Հայաստան ժամանողներին մասնագետները հորդորում են հետևել ինքնամեկուսացման ցուցումներին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/14/2020

Հայաստան ժամանողներին մասնագետները հորդորում են հետևել ինքնամեկուսացման ցուցումներին


Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված է և մեկուսացված: Այս մասին նշել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

«Կոնտակտավորները մեկուսացվում են, նրանք գտնվում են 14-օրյա կարանտինի մեջ առանձին շինությունում: Սահմաններին խիստ վերահսկողությունը շարունակվում է: Արտերկրից ժամանողները սահմանային բոլոր անցման կետերում ջերմաչափվում են, խնդիրների դեպքում հոսպիտալացվում են համապատասխան բժշկական հաստատություններ: Եթե ախտանշանները բացակայում են, ապա մեկուսացվում են տան պայմաններում»,-ասաց Լիանա Թորոսյանը:

 Նա հորդորեց Հայաստան բոլոր վերադարձողներին ականջալուր լինել, հետամուտ լինել առողջապահական մարմինների խորհուրդներին:
«Ինքնամեկուսացում ասվածը ինքնանպատակ չէ, այն նախատեսված է տվյալ անձի առողջական վիճակի վերահսկողության ապահովման, ինչպես նաև միջավայրն առավել անվտանգ դարձնելու համար»,-ասաց Լիանա Թորոսյանը:

Նա ընդգծեց, որ հնարավոր բոլոր միջոցառումներն իրականացվում են թե՛ հնարավոր դեպքերն արագ հայտնաբերելու, թե՛ բժշկական օգնությունը պատշաճ կարգով կազմակերպելու համար:

Հայաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի 2 նոր դեպք: Այդ մասին մարտի 12-ին տեղեկացրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին»,-նշել է նախարարը:  Այսպիսով, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 8-ի:

Комментариев нет: