալանվորներ ունենալը լրացուցիչ թե՛ բարոյական, թե՛ նյութական բեռ է մեր հանրության համար: Բացի այդ, կալանավայրերում պահվող կալանավորները ավելի խոցելի են COVID-19 վիրուսով վարակվելու տեսանկյունից:

Հայաստանի Հանրապետությունում գործող իշխանությունը COVID-19 համաճարակի վարակի տարածումը կանխելու նպատակով արգելել է կալանավորներին հանձնմունք` լրացուցիչ սնունդ և այլ անհրաժեշտ ապրանքների փոխանցումը։ Հանրահայտ փաստ է, որ կալանավորները հիմնականում այդ հանձնմունքով են ապրում, և դրա արգելքը կբերի կալանավորների թերսնման՝ բազմապատկելով վերջիններիս խոցելիության մակարդակը հիվանդությունների նկատմամբ:

Ինչպես նախկինում, այպես էլ ներկայումս, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման օրենքով նախատեսված ինստիտուտները ըստ էության չեն կիրառվում:

Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս, նախնական կալանավորման կիրառումը օրինաչափություն է և ոչ՝ բացառություն:

Այս ամենի հանրագումարում, մենք ունենք հանրային միջոցների` մեր կողմից մուծված հարկերի և տուրքերի հաշվին պահվող հազարավոր կալանավորներ: Պետք է նշել, որ յուրաքանչյուր կալանավորի համար պետական բյուջեն նախատեսում և ծախսում է ամսական շուրջ հարյուր հազար ՀՀ դրամ:

Այսպիսի արտակարգ դրության պայմաններում նախնական կալանքի տակ գտնվող շուրջ հազար կալանավորների առնվազն 90 տոկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը հնարավոր է փոխել՝ կիրառելով այլ խափանման միջոց։ Ինչ վերաբերում է դատապարտյալների մի մասին, ապա վերջիններիս նկատմամբ հնարավոր է կիրառել պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը:

Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ Եվրոպայի Խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովը (CPT) հաստատել է ազատությունից զրկված անձանց բուժման հետ կապված` կորոնավիրուսային հիվանդության համատեքստում (COVID-19) համաճարակի վերաբերյալ սկզբունքներ (տես՝ CPT/Inf(2020)13), որի 5-րդ կետը խրախուսում է ազատությունից զրկելու այլընտրանքային միջոցների կիրառումը (տես` https://rm.coe.int/16809cfa4b):

Զանգվածային աղքատացմանը զուգահեռ՝ շտապ միջոցներ չձեռնարկելը (հանրային գումարների տնտեսում, հումանիզմի դրսևորում և տնտեսված գումարները աղքատների սոցիալական վատթար վիճակի մեղմացմանը ուղղելը) հանգեցնելու է զանգվածային ընդվզումների:

Ցավալի է՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատության և հումանիզմի սպասումները թավշյա իշխանությունները այդպես էլ իրականություն չդարձրին: Գործող իշխանությունը նախնական կալանքի տակ գտնվող և ազատազրկված անձանց վերաբերյալ COVID-19 համաճարակի վտանգներից բխող ոչ մի գործուն միջոց չձեռնարկեց: Աննախադեպ մտահոգող իրավիճակը սառը չգնահատելով՝ գործող իշխանությունը կանխատեսելի հաշվարկներ չի կատարել՝ անտեսելով հումանիզմի տարրական սկզբունքը։ Փոխարենը՝ վերջինս ամեն կերպ փորձում է սպասարկել իր ակնթարթային շահը՝ ընդունելով քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժի, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը վերահսկող, ինչպես նաև COVID-19 հիվանդության հիմքով դիահերձումը արգելելու անձնական կյանքի անձեռնմխելիությունը ոտնահարող օրենքները՝ COVID-19 համաճարակի դեմ պայքարի անվան լույսի ներքո:

Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը, հորդորում եմ շտապ հանդես գալ հայտարարությամբ և համապատասխան առաջարկներով՝ կալանավորների ազատ արձակման համատեքստում, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից սույն թվականի մարտի 31-ին ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ընդունված մարդու իրավունքները ոտնահարող օրենքների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր