Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 24.04.2020 - Erevan.live

Լրահոս

4/24/2020

Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 24.04.2020



55 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանում Ցեղասպանության 1.5 մլն նահատակների հիշատակի օրվա արարողությունները, կորոնավիրուսի համավարակիի պատճառով արտակարգ դրությամբ պայմանավորված, այս տարի տեղի ունեցան աննախադեպ ձեւաչափով: Ապրիլի 23-ի երեկոյան՝ ուղիղ ժամը 21-ին երեք րոպե ղողանջեցին Հայաստանի բոլոր եկեղեցիների զանգերը, ինչից անմիջապես հետո անջատվեցին Երեւանի եւ մարզերի բոլոր փողոցների ու հրապարակների լույսերը: Քաղաքացիները նույն ժամին անջատեցին բնակարանների լույսերը եւ պատուհանների մոտ վառեցին մոմեր կամ միացրին հեռախոսի լույսը՝ այդպիսով միանալով կառավարության հայտարարած «Լուսավառ ոգեկոչման րոպե» խորագրով ակցիային: Անմիջապես հետո Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Անմար կրակի մոտ հնչեց «Արի իմ սոխակ» օրորոցային երգը:

Ծիծեռնակաբերդի բարձունքն այսօր բաց էր միայն աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդների համար:  Առավոտյան Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցել հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Առանց ուղեկցողների Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Հենց հուշահամալիրի մոտից հղած ուղերձում վարչապետը հայտարարել է, որ  անցել է մեկ դարից ավելի, սակայն չեն վերացված ցեղասպանության հետեւանքները: Առայսօր Թուրքիան կատարվածի համար որեւէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք՝ հիշում ենք եւ պահանջում:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար տասնամյակներ մղած պայքարը ցույց տվեց, որ ոչ մի ուժ ունակ չէ հաղթելու պատմական արդարությանը և ճշմարտությանը: Հայոց ցեղասպանության ճանաչման աշխարհագրության ընդլայնումը դրա լավագույն ապացույցն է,   ասվում է արտգործնախարարության հայտարարությունում։ «Ցեղասպանության սարսափների միջով անցած հայ ժողովուրդը, ի հեճուկս բոլոր դժվարությունների, վերապրեց:  Այսօր վերստին գլուխ խոնարհելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև՝ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը պատմական արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների կանխարգելման գործին»։

Ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշում է Կոստանդնուպոլսի 600 հայ մտավորականների սպանդը, ինչը սկիզբ դրեց ցեղասպանությանը, Հայաստանի նախագահին հղած ուղերձում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այսօր Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է պաշտպանելու զոհերի հիշատակը, պայքարելու ժխտողականության դեմ և լուրջ դաս քաղելու այդ ողբերգական պատմության էջից: Ինչպիսին էլ լինեն դժվարությունները, հայերը կարող են հույս դնել Ֆրանսիայի բարեկամության վրա: Հավատարիմ իր հանձնառություններին՝ Ֆրանսիան հայերի կողքին է խաղաղության և բագավաճման հասնելու նրանց իղձերի մեջ, գրել է Էմանուել Մակրոնը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած նամակում Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը գրել է, որ համավարակի ճգնաժամն ի զորու չէր մոռացության մատնել այդ կարեւոր պայքարը հանուն արդարության եւ պատմական ճշմարտության: Վկայակոչելով  Անատոլ Ֆրանսին՝ Էդուար  Ֆիլիպը գրել է. «Նահատակների հոսած արյունն ապարդյուն չէ, մի ուժ ձեզ հետ է, աշխարհով ցրված, սակայն զորավոր»:

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք մատուցելով՝ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հայտարարել է, որ սա Արցախի Հանրապետության ընտրված նախագահի իր ոչ պաշտոնական, բայց արարողակարգային առաջին միջոցառումն է, որը յուրօրինակ ուղերձ է համարում: Հայ Դատի պահանջը համամարդկային է եւ վաղեմության ժամկետ չունի: Մեր ժողովրդի հարատեւության անվերջանալի պայքարը մենք վստահաբար շարունակելու ենք՝ ավելի հզորացնելով մեր միասնական հայրենիքը,- նշել է Ա. Հարությունյանը:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Նա ծաղկեպսակ է դրել հուշակոթողին եւ ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Առավոտյան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել հուշահամալիրիում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում դռնփակ Սուրբ Պատարագ է մատուցվել՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների: Ժամը 12-ին ղողանջել են բոլոր եկեղեցիների զանգերը՝ ի ոգեկոչումն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի:

Գարեգին Բ Ամենայն հայոց կոթողիկոսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել հոգեւորականների ունեկցությամբ: Հոգեւորականները վեհափառի գլխավորությամբ անմար կրակի մոտ հնչեցրել են Հայր մերը, խնկարկել: Անմար կրակի առջև, Հայոց Հայրապետի նախագահությամբ կատարվել է Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Իր ուղերձում Գարեգին հայրապետը կոչ է արել աղոթել եւ ուխտել հանուն Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման ու պահանջատիրության հաղթանակի։

Որքան էլ ժամանակը մեզ հեռացնում է 1915 թվականից, մեր ժողովրդի իրավունքների հետանդումը նոր նվաճումներ ու հաջողություններ է արձանագրում, Անթիլիասի վանական համալիրում պատարագի ժամանակ հայտարարել է  Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Այսօրվա աշխարհի լեզվով, մոտեցումով պետք է մեր Դատը ներկայացվի ազգերին: Թուրքիան պետք է փոխհատուցի եւ սա միայն իմ կարծիքը չէ, այդպես է ասում միջազգային օրենքը,- ասել է  Արամ հայրապետը:

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ԵԺԿ Facebook-յան պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Մենք Թոուրքիային կոչ ենք անում ճանաչել իրենց անցյալը եւ դրանով իսկ հարթել թուրք ու հայ ժողովուրդների իրական հաշտեցման ճանապարհը»:

Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը Twitter-ում  գրել է. «Այս կարեւոր օրը ` ապրիլի 24-ին, մենք հարգում ենք Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակը»:

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն Ինստագրամի իր պաշտոնական էջում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված գրառման մեջ նշել է. «Մոռացում չկա։ Մեր խորին խոնարհումը Սրբադասված զոհերի հիշատակին։ Ձեր պայքարի շարունակությունն ապրում է մեր մեջ»:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Թվիթերի իր պաշտոնական էջում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված գրառում է արել. «Այս տարվա ապրիլի 24-ին ստիպված ենք մնալ տանը, սակայն մենք շարունակում ենք միասին ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հարգենք հիշատակը, հարգենք կյանքը: Երբեք չենք մոռանա»:

Չառերեսված ամեն հանցանք կարող է կրկնվել, եւ դա ոչ միայն հայերին է վերաբերում, այլեւ ցանկացած ժողովրդի,  թուրքական մամուլին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը: Նա հիշեցրել է, որ անցել է 105 տարի, սակայն Հայոց ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրք առաջնորդների անունով փողոցներ կան Թուրքիայում: «Տասնյակ խորհրդարաններ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն դրանք մեր վերքը չեն ապաքինել։  Ես վաղն առաջարկ եմ անելու խորհրդարանին առերեսվել եւ այդ հանցանքին անուն տալ, - ասել է Փայլանը:

Թուրքիայի մարդու իրավունքների միությունը Թուրքիայի իշխանություններից պահանջել է ճանաչում, ներման հայցում եւ փոխհատուցում։  Ապրիլի 24-ը հայերի, ասորիների եւ հույների դեմ իրականացված ցեղասպանության խորհրդանշական  օրն է, հիշեցրել են հայտարարության հեղինակները: 

Ռաշըն թըդեյի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ներկայացրել է իր ընտանիքի պատմությունը: Հիշելով իր նախատատին՝ Սիմոնյանը գրել է, որ նա չէր կարողանում կարդալ եւ գրել, բայց իրեն սովորեցրել է աղոթել, վախենալ Աստծուց եւ չվախենալ մարդկանցից։ Բացի նրանցից, ում ձեռքին յաթաղան կա։  Հայտնի լրագրողի երկու նախատատի բոլոր ազգականները սպանվել են, իսկ նրանք հրաշքով են փրկվել: Ոչ ոքի թույլ չեմ տա մոռանալ, գրել է Սիմոնյանը:

Հայտնի շոումեն, կատարկերգու Միխայիլ Գալուստյանն Instagram-ում հրապարակում է արել ի հիշատակ  Հայոց ցեղասպանության զոհերի։ «Ես հայ եմ։ Ես 3000 տարեկան եմ»,- գրել է նա՝ Հայաստանի ու հայերի մասին տեսահոլովակ հրապարակելով, որի հեղինակը ռեժիսոր Սարիկ Անդրեսայանն է: Ֆիլմին արձագանքել են Գալուստյանի բազմաթիվ հետեւոդրներ:

Ռուս հայտնի լրագրող, հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հրապարակել է անմոռուկի լուսանկարը՝ որպես Հայոց եղեռնի  գլխավոր խորհրդանիշ։ «Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 105-րդ տարին է։ Հանցագործություն առանց վաղեմության ժամկետի»,- իր հրապարակումը մակագրել է լրագրողը։

Կորոնավիրուսից մահացել է եւս երեք մարդ: Հայաստանում ապրիլի 24-ին՝ ժամը 11-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 73 նոր դեպք է գրանցվել: Հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալով՝ կորոնավիրուսով վբարակվածների թիվը հասել է 1596-ի: Այս պահին բուժվում է 841 մարդ,  ապաքինվել է 728-ը, 27 պացիենտ մահացել է:

Սանկտ Պետերբուրգից չարտերային չվերթով հայրենիք է վերադարձել Հայաստանի ավելի քան 230 քաղաքացի։ Օդանավով Հայաստան են տեղափոխվում նաեւ ռուսական կողմից Հայաստանին փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու առաջին անհրաժեշտության պարագաները։ Մեր քաղաքացիներին ավիատոմսերով ապահովել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։

Հայաստանի ավելի քան 2 հազար քաղաքացի շարունակում է մնալ հերթագրված եւ ազգականների  մոտ կամ դեսպանության  տրամադրած կացարաններում սպասում է մեկնելու իր հերթին, Ֆեյսբուքում գրել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: Նա հիշեցրել է, որ այս ամսվա ընթացքում կազմակերպվել է 7 չարտերային չվերթ՝ ապահովելով մոտ 1500 քաղաքացու վերադարձը Հայաստան։

Հանրապետության տարածքում ապրիլի 25-ին շրջանների զգալի մասում  սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ և կարկուտ: Երեւանում եւս սպասվում են անձրև և ամպրոպ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +4+6, վաղը ցերեկը՝ +11+13:

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր