Վարչապետի մոտ քննարկվել է ԶՈՒ սննդի մատակարարման նոր ծրագրի ընթացքը - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

3/17/2020

Վարչապետի մոտ քննարկվել է ԶՈՒ սննդի մատակարարման նոր ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերում սննդի մատակարարման նոր կարգին վերաբերող հարցեր: Այդ մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Քննարկմանը մասնակցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանը, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը և ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավար կազմի պաշտոնատար անձինք, սննդի մատակարարման գործընթացում ներգրավված տեղական մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչները, պաշտոնատար այլ անձինք:


Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, այսօր հավաքվել ենք քննարկելու Զինված ուժերում սննդի մատակարարման նոր կարգին վերաբերող հարցերը: Հատկապես հիմա այս քննարկումն առավել կարևորվում է, որովհետև մենք ի սկզբանե այս ծրագիրը դիտարկել ենք որպես աջակցություն մեր ներքին շուկային, և մանավանդ այսօրվա ճգնաժամի պայմաններում շատ կարևոր է, որ մենք կարողանանք արդյունավետ շարունակել այս ծրագիրը, բայց նաև պատասխան ունենանք բոլոր հարցերին»:

Խորհրդակցությանն արծարծվել են ԶՈՒ-ում սննդի մատակարարման նոր կարգի ներդրման ընթացքին առնչվող հարցեր: Ներկայացվել են պիլոտային ծրագրի շրջանակում Պաշտպանության նախարարության, մասնավոր հատվածի կազմակերպությունների կողմից իրականացվող  աշխատանքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ ՊՎԾ կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Քննարկումը ծավալվել է, մասնավորապես, գործընթացի լիարժեք կազմակերպման արդյունավետ մեխանիզմների, ծառայությունների մատուցման ամբողջական շղթայի ձևավորման ուղղությամբ անելիքների, առկա խնդիրների և հետագա քայլերի շուրջ:

Վարչապետը նկատել է՝ պետության առաջնահերթություններից է Զինված ուժերին որակյալ սննդի մատակարարման արդյունավետ համակարգի ձևավորումը, և այս գործընթացը պետք է կազմակերպել առավելագույնս թափանցիկ՝ բացառելով որևէ չարաշահում: Հետագա անելիքների համատեքստում Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է գործընթացն իրականացնել մրցութային ընթացակարգերով՝ ընդգծելով, որ մրցույթների օրինականության և թափանցիկության առումով որևէ կասկած չպետք է լինի, և առկա խնդիրների լուծմանը պետք է ցուցաբերել համակարգային մոտեցում:

Կառավարության ղեկավարը ողջունել և կարևորել է փոխգործակցության մթնոլորտում աշխատանքների շարունակականությունը և տվել համապատասխան հանձնարարականներ:

Комментариев нет: